ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՀՎԱԾՔՆ ՈՒ ՔՊ-Ի ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ համայնքապետի ընտրություններ, որի ժամանակ վերընտրվեց քաղաքապետ Վահագն Գեւորգյանը: Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների` քվեարկելու իրավունք ունեցող 44519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18176-ը կամ 40.83 տոկոսը: Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանը ստացել է 8453 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը` 8058: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, որը ստացել է 731 ձայն, Մանուկ Մկրտչյանը` 435 ձայն, իսկ Արթուր Ղազարյանը` 139 ձայն:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ` պարզելու համար` արդյոք այդ պարտությունը իշխանությունների սխալի հետեւանքն է:
-Պարո՛ն Սիմիդյան, Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, փաստորեն, ՔՊ-ն պարտվեց: Ըստ Ձեզ` ինչի՞ հետեւանք է այս ամենը, ինչո՞ւ պարտվեց իշխանությունը:
-Պարտվեց, որովհետեւ մեր թեկնածուին 400 ձայն պակասեց հաղթելու համար:
-Բայց ինչո՞ւ լավ չէիք աշխատել, որ այդքան քաղաքացի իր ձայնը տվեց գործող քաղաքապետին:
-Դա արդեն վերլուծելու հարց է, պետք է վերլուծենք, քննարկենք. հիմա այսպես միանգամից գնահատական չեմ կարող տալ:
-Գուցե Ձեր թեկնածուն «թույլ» էր, ու ավելի շատ շանսեր ուներ գործող քաղաքապե՞տը:
-Դա նորից վերլուծելու հարց է, հասկանանք: Այսինքն` ամեն մի քաղաքական իրադարձություն, որ լինում է, պետք է վերլուծենք, հասկանանք, թերությունները հասկանանք, առավելությունները գնահատենք:
-Տեսակետ կա, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը սատարում էր Վահագն Գեւորգյանին, կարողացել է ինչ-որ հատվածի վրա ճնշում գործադրել: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Դա իրավապահ մարմինների գործառույթն է. եթե նման բան կա, ապա իրավապահ մարմինները պարտավոր են, եթե նման անհանգստություններ կան, նման տեղեկություններ կան, ճշտել ու մեզ բոլորիս իրազեկել` արդյոք կա նման բան, թե ոչ:
-Պարո՛ն Սիմիդյան, այս պարտությունը տեղակա՞ն իշխանությունների, թե՞ հենց իշխանությունների պարտությունն է. արդյոք ժողովուրդն այլեւս չի՞ վստահում Ձեր իշխանություններին:
-Գիտեք, համապետական ընտրությունները միշտ այլ տրամաբանությամբ են եղել, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները` այլ տրամաբանությամբ: Այսինքն` խորհրդարանական ընտրություններում մենք, օրինակ, Կապանում պարտվել ենք, հետո եղել է խորհրդարանական ընտրություն, մենք հաղթել ենք: Ես կարծում եմ, որ սա պետք է ֆիքսել, դրանից այսպես ապոկալիպտիկ հետեւություններ չանել: Այո, ընտրություններում մեր թեկնածուն շատ քիչ տարբերությամբ պարտություն է կրել, մենք էլ` որպես քաղաքական ուժ, կվերլուծենք, կքննարկենք, կհասկանանք, թե որտեղ էր մեր թերությունը, սխալը կամ խնդիրը:
-Դուք ինչպե՞ս եք գնահատում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պահվածքը ընտրությունների ժամանակ. ինչո՞ւ էր մարզպետն այդպես խուճապի մատնվել: Ձեր կուսակցականի վարքը դո՞ւր է գալիս Ձեզ:
-Ի՞նչ պահվածք:
-Դուք չե՞ք նկատել իր ագրեսիվ պահվածքը թե՛ լրագրողների, թե՛ բոլորի նկատմամբ, ովքեր դրական էին արտահայտվում Վահագն Գեւորգյանի հասցեին. նույնիսկ արդեն համեմատում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին եւ Ռոմանոս Պետրոսյանին: Չե՞ք պատրաստվում մարզպետին նկատողություն տալ իր վարքի համար:
-Կարծում եմ` իմ գործընկերները, իմ ընկերները, իմ թիմակիցները, այո, ապօրինությունների հանդեպ անհանդուրժող են, եւ դա վրդովվմունք է առաջացնում, եւ կարծում եմ, որ սա յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է այդպես լինի: Յուրաքանչյուր անօրինականություն պետք է նաեւ մարդկային վերաբերմունքի արժանանա, եւ մարզպետը ֆիքսել էր, որ որեւէ գործընթաց կա, որ օրենքի սահմաններից դուրս է, արտահայտում էր իր կարծիքը:
-Այսինքն` Աբովյանի փողոցներում շրջելը, ագրեսիվ վարքագիծ դրսեւորելը մարզպետի հիմնական «գո՞րծն» եք համարում, այլ գործառույթներ չունի՞ մարզպետը: Նորմա՞լ է ՔՊ-ն գնահատում մարզպետի պահվածքը:
-Դա քաղաքացու անելիքն է, այսինքն` յուրաքանչյուր քաղաքացի ապօրինություն տեսնելու դեպքում պետք է խոսի դրա մասին: Ասեք` ինչն էր այդտեղ աննորմալ: Ես չեմ կարծում, որ այդպես է, ես Ռոմանոս Պետրոսյանին ճանաչում եմ շատ վաղուց, պարկեշտ անձնավորություն է, եւ չգիտեմ, ապօրինություն ֆիքսելու դեպքում, հնարավոր է, էմոցիոնալ խոսք է ասվել: Բայց նախկինների հետ համեմատություններ տանելը դա առիթ չի տալիս. լրագրողները պետք է սովորեն, որ մեզ չպետք է համեմատեն նախկինների հետ:
-Իսկ գուցե Ձեր մարզպետին էլ հորդորեք, որպեսզի իրեն չպահի նախկին իշխանությունների վարքագծի նման:
-Այսինքն` եթե մարդը որեւէ էմոցիոնալ խոսք է ասում, դա արդեն նախկին իշխանությունների հետ համեմատություն է պետք տանել. իհարկե, ոչ. սա սխալ մոտեցում է:
-Պատժելո՞ւ եք մարզպետին, պաշտոնանկություն սպասվո՞ւմ է:
-Ինչի՞ համար. ես կարող եմ անձնական կարծիք հայտնել, բայց հիմա կխուսափեմ: Եթե նման հարց առաջանա, քաղաքական թիմը կքննարկի այդ հարցը:

 

 

 

 

ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հունիսի 13-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում է ունենալու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Գրիգորյանի հետ հանդիպումից հետո արդեն պետք է իշխանական պատգամավորները որոշում կայացնեն` արդյոք պատրաստվում են կողմ քվեարկել նրան, թե ոչ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ` պարզելու համար, թե ինչ դիրքորոշում կա խմբակցությունում:
-Պարո՛ն Բոշյան, ի՞նչ դիրքորոշում կա` Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված, որովհետեւ արդեն նշվում է, որ Գրիգորյանը իշխանությունների համար ցանկալի թեկնածու է. կա՞ իրականում նման բան:
-Հանդիպելու ենք թեկնածուի հետ, անպայման հարցեր կլինեն` թե՛ իրավական, թե՛ թեկնածուի անցած ճանապարհի վերաբերյալ: Թեկնածուին ներկայացնում է նախագահը. իրեն ո՛չ կարելի է ասել իշխանական, ո՛չ ընդդիմադիր թեկնածու, քանի որ Սահմանադրական դատարանի թեկնածու է լինելու:
-Տպավորություն է, որ իշխանությունը, դեմ քվեարկելով բոլոր նախկին թեկնածուներին, ամեն գնով նպատակ ունի անցկացնել Վահե Գրիգորյանին. նման մտադրություն ունե՞ք:
-Մեր խմբակցությունը ունի պատկերացում ընդհանուր դատական համակարգի վերաբերյալ. մենք կհանդիպենք թեկնածուի հետ, մեր հարցերը անպայման կուղղենք: Եթե թեկնածուն բավարարի մեր պահանջներին, կլինի մեր թեկնածուն, եթե ոչ, ուրեմն չի լինելու: Ես կարծում եմ, որ մեր խմբակցության հարցերին պատասխանելուց հետո, մեր պատկերացումներին բավարար պատասխանելուց հետո պարոն Գրիգորյանը կարող է լինել մեր թեկնածուն:

Հ.Գ. Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հայտարարել է, թե Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնելու ժամանակ նշվել են նաեւ դրդապատճառները. «Հստակ նշված է, որ այս երկրում չկան շատ անհատ իրավաբաններ, որ կարող են հավակնել այդ պաշտոնին, հետեւաբար եղած շրջանակից ներկայացվել է Վահե Գրիգորյանը»:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ ՉԵԿԱՎ

Ինչպես հայտնի է, ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները, եւ դեռ ավելին` գրել էինք, որ իշխանության ներսում խնդիր է դրված, որ բյուջեի կատարողականն ԱԺ-ում ներկայացնեն միայն առաջին դեմքերը` նախարարները, վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները: Սակայն նկատենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չէր եկել ԱԺ ներկայացնելու իր ղեկավարած կառույցին 2018թ. պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսերի կատարողականը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչու Արթուր Դավթյանը անձամբ չէր եկել Ազգային ժողով: Ի պատասխան` վերջինս ասաց. «ՀՀ գլխավոր դատախազը նոր է ԱԺ-ում համապարփակ ներկայացրել ՀՀ դատախազության 2018թ. գործունեության հաղորդումը: Հիմա ԱԺ-ում քննարկվում է 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որի շրջանակում ՀՀ դատախազության ֆիանանսաբյուջետային գործունեության կատարողականը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարը, ով, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, հանդիսանում է բյուջետային ծախսերի վերաբերյալ դատախազության դիրքորոշումն Ազգային ժողովում ներկայացնողը»: Ասել է թե` օրենքը առաջ քաշելով` Արթուր Դավթյանը խուսափեց ԱԺ-ում ներկայացնել բյուջեի կատարողականը:

 

 

 

 

ԵՐԿՐՈՐԴ

Երեկ խորհրդարանում ավարտվեցին հունիսի 7-ին գումարված արտահերթ նիստի աշխատանքները` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելով 24-ժամյա ռեժիմով քննարկված մի քանի նախագծեր: Իսկ, ահա, կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի փաթեթը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի արդեն հերթական քառօրյայի ժամանակ, որը մեկնարկելու է հունիսի 18-ին: Նշենք, որ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում եկամտային հարկը կդառնա 20 տոկոս` նախկին 23.28 եւ 36 տոկոսի փոխարեն, շահութահարկը կդառնա 18 տոկոս` նախկին 20 տոկոսի փոխարեն, շրջանառության հարկի շեմը 58-ից կդառնա 115 մլն դրամ եւ այլն: Հավելենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել է 72 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ: Բոլոր դեմ քվեարկողները եղել են ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունում եղել են մարդիկ, որոնք չեն մասնակցել այդ փաթեթի քվեարկությանը: Նրանց թվում են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Հայկ Սարգսյանը, Վաղարշակ Հակոբյանը եւ այլք. չքվեարկողներ են եղել նաեւ ընդդիմադիրների թվում` Կարինե Պողոսյանը, Վարդան Վարդանյանը, Հրանտ Մադաթյանը եւ այլք:




Լրահոս