ԽԱՂՈՂԻ ՔԱՂՑԿԵՂԸ` ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակչուհի Ռիմա Դավթյանն ունի մեկ հեկտար խաղողի այգի: Նրա խոսքով` կա մի հիվանդություն, որը բնակիչների շրջանում հայտնի է որպես «խաղողի քաղցկեղ»: Այն խիստ անհանգստացնում է իրենց գյուղի բնակչությանը, քանի որ Արեւիկում մարդիկ հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ:
Մեր այն հարցին` ինչ միջոցներով եք պայքարում այդ հիվանդության դեմ, խաղողագործն ասաց, որ պայքարի միջոց չկա: Ի դեպ, նրա այգին եւս տուժել է այդ հիվանդությունից, ինչի պատճառով էլ Ռիմա Դավթյանն իր այգուց նախորդ տարի հավաքել է 4 տոննա խաղող` 25 տոննայի դիմաց: Բացի այս, արեւիկցի խաղողագործը իրացման խնդիր ունի:
«Առաջինը բնությունն է խանգարում` կարկուտը, ցրտերը, հետո` հիվանդությունը: Կա մի հիվանդություն, որ նախարարություններն էլ չեն կարողանում դրա դեմ պայքարել: Խոսքը խաղողի քաղցկեղի մասին է. որդնում է ու հաջորդ տարի չորանում է: Դրանից հետո կտրում ենք: Մենք տուժել ենք, մեծ մասը կտրել ենք, բերքատու թեւերն ենք կտրել: Բայց կան երիտասարդ որթեր, որոնք, իբր, պետք է նոր բերք տային, բայց արդեն այդ հիվանդությամբ հիվանդացած են»,- պատմեց Ռիմա Դավթյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչպես են բնակիչները պայքարելու այդ հիվանդության դեմ, խաղողագործն ասաց. «Ասում են` այդ հիվանդության դեմ պայքար չկա: Մնացած հիվանդությունների դեպքերում մենք արդեն ընտելացել ենք եւ գիտենք, թե ինչ բուժանյութեր բերենք: Դրանց դեմ մենք արդեն աչքներս փակած գիտենք` ինչ բուժում պետք է արվի»:
Խաղողագործից հետաքրքրվեցինք, թե նախորդ տարի որքան բերք է հավաքել. «Նախորդ տարի հիվանդությունն ընկավ, չկարողացա 1 հա-ից 25 տոննա խաղող հավաքել: Ընդամենը 4 տոննա խաղող հավաքվեց: Ցուրտը, կարկուտը, հիվանդությունը վնասեցին, դրա համար այդքան քիչ հավաքեցինք»:
Բացի այս, պարզվում է, որ արեւիկցի խաղողագործն իրացման հետ կապված խնդիրներ ունի: «Ճիշտ է, մեր գյուղի խաղողը գործարարները դուրս են տանում ու վաճառում, բայց դրսի շուկաներում էլ լճանում է, հետո հրաժարվում են, չեն տանում, մենք էլ հայտնվում ենք անելանելի վիճակում»,- նկատեց խաղողագործը:
Նշենք, որ Ռիմա Դավթյանը չի կարող վերամշակող ընկերությանը վաճառել ունեցած խաղողը, որովհետեւ այն տեխնիկական սորտի չէ, այլ սեղանի է: Բացի այս, պարզվում է, որ նախորդ տարի կարկուտից տուժել է արեւիկցի խաղողագործ Ռիմա Դավթյանի այգին, սակայն վերջինս այդպես էլ փոխհատուցում չի ստացել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս