«ՊՐԻՍՏԻԺԻ» ՀԱՄԱՐ ՉԻ ԸՆԴԳՐԿՎԵԼ ՔՊ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցական առանցքային ծրագրում որեւէ փոփոխություն չի կատարվել, ու դա կներկայացվի նաեւ ՔՊ առաջիկա արտահերթ համագումարի ժամանակ:

-Պարո՛ն Ուլիխանյան, Դուք եւս ինքնաառաջադրվել եք` որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի թեկնածու. ի՞նչ հույսեր ունեք, արդյոք պատվիրակները կընտրե՞ն Ձեզ, ի՞նչ ծրագիր եք պատրաստվում ներկայացնել Ձեր կուսակցական ընկերներին, որպեսզի Ձեզ ընտրեն վարչության անդամ:
-Հստակ ծրագիր ունեմ: Մի բան կարող եմ հստակ ասել, որ ես չգիտեմ` ինչ է նշանակում լինել ուղղակի կուսակցական։ Ես ունեմ անցած ճանապարհ, ես կուսակցության հիմնադիր անդամ եմ, ես անդամակցել եմ նաեւ այն ժամանակ, երբ դեռ կուսակցություն չէինք դարձել, այն ժամանակ կոչվում էր «Հանրային քաղաքական միավորում» «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ես ոչ միայն դրա ակունքներում գտնվելն եմ համարում մեծ առավելություն, այլ նաեւ այդ արժեքների իրական կրողն եմ, եւ, այո, ես մեծ նշանակություն եմ տալիս, թե մարդը միացել է ընդդիմադիր կուսակցությանը, թե այսօր արդեն իշխանության մեջ գտնվող կուսակցությանը։ Դա ինձ համար առանցքային խնդիր է։ Սովորաբար մարդիկ կուսակցականացվում են որոշակի նպատակներով։ Եթե դու նպատակ ունես ապագայում գալ իշխանության եւ որոշակի քո ծրագրերը, քո ներդրումը ունենաս պետականաշինության մեջ, դու պետք է այդ պահին ընտրություն կայացնես` կա՛մ արդեն գոյություն ունեցող կուցակցությունների մեջ ներգրավվես, կա՛մ որոշես, որ այդ կուսակցությունները որեւէ կերպ չեն բավարարում քո արժեքային համակարգին, եւ ֆիզիկապես հնարավոր չի գտնվես այդ մարդկանց միջավայրում եւ այդ դեպքում որոշում կայացնես անդամակցել նոր ստեղծվելիք ուժին, որն ապագայում կգա իշխանության եւ դրա միջոցով կիրականացնի իր ծրագրերը։
-Իշխանական կուսակցությունների վարչություններում ընդգրվելը բոլոր իշխանությունների ժամանակ համարվել է «պրեստիժ», արդյոք նույն իրավիճակը ՔՊ-ում չէ՞, քանի որ միայն վարչության անդամի համար առաջադրվել էին 65 թեկնածու, որոնցից մի քանիսն արդեն ինքնաբացարկ է հայտնել:
-Նախկինում դա պրիստիժ էր, ինձ համար դա երբեք պրիստիժ չի եղել: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ նախկինում էլ հնարավորություն ունեցել եմ իշխանական կուսակցությունների մեջ ներգրավվել, որովհետեւ թե՛ կրթական մակարդակով, թե՛ քաղաքականցվածության մակարդակով բավարարել եմ շատ պահանջների, սակայն ուղղակի իմ արժեքային համակարգը, իմ դաստիարակությունը, իմ էությունը, իմ տեսլականը՝ ապագա Հայաստանի վերաբերյալ, չեմ պատկերացրել` ինչպես եմ իրացնելու գործող այդ կուսակցություններում:
-Այս շաբաթ օրը պետք է տեղի ունենա ՔՊ-ի հրավիրած արտահերթ համագումարը: Ի՞նչ նոր ծրագիր է պատրաստվում ներկայացնել կուսակցությունը հանրությանը, քանի որ ամիսներ շարունակ խմբեր էին աշխատում կուսակցության նոր ծրագրի վրա:
-Մեր կուսակցության առանցքային դրույթները չեն կարող փոփոխվել երբեք, այսինքն` ծրագրի մեջ էական փոփոխությունները, ես կարծում եմ, որ ավելի երկար ժամանակի համար են: Մեր կուսակցությունը չունի այն տարիքը, որպեսզի արդեն հասցրած լինի, ասենք, ինչ-որ ծրագիր իրականացնել, հետո անցնել մյուսին, մյուսին ժամանակագրական առումով: Չեմ կարծում, որ արդեն ժամանակն է առանցքային ծրագրային կետեր փոխելու: Առանցքային ծրագրերը լրիվ նույնն են. ես հիմա չեմ ցանկանում շարադրել, որովհետեւ կոնտեքստից դուրս կլինի, բայց մեր հիմնական ուղերձը, ասելիքը եղել է հետեւյալը՝ ազատ, արդար, երջանիկ Հայաստան, որի կառուցմանը մենք ամեն օր ներդրում ենք բերում: Եթե ես ասեմ, որ կուսակցությունը ավտոմատ բավարարել է հանրության պահանջները, ապա այս դեպքում այսուհետ կուսակցության գոյությունը կասկածի տակ կդրվի, որովհետեւ կուսակցությունը պետք է գոյատեւի եւ կարող է գոյատեւել այնքան ժամանակ, քանի կա դրա կարիքը: Քանի դեռ ժողովուրդը հույսեր է կապում այդ կուսակցության հետ, քանի դեռ ՀՀ քաղաքացին չիրականացված երազանքներ ունի, որը կապում է այդ կուսակցության հետ, մենք այդքան անելիք կունենանք:
-Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկումներին մասնակցո՞ւմ է, արդյոք վարչության նոր ընտրվելիք կազմը արդեն նրա հավանությանն արժանացե՞լ է:
-Որքանով որ ժամանակը ներում է. մենք պետք է հաշվի առնենք նաեւ պարոն Փաշինյանի այսօրվա դիրքը: Ժամանակը եթե ներում է, այո, մասնակցում է քննարկումներին: Հարցը պետք է ուղղեք Նիկոլ Փաշինյանին, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, ինքն արդեն իր դիրքորոշումը կներկայացնի: Կարծում եմ` առաջիկայում ամեն ինչ ավելի հստակ կլինի, իսկ Դուք էլ կստանաք այն հարցերի պատասխանները, որոնք անպատասխան են մնացել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԳԻԾ

Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննարկվել է պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Լիլիթ Մակունցի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախագիծն արժանացավ հանձնաժողովի պատգամավորների հավանությանը, սակայն որոշում կայացվեց հետ վերցնել նախագիծը վերախմբագրելու համար եւ կրկին ներկայացնել երկու ամիս անց:

Մասնավորապես, Սիսակ Գաբրիելյանն առաջարկում էր աշխատող անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով, օրենսգրքով սահմանված կարգով, հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձնել ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություների մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորող վարձու աշխատողի ուսման համար վճարված գումարի չափով: Ըստ այդ նախագծի` նախատեսվում է գումարը վերադարձնել ուսումնական տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, տվյալ ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի շեմը հաղթահարելու դեպքում:
Հեղինակներն իրենց նախագծում նշել էին, թե նախաձեռնությունը նպատակ է հետապնդում խրախուսել ուսանողներին երիտասարդ տարիքից աշխատելու եւ օգտվելու եկամտային հարկից` որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու հնարավորությունից: Սակայն հարակից զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը քննարկման ընթացքում նշեց, թե կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից, քանի որ եկամտային հարկի գումարների վերադարձման արդյունքում կպակասեն ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները, նաեւ գործող հարկային օրենսդրությամբ կրթության ոլորտի համար արդեն իսկ սահմանված է հարկային արտոնությունների բավական լայն շրջանակ: Փոխնախարարը նաեւ հավելել է, որ ցանկացած հարկային արտոնություն առաջացնում է չարաշահումների ռիսկեր:
Սակայն, ընդհանուր առմամբ, հանձնաժողովի նախագահը եւ անդամները ողջունել են նախաձեռնությունը` այն համարելով ուսանողակենտրոն: Սակայն, ի վերջո, հեղինակները նախագիծը հետ են վերցրել եւ կներկայացնեն փոփոխություններից հետո:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

«ԴՐՈՅԻ ԳՈՐԾՈՎ»
«Դրոյի գործով» դեռ 1996թ. ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու հայցերը` ընդդեմ քրեակատարողական հիմնարկների, չեն դադարում: Դեռեւս ամիսներ առաջ գրել էինք, որ Արծրունին ՀՀ վարչական դատարանից պահանջում է ստիպել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ին բավարարել իր միջնորդագիրը եւ պարտավորեցնել իրեն կիսափակ ուղղիչ հիմնարկից մեկուսացվածության առավել ցածր աստիճանի` կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխել: Բացի այդ, նա հունիսի 10-ին կրկին դիմել է ՀՀ վարչական դատարան` այս անգամ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի եւ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դեմ: Վերջինս պահանջում է, որ ՔԿՀ-ներին ստիպեն իր կողմից դրսեւորած դրական վարքագծի համար խրախուսանքի միջոց կիրառելու մասին որոշումներ կայացնել:

 

 

 

ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ
Դեռեւս մայիսի 21-ի` «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում որոշում է կայացված եղել սկսել վեթթինգի նախագծի մշակման աշխատանքներ: Երեկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ աշխատանքները լայն թափով ընթանում են, եւ նպատակն է շատ արագ ավարտել այդ գործընթացը: Մակունցը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նախագծի շուրջ կարծիքները տարբեր են, եւ չի բացառվում, որ գնան վեթթինգ իրականացնող նոր կառույց ստեղծելու ճանապարհով: «Մենք ասացինք, որ ուսումնասիրություններ եւ քննարկումներ ենք արել, հիմա փորձում ենք այդ ամենը հանձնել թղթին եւ սահմանել մեզ համար, թե որ ուղղությամբ ենք գնում: Այդ ուսումնասիրությունները տարբեր մարդիկ են արել` խմբակցության անդամներ, փորձագետներ, կառավարությունում էլ կա աշխատանք կատարած: Մենք խնդիր ենք դրել հնարավորինս սեղմ ժամկետում անել, սակայն թե դա կլինի մեկ ամիս կամ ավել, չեմ կարող ասել: Պետք է հստակեցնենք` այն տարբերակները, որ առկա են, որն է ավելի լավը: Օրինակ` ո՞ր կառույցն է այն իրականացնելու, պետք է ստեղծվի՞, թե՞ գործող կառույցներից կընտրվի», – նշեց նա` ասելով, թե նախագծի շուրջ երկար են քննարկումները: Մակունցը չբացառեց նոր ինստիտուտի ստեղծումը, քանի որ կա այդպիսի պրակտիկա, եւ այդ տարբերակը եւս կարող է աշխատել:

 

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏ
Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի երկրորդ նիստը: Ինչպես եւ առաջինը, երեկվանը եւս դռնփակ էր, եւ հանձնաժողովի անդամները չեն ցանկանում բարձրաձայնել քննարկումները: Ամեն դեպքում, նրանց խոսքով` այս փուլում դեռ ասելիք չկա, սակայն հանձնաժողովի աշխատանքները լայն փուլով առաջ են ընթանում: Աժ-ում քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին վարչապետ Ն. Փաշինյանը հայտարարել էր մայիսի 20-ին: Խոսելով ՀՀ եւ Արցախի միջեւ տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»` գործադիրի ղեկավարը նշել էր. «Հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Աժ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»: Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամները Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամներն են, իսկ նախագահն էլ Անդրանիկ Քոչարյանն է:




Լրահոս