ԱՐՑԱԽԻՆ ՀԱՆԳԻ՛ՍՏ ԹՈՂԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ հետհեղափոխական Հայաստանում առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախ, օրվա տպավորություններով Արցախի իշխանությունները միմյանց հետ զրուցելիս ասել էին, թե առաջին անգամ իրենց զգացին իբրեւ երկրի ղեկավարներ: Սա, բնականաբար, չէր կարող դուր գալ նախկին իշխանություններին, դրա համար էլ արվեց հնարավորը Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների ղեկավարներին միմյանց դեմ լարելու համար: Լարվածությունն, իհարկե, ժամանակի ընթացքում տարբեր դրսեւորումներ ունեցավ, եւ բանն այնտեղ հասավ, որ երկու հանրապետությունների առաջնորդները սկսեցին միմյանց հետ խոսել հրապարակավ՝ հայտարարություններով: Այս երեւույթը մտահոգել է նաեւ արցախցիներին, որտեղ եւս երկփեղկվածություն է. մի մասը խմբվել է նախկին իշխանությունների շուրջ, մի մասն էլ՝ նոր: Եւ որպեսզի բալանս պահվի, Բակո Սահակյանը երեկ մի շարք պաշտոնանկություններ ու փոխատեղումներ է արել: Վիտալի Բալասանյանը, որը համարվում է նախկին իշխանությունների կողմնակիցը, ազատվել է Արցախի ԱԽՔ-ի պաշտոնից, իսկ Արթուր Աղաբեկյանը, որը Արցախի նախկին վարչապետ Արա Հարությունյանի (Նիկոլ Փաշինյանի` Արցախի նախագահի նախընտրելի թեկնածու) կողմնակիցն է, եւս ազատվել է Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից: Այսպիսով, Արցախի նախագահ Բակո Սահակյանը փորձել է բոլոր կողմերին ցույց տալ, որ անկաշկանդ է գործում, եւ հին ու նոր իշխանությունները չեն կարող ազդել իր որոշումների վրա: Մնում է՝ իրապես բոլոր կողմերը գիտակցեն իրավիճակի լրջությունը եւ մի կողմ դնելով իրենց զգացմունքներն ու վերլուծությունները` հանդես գան միասնականության դիրքերից: Արցախն ու Հայաստանը անբաժանելի են:

 

 

 

 

Ընթացիկ տարվա մարտի 6-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրել էր ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումների: Այդ հայտարարությունից 3 ամիս է անցել, սակայն այս ընթացքում անգամ չի ձեւավորվել պաշտոնական աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հանգստյան օրերին մի քննարկում է եղել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով, որը կազմակերպած է եղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը: Մենք տեղեկացանք, սակայն, որ երկու օր տեւած քննարկումներին մասնակցել են միայն իշխող ուժի պատգամավորները եւ Կարեն Սիմոնյանը` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: ԲՀԿ-ից որեւէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը. թերեւս նրանք զբաղված են եղել Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններով:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին մեծ աժիոտաժ է տիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Բանն այն է, որ շաբաթ օրը տեղի է ունենալու ՔՊ արտահերթ համագումարը, ու կուսակցությունում քննարկում են համագումարին վերաբերող հարցերը: Ըստ մեր տեղեկությունների` կուսակցությունում հակված չեն այդ օրը այլ կուսակցությունների հրավիրել. մի հատվածը կարծում է, որ պետք չէ որեւէ այլ կուսակցության ներկայացուցիչ ներկա լինի իրենց կուսակցաշինությանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից պարզել` արդյոք այլ կուսակցականներ մասնակցելու են համագումարին: Պատգամավորն ասաց. «Մինչեւ այս պահը հրավեր չի եղել որեւէ կուսակցության»:

 

 

 

 

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում սկսված անհաշտություններն ու փոփոխությունները դեռ շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարականի դիմում ներկայացնի: «Ժողովուրդ» օրաթերթը ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանից հետաքրքրվեց` արդյոք ԲԴԽ անդամների հետ ունեցած լարվածության վախից առաջիկայում հրաժարական կներկայացնի: «Հայկ Հովհաննիսյանը ոչնչից չի վախենում իր կյանքում եւ ոչ մի դժվարությունից չի ընկրկում ընդհանրապես: Իսկ եթե մի օր որոշեմ հրաժարական տալ, այդ մասին օր առաջ անձամբ Դուք կիմանաք. հիմա չկա նման տրամադրվածություն, հիմա կա բեղուն աշխատանք»,- վստահեցրեց Հովհաննիսյանը:

 

 

 

 

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՆ
Երեկ համացանցը ողողված էր տեղեկությամբ, թե քրեական գործ է հարուցվել նախկին երկու պաշտոնյաների նկատմամբ: Խոսքը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի եւ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մասին է: Ըստ այդմ, քրեական գործը վերաբերում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: «Քրեական գործի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում` Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն արդեն վերականգնվել է»,- նշված էր համացանցում պտտվող տեղեկության մեջ: Իհարկե, հատկապես նոր Հայաստանում զարմանալի ոչինչ չկա տեղեկության մեջ, որ որեւէ նախկին պաշտոնյա մեղադրվում է այս կամ այն հանցանքի համար: Սերգո Կարապետյանի արարքների մասին մենք բազում հրապարակումներով ենք հանդես եկել: Այստեղ տարակուսելին այն էր, որ տեղեկությունը որեւէ կերպ չի մեկնաբանել Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը: Ինչո՞ւ. դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, իրավապահները դառնում են քչախոս, մի տեսակ կաշկանդված: Ու սա այն դեպքում, երբ նախկին իշխանության մեջ եղած ամենակոռումպացված չինովնիկի համբավն ունեցել է հենց Գագիկ Խաչատրյանը. ամենահարուստ չինովնիկը, որն իր ունեցվածքը դիզել է պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին զուգահեռ, դարձյալ եղել է Գագիկ Խաչատրյանը: Գործարարները, որոնք բողոքում էին անհավասար բիզնես միջավայրից, հարկային-մաքսային վարչարարության կոպիտ միջամտություններից, հենց Գագիկ Խաչատրյանին էին մատնանշում՝ պնդելով, որ Խաչատրյանն իրենց հետ վերաբերվում է ոչ թե իբրեւ պետության ներկայացուցիչ, այլ բիզնես մրցակից: Իսկ մրցակցությունն էլ Խաչատրյանը ապահովում էր կատաղի մեթոդներով: Իհարկե, այսպես երկար կարելի է թվարկել, թե ովքեր ինչ դժգոհություններ են հայտնել նախկին ՊԵԿ նախագահից, ընդ որում՝ առարկայական, սակայն այսօր նրա «անձեռնմխելի» կարգավիճակը բազում հարցականներ է առաջացնում: Ո՞վ է Գագիկ Խաչատրյանին փորձում փրկել Նիկոլ Փաշինյանից. հարց, որի պատասխանը հանրային լայն շրջանակների հետաքրքրության դաշտում է շարունակում մնալ:




Լրահոս