ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԱԿՆԱՐԿՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից իր հրաժարականը` Արտակ Զեյնալյանը երեկ ասել է. «Ես, գնահատելով հրապարակումները եւ տեղեկատվական հոսքերը, հանգել եմ այն եզրակացության, որ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեմ»: Միաժամանակ նա մեկնաբանել է. «Այն ամենը, ինչ գիտեք, եւ այն, ինչ շրջանառվել է, դա հանգեցրել է այդ եզրակացությանը։ Բնականաբար, նաեւ դժգոհությունները՝ անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ, հիմնավորված են, հիմնավորված չեն, ունեն գիտական հիմք, թե չունեն գիտական հիմք, այդ ամենը ուսումնասիրելով` ես նպատակահարմար եմ գտել ներկայացնել հրաժարականի դիմում»։ Զեյնալյանը նաեւ տեղեկացրել է, որ իր հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չի եղել, այլ տեղյակ է պահել մտադրության մասին: Այսպիսով, նկատենք, որ Արտակ Զեյնալյանը որոշել է իր հրաժարականի պատճառների մասին խոսել ակնարկներով՝ մատնանշելով «հրապարակումներն ու տեղեկատվական հոսքերը»: Եթե նա նկատի ունի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննադատությունները, արտահայտած դժգոհությունները, ապա, համաձայնեք, սա չպետք է հրաժարականի պատճառ դառնար, եթե ինքն, այնուամենայնիվ, վստահ է, որ ճիշտ է իր գործողություններում: Նախարարը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ, այլ իր ճշմարտացիության մեջ համոզեր գործընկերներին ու հանրությանը: Իսկ եթե կան այլ պատճառներ, ապա ցանկալի կլիներ, որ Զեյնալյանն այս ամենի մասին խոսեր բարձրաձայն:

 

 

 

Մամուլն օրերս գրեց, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի նկատմամբ, որը դեռ 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն` այդ նպատակով ստեղծված խմբի անդամների հետ ձեռք բերելով պայթուցիկ նյութեր եւ սարքեր: «Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ քրեական գործը հարուցվել է անձամբ Ստեփան Ս.-ի հաղորդման հիման վրա, այսինքն՝ տարիներ անց նա ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել: Բայց ամենաուշագրավը պետական գործիչն է, որին Արարատի մարզի բնակիչը պատրաստվել է սպանել, բայց հանցագործությունն ավարտին չի հասցրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` գործով հաղորդում տված անձը իրավապահներին հայտնել է, որ նախապատրաստել են սպանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ անգամ տվել են պատվիրատուի անունը:

 

 

 

Հայաստանի վերջին` երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել է: Ինչպես հայտնի է, այն նախատեսված էր 2015-2018 թվականների համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը: Ի դեպ, նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եւ հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը: Վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերի պակաս չի եղել, բայց նախկին իշխանությունների օրոք կոռուպցիան աներեւակայելի չափերի էր հարսել, եւ այս ամենը բացահայտվեց թավշյա հեղափոխությունից հետո: Ասել է թե` կոռուպցիայի դեմ պայքարի համար ոչ թե փաստաթղթեր են անհրաժեշտ, այլ իշխանությունների քաղաքական կամքը:

 

 

 

Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել, սակայն շատ ցածր տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 924.5 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամիս այն 6 մլրդ 899.4 մլն դոլար էր, իսկ տարեսկզբին՝ 6 մլրդ 922.9 մլն դոլար: Նկատենք, որ այս ընթացքում հիմնականում ավելացել է ՀՀ կառավարության պարտքը, որ կազմում է 6 մլրդ 379.8 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն մի փոքր պակաս էր՝ 6 մլրդ 372.9 մլն դոլար: Այս ամենին զուգահեռ, սակայն, նվազել է ՀՀ արտաքին պարտքը. եթե տարեսկզբին այն 4 մլրդ 982.8 մլն դոլար էր, ապա հիմա կազմում է 4 մլրդ 917.2 մլն դոլար. այսինքն՝ այս տարվա ընթացքում կառավարությունը չի ներգրավել նոր վարկային միջոցներ: Իսկ ՀՀ պետական պարտքն ավելացել է հիմնականում ներքին պարտքի հետեւանքով:

 

 

 

ԵԱՏՄ-Ի ՕԳՈՒՏՆԵՐԸ
ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներին կառավարությունը բավական երկայացուցչական կազմով մասնակցեց. ԱԺ էր եկել ե՛ւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ե՛ւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ե՛ւ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Սա, մի կողմից, խոսում է ԱԺ-ի նկատմամբ կառավարության վերաբերմունքի մասին, քանի որ նախկին իշխանությունների օրոք հազվադեպ կարելի էր խորհրդարանական լսումներին նախարարների տեսնել, մյուս կողմից` սա պայմանավորված էր խորհրդարանական լսումների առարկա դարձած թեմայով. ի վերջո, ԵԱՏՄ-ում այսօր նախագահում է Հայաստանը, ու ընդհանրապես, այդ միավորմանն անդամակցելիս հիմա պետք է փորձենք ստանալ առավելագույնը: Պատահական չէ, որ երեկվա լսումների ժամանակ եւս մշտապես շեշտվում էր ԵԱՏՄ հնարավորություններից օգտվելու մասին:
Օրինակ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսեց մասշտաբի էֆեկտի մասին` շեշտելով. «ԵԱՏՄ-ն նախեւառաջ մեզ համար մասշտաբի էֆեկտ է: Թե ոնց ենք մենք այդ մասշտաբի էֆեկտը կառավարելու, օգտվելու կամ չօգտվելու, հարց է, որ պետք է քննարկենք: Բայց եթե օգտվենք, վստահեցնում եմ, որ շատ լավ կլինի»:
ԵԱՏՄ հնարավորությունների, մասնավորապես` 180 միլիոնանոց շուկայի մասին շատ է խոսվել նաեւ նախկինում, սակայն պետք է խոստովանենք, որ այս ընթացքում այդ հնարավորություններից գրեթե չենք օգտվել: Պատճառները տարբեր էին, եւ առաջին հերթին` քաղաքական: Հիմա, իհարկե, Հայաստանում իրավիճակ է փոխվել, ու նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները կարող են իրենց հետեւանքներն ունենալ տնտեսական վիճակի վրա, քանի որ մինչեւ հիմա Հայաստանի տնտեսական դաշտի խնդիրները հենց քաղաքական իրավիճակի հետեւանք են եղել: Այնպես որ, փոխվարչապետը միանգամայն ճիշտ է, երբ ասում է թե ԵԱՏՄ-ում մասշտաբի էֆեկտից օգտվելիս արդյունքները կարող են շատ լավը լինել, առավել եւս հիմա, երբ ԵԱՏՄ-ն համաձայնագիր ունի Հայաստանի անմիջական հարեւաններից Իրանի հետ /մինչդեռ հիշեցնենք` նույն ԵԱՏՄ անդամ երկրների հետ չունենք անմիջական ցամաքային կապ, եւ շատ խնդիրներ նաեւ հենց դրա հետեւանք են/: Բացի այդ, ԵԱՏՄ-ն բանակցում է Եգիպտոսի ու Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:
Մեկ փաստ էլ. երեկվա լսումների ժամանակ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը չի խանգարում ՀՀ-ԵՄ համաձայնագրով մեր երկրի ստանձնած պարտավորություններին: Սա եւս կարեւոր է, եթե հաշվի առնենք, թե ՀՀ համար ինչ կարեւորություն ունի նաեւ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը, հատկապես` քաղաքական առումով:




Լրահոս