ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի սպանությունների վերաբերյալ առաջիկայում ՀՔԾ-ում քննվող քրեական գործով այլ ձերբակալություններ կլինեն: Սակայն երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով այդ հարցին, հայտնեց. «Ես չեմ կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ»:

Երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով «Մարտի 1»-ի քրեական գործի առանձնացված մասի ու դրանով անցնող այլ հնարավոր մեղադրյալներին, ասաց. «Թե ինչ կարգավիճակով կհարցաքննվեն, երբ կհարցաքննվեն, այդ հարցերին խնդրում եմ չպատասխանել»:
Անդրադառնալով նույն գործի առանձնացված մասով ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին առաջադրված սպանության մեղադրանքին` Խաչատրյանը նշեց. «Դուք էլ համոզվեցիք, որ սպանության հետ կապված աշխատանքները շարունակվում են ակտիվ: Ես չեմ կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ»:
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության համար, եւ նա կալանավորված է:
Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:
Ի դեպ, ՀՔԾ պետը նկատեց, որ «Մարտի 1»-ի քրեական գործի նախաքննության ընթացքում բարդություններ կան. ի վերջո, տասը տարի է անցել, ինչի ընթացքում բազմաթիվ իրեղեն ապացույցներ են կեղծվել. «Բայց ես լավատես եմ, մեր ամբողջ ծառայությունը լավատես է, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը «Մարտի 1»-ի քրեական գործի եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս օրերին իրավապահ համակարգում քննարկումներ են ընթանում ՀՔԾ-ի հնարավոր լուծարման մասին. առաջարկվել է ստեղծել հակակոռուպցիոն մարմին ու Հատուկ քննչական ծառայությունը լուծարել, եւ, ասում են, վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո Դուք չեք լինի ղեկավար:
-Անկեղծ եմ ասում` ես տեղյակ չեմ:
-Հայտնի պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել, սակայն նախաքննական մարմինը նրանց կա՛մ չի կարողանում գտնել, կա՛մ չի կարողանում բերել Հայաստան: Դուք Ձեր մտերիմների շրջապատում անգամ հայտնել եք, որ ներքին արտահոսք է լինում նախաքննական մարմնից: Դա՞ է պատճառը, որ հայտնի պաշտոնյաները իմանում են ու հասցնում են երկրից փախչել:
-Մենք հերքեցինք դա, ես դա չեմ կարող կապել արտահոսքի հետ: Մենք չենք կարող անձի տեղաշարժ արգելափակել միայն այն պատճառով, որ քրեական գործ է քննվում մեղադրանքի հետ կապված: Մենք միայն տեղաշարժը կարող ենք արգելափակել դատարանի միջոցով, իսկ խափանման միջոց ընտրվում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ. ինչպես նոր ասեց քիչ առաջ, որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը ապացույցների համակցությունն է, կասկածյալ ներգրավելու հիմքը այդ հանցանքը կատարող որոշակի տվյալներ պետք է լինեն: Մենք չենք կարող քրեական գործի առկայության պայմաններում արգելափակել նրա ելքը:
-ԴԱՀԿ նախկին պետի դեմ դեռեւս 2016 թվականից քրեական գործ կա, որը կարճվեց, իսկ հեղափոխությունից հետո` մի քանի ամիս անց, նախաքննական մարմինը հայտնեց, որ քրեական գործը բացվել է, եւ որոշ ժամանակ անց արդեն Միհրան Պողոսյանը ներգրավվեց որպես մեղադրյալ: Այսինքն` նախաքննական մարմինն այդ ընթացքում չէ՞ր կարող քայլեր իրականացնել Միհրան Պողոսյանի` Հայաստանը լքելու հնարավորությունը արգելափակելու ուղղությամբ, որ հիմա չնստեր սպասեր՝ ՌԴ-ն կարտահանձնի, թե չի արտահանձնի:
-Մինչեւ մեղադրյալ կամ կասկածյալ չներգրավենք, չենք կարող արգելափակել նրա ելքը: Ու ոչ միայն նրան, այլեւ ցանկացած անձի չենք կարող արգելափակել:
-Սահմանադրական կարգի տապալման հոդվածը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից անընդունելի է ճանաչվել 2008 թվականից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի եւ մյուս անձանց վրա էր այդ քրեական գործը հարուցվել: Հիմա այստեղ հարց է առաջանում՝ այդ մերժված հոդվածը առաջադրվել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում էլի պարտվե՞նք:
-Չի հանվել, Ձեր հարցի մեջ արդեն անճշտություն կա: Նախկին խմբագրմամբ այդ հոդվածը նախատեսում էր իշխանության յուրացում, այդպես էր կոչվում, որը նախատեսում էր իր մեջ իշխանության յուրացման տարատեսակներից, եւ նշում էր նա սահմանադրական կարգի տապալումը, որը հետագայում ավելի հստակեցվեց, թե ինչ է նշանակում այդ սահմանադրական կարգի տապալումը, եւ նախատեսվեց առանձին հոդվածով: Դա ես մի քանի անգամ ասել եմ որոշ իրավաբանների:
-Այսինքն` եթե գործը գնաց ՄԻԵԴ, սահմանադրական կարգը տապալելու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում չե՞նք պարտվի:
-Ո՛չ, մեղադրանքը հիմնավոր է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

Ո՞Ր ԳՈՐԾՉԻՆ ԵՆ ՑԱՆԿԱՑԵԼ ՍՊԱՆԵԼ
Օրերս մամուլը հրապարակեց այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր օր-ի 35-305 հոդվածի, 235 հոդվածի 2-րդ մասի եւ 236 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հրապարակվել էր մամուլում, նշված քրեական գործը հարուցվել էր Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի նկատմամբ, որը դեռ 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն, որի համար ստեղծված խմբի անդամների հետ ձեռք է բերել պայթուցիկ նյութեր եւ սարքեր, սակայն Ստեփան Ս.-ն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
«Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ քրեական գործը հարուցվել է անձամբ Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի հաղորդման հիման վրա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս դիմել է իրավապահներին ու մանրամասներ պատմել, թե տարիներ առաջ ինչպես են իրեն պատվիրել, եւ ինչպես է ինքը նախապատրաստել ՀՀ պետական գործչի սպանությունը: Արդյունքում, Ազգային անվտանգության ծառայությունում, Արարատի բնակչի հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ: Իսկ հիմա ամենագլխավորի մասին. ո՞վ է եղել այն պետական պաշտոնյան, որին, ըստ էության, ցանկացել են սպանել ու նախապատրաստել այդ գործը: Մեզ հասած տեղեկություններով` գործով հաղորդում տված անձը իրավապահներին հայտնել է, որ նախապատրաստել են սպանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ անգամ տվել են պատվիրատուի անունը:
Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն` այս քրեական գործով շոշափվում է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի անունը: Ինչ կպարզեն իրավապահները, սպասենք քննության արդյունքներին, սակայն նկատենք, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Ուշագրավն այն է, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը կապ ունի այս իրավիճակի հետ: Մասնավորապես, նա իշխանական նեղ շրջանակներում կարծիք է հայտնել, որ Սպարապետի ընտանիքի անդամներից մեկի մասով քրեական գործ են քննում, ինչն անընդունելի է իր համար, եւ իր հրաժարականի դիմումների պատճառներից մեկն էլ հենց այդ հանգամանքն է: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ տեղեկությունը փորձեց անձամբ պարզել Արտակ Զեյնալյանից, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ նամակին:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանության համար դիմեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արմեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին` պարզելու համար, թե արդյոք ինքը տեղյակ է այդ քրեական գործից, որտեղ շոշափվում է իր եղբոր անունը: Ի պատասխան` վերջինս ասաց. «Ես Ձեզանից եմ լսում եւ ոչինչ մեկնաբանել չեմ կարող»:

Ք. Մ.

 

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐ ԸՆՏՐՎԵՑԻՆ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Հունիսի 9-ին Հայաստանի 8 մարզերի 15 համայնքներում տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքների մեծ մասում ընտրությունները արտահերթ են եղել, քանի որ գյուղապետերը հրաժարական էին տվել թավշյա հեղափոխությունից հետո բնակիչների պահանջով: Նկատենք, որ ընտրված գյուղապետերի գերակշիռ մասն անկուսակցական է: Նրանցից միայն 3-ը ՔՊ-ական են, 1-ը` ԲՀԿ-ական, 1-ն էլ` ՀՅԴ-ական: Թե ընտրվելուց հետո կանդամակցեն ՔՊ-ին կամ մեկ այլ կուսակցության, ցույց կտա ժամանակը: Օրինակ` Արարատի մարզի Սիս գյուղում առաջադրված երեք թեկնածուներից գյուղապետ է ընտրվել անկուսակցական Հայկ Մելքոնյանը: Սիսի նախկին գյուղապետ Արմեն Եղյանը հրաժարական էր ներկայացրել: Նա պատրաստվում է զբաղվել շինանյութի վաճառքով:
Նշենք, որ Ապագայի նախկին գյուղապետ Արտաշես Բարսեղյանը փետրվարի 28-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նա արտագաղթել է ԱՄՆ: Ապագայի գյուղապետի պաշտոնի համար ընտրվել է անկուսակցական Պետրոս Ավագյանը: Նորակերտը նոր գյուղապետ ունի` Արման Պետրոսյանը: Նախկին գյուղապետ Շահեն Կարապետյանը եւս հրաժարականի դիմում էր ներկայացրել համագյուղացիների պահանջով:
Իսկ, ահա, Վարդանաշենում անհատ ձեռնարկատեր Միհրան Հովհաննիսյանն է գյուղապետ ընտրվել: Վարդանաշենի նախկին գյուղապետ Արթուր Մանուկյանն էլ է Հայաստանից մեկնել: ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանի գործելաոճից գյուղի բնակիչները դժգոհում էին, բայց այս տարվա փետրվարի 17-ին այս համայնքում տեղի էին ունեցել գյուղապետի արտահերթ ընտրություններ, եւ նա, հավաքելով բավարար ձայներ, վերընտրվել էր գյուղապետի պաշտոնում:
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտում ընտրությունները թեժ են անցել. առաջադրվել են 6 թեկնածու, 6-ն էլ` անկուսակցական: Վերընտրվել է գործող գյուղապետը` Վարդան Պողոսյանը (ըստ մարզպետարանի պաշտոնական կայքէջի` ՀՀԿ-ական է): Ծովասարում եւս գործող գյուղապետն է վերընտրվել: Լոռու մարզի Ղուրսալիում գործող գյուղապետ Մհեր Մինասյանը վերընտրվել է: Շենավանում գյուղապետի համար ինքնաառաջադրվել էին երեք թեկնածու` գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Նարեկ Աբրահամյանը, համայնքի ղեկավարի ՔՊ-ական ԺՊ Անդրանիկ Դունամալյանը եւ գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը, որն էլ ընտրվել է այդ պաշտոնում: Ասել է թե` ՔՊ-ական թեկնածուն 40 ձայնով պարտվել է:
Իսկ, ահա, Քարաձորում ՔՊ-ական թեկնածուն է հաղթել՝ Հրանուշ Ռոստոմյանը: Ընտրություններն ամենաթեժը, սակայն, Աբովյան քաղաքում էին: Առաջադրվել էր 5 թեկնածու, բայց պայքարը հիմնականում ընթանում էր գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի եւ մարզպետարանի աշխատող ՔՊ-ական Գրիգոր Գուլյանի միջեւ: Նշենք, որ Վահագն Գեւորգյանը հավաքել էր 8453 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը` 8058 ձայն: Սա երկրորդ համայնքն է, որտեղ ՔՊ-ական թեկնածուն պարտվել է: Իսկ, ահա, Գետարգել գյուղում վերընտրվել է ԲՀԿ-ական գյուղապետ Արսեն Կարապետյանը` հավաքելով 201 ձայն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս