«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատարանում մտերմիկ խոսակցություների ժամանակ բարձրացրել է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի գործուղումերի վրա ծախսված 30 միլիոնի դրամի հարցը եւ որոշակի մտահոգություններ առաջ քաշել: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ:
Ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը հաղթեց ՍԴ աշխատակազմին: Գյուլումյանը դատի էր տվել ՍԴ աշխատակազմին, քանի որ ՍԴ-ն սխալ էր հաշվարկել իր աշխատավարձը` վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում, այս խնդիրը նոր չէ, այլ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին, խնդիրը լուծում չի ստացել նաեւ Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահության օրոք:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր Ալվինա Գյուլումյանի հետ, եւ վերջինս պատմել էր. «Եվրոպական դատարանի իմ աշխատած տարիները չեն համարել դատավորի աշխատանքի ստաժ: Դեռեւս 2014 թվականին էի դիմել, ասել էի` հաշվարկե՛ք, չէին արել` ասելով, որ մեր օրենքով դա ստաժ չի համարվում, հետո դատական օրենսգրքում միջազգային դատարաններում աշխատանքը նշվեց, որ համարվում է դատավորի փորձառություն, եւ դրա հիման վրա խնդրեցի` վերահաշվարկ կատարեն, չկատարեցին, դիմեցի դատարան»: Արդյունքում, 2019 թվականի հունվարի 18-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը հրապարակեց վճիռը` ընդդեմ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի: Ըստ այդմ, դատարանը պարտավորեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին Ալվինա Գյուլումյանի համար հաշվարկել եւ վճարել հավելավճար` իր աշխատավարձի 130 տոկոսի չափով, այն է` 840 հազար 047 դրամ: Ֆինանսների նախարարությունը որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում, եւ դեռեւս ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում չի կայացրել այս առումով:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ:
-Պարո՛ն Ղազարյան, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի պահանջը` աշխատավարձի վերաբերյալ, դեռ չի բավարարվել. այժմ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում:
– Առաջին ատյանի դատարանը բավարարել է տիկին Գյուլումյանի հայցը, բողոքարկումը արել է ոչ թե Սահմանադրական դատարանի աշխատակազմը, այլ Ֆինանսների նախարարությունը: Իհարկե, Սահմանադրական դատարանը հանդիսանում է կողմ, դատավարության սահմանված ժամկետում Ֆինանսների նախարարությունը բողոքարկել է, եւ երկրորդ ատյանը դեռեւս որոշում չի կայացրել:
-Այս իրավիճակը չի՞ ազդում դատավորի եւ ՍԴ աշխատակազմի հարաբերությունների վրա:
-Բացարձակ, մենք ունենք փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքային մթնոլորտ, ու դատական պրոցեսը քաղաքացիական հայց է, որը որեւէ ձեւով չի անդրադառնում ո՛չ ներքին հարաբերություններին, ո՛չ էլ, ամենակարեւորը, տիկին Գյուլումյանի պարտականությունների համար:
-Մեզ հասած լուրերի համաձայն` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներքին խոսացությունների ժամանակ մտահոգվել է, թե ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը գործուղումների վրա 30 միլիոն է ծախսել, եւ այդ գործուղումների մեջ մութ կետեր կան: Դուք այդ մասին գիտե՞ք, ի՞նչ մութ կետերի մասին է խոսքը:
-Նման անհրաժեշտություն էլ չի եղել, որովհետեւ բոլոր գործուղումները եղել են օրենքով սահմանված կարգով, բոլոր գործուղումների մասին եղել են հանրային իրազեկումներ, եւ նման անհրաժեշտություն էլ չի առաջացել:
-Այսինքն` Դուք մութ կետեր, խախտումներ չարաշահումներ չե՞ք հայտնաբերել` ՍԴ նախկին նախագահի գործուղումների հետ կապված:
-Մենք նման խնդրի հետ չենք առնչվել:
-Բարձրագույն դատական խորհրդում վերջին շրջանում երկու հրաժարականների դիմումների մասին հրապարակվեց: Նախ` առաջինը հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, հետո հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը, իսկ այժմ խոսակցություններ կան, որ չի բացառվում` հրաժարական տա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Նման խոսակցություններ կա՞ն Սահմանադրական դատարանում: Դուք` որպես աշխատակազմի ղեկավար, լսե՞լ եք այդ մասին:
-Նման տրամադրություն դատարանում ես իմ աշխատանքի ընթացքում չեմ տեսել:
Հ.Գ. Նկատենք, որ մինչ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող պաշտոնատար անձինք հրաժարականի դիմումներ են ներկայացնում, Էդգար Ղազարյանի դեպքում պատկերը այլ է. նա հեղափոխությունից հետո նոր պաշտոն ստացավ: Վերջինս 2012թ. հունիսի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ եւ երկու տարի անց` 2014թ. հոկտեմբերի 23-ին, ազատվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: 2014թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, որից հետո նշանակվեց ՍԴ նախագահի աշխատակազմի ղեկավար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՈԳԱՎԱՆԻ ՈՒ ԲԱՎՐԱՅԻ ԱՆՑԱԿԵՏԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՕԳՏՎԵԼ
Երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորել է քաղաքացիներին եւ տնտեսվարողներին Բագրատաշենի անցակետում հերթերից եւ անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել Բավրայի եւ Գոգավանի անցումային կետերով: Պատճառն ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճն է ու զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը: Ըստ ՊԵԿ-ի` այս ամենի արդյունքում զգալիորեն կթեթեւանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը, եւ հնարավոր կլինի ապահովել արագ եւ որակյալ սպասարկում:
Սակայն ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները չեն պատրաստվում ականջալուր լինել ՊԵԿ-ի կոչերին ու հորդորներին: Օրինակ` «Elite bus» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ հարմար չէ Բավրայի եւ Գոգավանի անցակետերից օգտվել: «Բացարձակ հարմար չէ, Բավրայի անցակետը լավը չէ տուրիստներին տեղափոխելու համար. սիրուն չէ: Սպասարկում չկա, վերանորոգված չէ, մաքսատան ծրագիրը վատ է աշխատում, ժամերով կախում է: Ուղղակի զուտ անցակետը լավը չէ: Բացի այդ, եթե Գոգավանից գնանք Թբիլիսի, ճանապարհը երկարում է, բավականին հեռու է: Երկար ճանապարհ պետք է անցնենք: Հետո ճանապարհը լավը չէ, նեղ, գյուղերի միջով, ոչ սարքին է ու փոսառատ: Օրինակ` Գոգավանն անցնելուց հետո սկսվող գյուղերը բնակեցված են հիմնականում ադրբեջանցիներով: Ինձ թվում է` հենց այդ մաքսատանն էլ ազգությամբ ադրբեջանցիներ են աշխատում, որոնք շատ վատ են վերաբերվում` տեսնելով հայկական պետհամարանիշ ունեցող մեքենաներին: Շատ վատ»,-իրավիճակը ներկայացրեց ընկերության ներկայացուցիչը:
Եւ չնայած Բագրատաշենի անցակետերում երկար հերթերին` ընկերությունները հրաժարվում են Բավրայի եւ Գոգավանի անցակետերից օգտվել: Ասել է թե` նրանք նախընտրում են ժամերով հերթ կանգնել եւ սպասել Բագրատաշենի անցակետում:
«Հերթերն ավելի շատ սկսում են, երբ Բաթումի գնալու սեզոնն է բացվում: Հիմա դեռ այդքան հերթեր չկան: Բայց, միեւնույնն է, Բավրա, Գոգավան անցումային կետերով ոչ մի տուրընկերություն չի համաձայնվի ու չի ցանկանա իրենց տուրիստներին տեղափոխել: Նախ` ճանապարհն է երկարում, իրենք պետք է ավել վճարեն, հետո մաքսատունն է շատ վատ աշխատում»,- տեղեկացրեց «Elite bus»-ի աշխատակիցը:
Բացի այս, ՊԵԿ-ը Թուրքիայից Հայաստան ուղեւորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողներին կոչ է անում օգտվել հայ-վրացական սահմանային մյուս անցումային կետերից: Իսկ Թուրքիայից ժամանող ավտոբուսները կուղեկցվեն մաքսակետից դուրս գտնվող մաքսային հսկողության այլ տարածք, որտեղ էլ կիրականացվեն մաքսային գործառնությունները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ ՉԿԱ
«Հետք» պարբերականը գրել է, որ Տավուշի մարզպետարանի 101 աշխատակիցներ ստացել են եռամսյակային պարգեւավճար: Եռամսյակի կտրվածքով Տավուշի մարզպետարանի պարգեւատրման ընդհանուր գումարը կազմել է 16 մլն 274 հազար դրամ: Մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, վերջինիս տեղակալը, երեք վարչության պետեր պարգեւատրվել են իրենց աշխատավարձի 71 %-ի չափով, իսկ մյուսները` ավելի քիչ: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պարգեւատրվել է 472 հազար 737 դրամով, մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆելիքս Ափինյանը` 362 հազար 751 դրամով, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արմեն Գեւորգյանը` 338 հազար 952 դրամով, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը` 270 հազար 759 դրամով, մնացած պաշտոնյաները` համեմատաբար ավելի քիչ գումարով:
Ուշագրավ է, որ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրված չէ այդ պարգեւատրումների վերաբերյալ տեղեկատվություն: Հունիսի 5-ին մարզպետ Հայկ Չոբանյանը որոշում է ընդունել սոցիալական աջակցության նպատակով պետական բյուջեից 5 քաղաքացիների հատկացնել ընդհանուր 830 հազար դրամի չափով օգնություն, սակայն մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված չեն դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները:
ՍԵՂՄԵԼ Է ԶԻՆՎՈՐԻ ԿՈԿՈՐԴԸ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Անդրանիկ Ավետիսյանի դատավարությունը, որը մեղադրվում է այն բանի համար, որ լինելով Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի տեղակալը` 2018թ. հունիսի 28-ին` ժամը 18:30-ի սահմաններում, բբջային հեռախոսը իրեն չհանձնելու պատճառով բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս պարտադիր ժամկետային զինծառայող Դանիել Մայիլյանի նկատմամբ, աջ ձեռքով սեղմել է վերջինիս կոկորդը` պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ա. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով («Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (եենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ ծառայության պարտականությունները կատարելու հետ, որը կատարվել է առողջությանը թեթեւ կամ միջին ծանրության վնաս պատճառելով»): Թե ինչ որոշում կկայացնի դատավորը, դժվար է ասել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ