Թեեւ իշխանության մի հատված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին ներկայացնում է իբրեւ անփոխարինելի անաչառ պրոֆեսիոնալ, որ արժանի է դառնալու ՍԴ նախագահ, այնուամենայնիվ, երեկ Գրիգորյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց, որոնք տարակուսանք են առաջացնում: Զարմանալի է, որ, նախ, որպես իրավաբան է նա այդպես ասում, եւ երկրորդ` որպես ՍԴ դատավորի թեկնածու:
Գրիգորյանն ասաց, որ դատարանների դռները փակելու միտքն, իհարկե, ինքը չի տվել գործող իշխանությանը, բայց դրա մեջ ոչ մի սարսափելի բան չի տեսնում. նորմալ է հավաքներ անցկացնելը որոշակի հեռավորության վրա:
Մյուս ուշագրավ միտքը հետեւյալն էր. «Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ… էս երկրում ամենաքաղաքական մարմինը ՍԴ-ն է»: Բայց սրա հետ մեկտեղ դատավորի թեկնածուն վստահեցրեց, որ «Մարտի 1»-ի գործի քննությունը, երբ ՍԴ մտնի, ինքը չի մասնակցի, որպեսզի կողմնակալություն չդիտվի, եւ գործն անաչառ քննվի: Համաձայնեք` գերպրոֆեսիոնալ ջանքեր պետք չեն հասկանալու համար, որ Վահե Գրիգորյանը, որ համարվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչը, ավելի շատ քաղաքական գործիչ է, քաղաքական տեսակետներ կրող, քան անաչառ իրավաբան, ապագա անկախ դատավոր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի է ունենալու Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «ԱՀ Քննչական կոմիտեի մասին» նախագիծը: Հուլիսի 1-ից Արցախն արդեն ունենալու է Քննչական կոմիտե, իսկ կառույցի նախագահ էլ նշանակվելու է ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, ում այդ պաշտոնում փոխարինեց Լեւոն Մնացականյանը: Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական համարեց ժամանակ առ ժամանակ կադրային տեղափոխությունները: «Լեւոն Մնացականյանի տեղափոխումը, կարծում եմ, պայմանավորված է առաջիկայում սպասվող որոշակի ակտիվացումներով. Սամվել Բաբայանը ստորագրահավաք է սկսել Սահմանադրության դրույթ փոխելու համար, եւ հնարավոր է, որ այդ գործընթացը նաեւ փողոցային ակցիաներով զուգորդվի: Լեւոն Մնացականյանը դրա համար նշանակվեց, որպեսզի ունենան լոյալ եւ ուժեղ ոստիկանապետ»,- նկատեց Խանումյանը:
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում իրարանցում էր առաջացրել խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Պարզվում է` Ա. Խաչատրյանը ինքնաբուխ է նախաձեռնել այդ օրինագիծը ու, կարելի է ասել, խմբակցությանը տեղյակ չի պահել: Երեկ խմբակցության ղեկավարությունը փորձում էր Խաչատրյանից պարզաբանում ստանալ` հասկանալու համար, թե ինչու է նման, իրենց բնորոշմամբ, աբսուրդային նախագիծ ներկայացրել: Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ նախագծից, իսկ հարցին, թե պետք է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը, ասաց. «Անձամբ ես գտնում եմ, որ ոչ. ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա»: Երեկ Արմեն Խաչատրյանը հետ կանչեց նախագիծը եւ քննարկումներից հետո կրկին շրջանառության մեջ կդնի:
Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հրաժարականի դիմումների շարքը շարունակվում է: Երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Սնանկության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսքանով դիմումների շարքը չի դադարի: Չի բացառվում, որ առաջիկայում հրաժարական տան ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը: Ըստ դատական համակարգում տարածված լուրերի` հրաժարականների շարքը պայմանավորված է նրանով, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ անդամների հարաբերությունները լարվել են: Ասել է թե` տան տիրոջ գնալուց հետո մեկը մյուսին չեն ենթարկվում:
ՍԱՐՔԱԾ ԳՈՐԾԵՐ
Հունիսի 8-ի գիշերը Աբովյան քաղաքում հրդեհված մեքենան, որը պատկանում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանին, ըստ էության, դարձել է քաղաքական մի նոր գործընթացի սկիզբ: Ինչո՞ւ. որովհետեւ երբ այդ մասին ԱԺ-ում լրագրողները հարցրել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, վերջինս ասել էր. «Բա, իհարկե, սարքած գործ էր: Ինձ թվում ա` այսօր կամ վաղը կբացահայտվի…, եւ վարչապետը պետք է պարտադրի այս գործը բացահայտելը»: ՀՀ քննչական կոմիտեն էլ այս հայտարարությունից հետո ծանուցագիր է ուղարկել Ծառուկյանին` վկայի կարգավիճակով հրավիրելով հարցաքննության: Ու երեկ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը պատռել է ծանուցագիրը հենց ոստիկանների ներկայությամբ, մինչ օրս չի ներկայացել հարցաքննության, ինչը կոմիտեից որակել են որպես անհարգալից վերաբերմունք իրավապահ մարմնի նկատմամբ: Սա, իհարկե, կարող է այլ թեմա դառնալ, բայց հիմա վերադառնանք հարցին, թե ինչու են Ծառուկյանին հարցաքննության հրավիրում:
Աներկբա է, որ վերը նշված խոսքերը` «սարքած գործ» ձեւակերպմամբ, պարզաբանման կարիք ունեն, ուստի Ծառուկյանը պետք է բացատրի, թե ինչ տեղեկություններ ունի գործի սարքված լինելու մասին: Քանի դեռ չի պարզաբանվել, ՔԿ-ն ստիպված է հետաքրքրվել` ինչ տեղեկություններ ունի, որ գործը սարքված էր: Բանն այն է, որ Ծառուկյանը ոչ թե ասել էր` «ես կարծում եմ` սարքած գործ է», «ես իրավունք ունեմ կասկածելու, որ սարքած գործ է», «տեսակետ կա, որ սարքած գործ է» եւ այլն (եթե, իրարկե, իրականում լուրջ փաստեր չունի, որ դա իրապես «սարքած գործ էր»), այլ ուղղակի է հայտարարել այդ մասին, Քննչական կոմիտեն էլ կառչել է բառերից:
Անշուշտ, իրադարձությունները միանգամայն այլ կերպ կարող էին զարգանալ, եթե Կոտայքի մարզպետը չգնար իրավիճակի այդքան սրման, այդքան մեղադրանքներ ու հաթաթաներ չտար քաղաքական հակառակորդներին: Այդ դեպքում էլ ԲՀԿ-ականները առիթ չէին ունենա ասելու, թե այրված մեքենան «մասկի շոու է», որի առնչությամբ իրենք կասկածներ ունեն, եւ ոստիկանությունը պարտավոր է ցրել դրանք:
Բայց, ինչպես ասում են, եղածը եղել է: Հուսանք` այս առիթը չի դառնա ԲՀԿ-ՔՊ հերթական հակամարտության ռաունդի մեկնարկ, եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն, այնուամենայնիվ, կգնա Քննչական կոմիտե, կբացատրի քննիչներին, որ «սարքված գործ» ասվածն իր անձնական կարծիքն է, որի ազատ արտահայտելու իրավունքն ունի, եւ հարցը կավարտվի:
Ի դեպ, վկայի դեպքում ՔԿ-ն իրավունք ունի գրավոր ծանուցել ԱԺ նախագահին եւ պատգամավորին ամեն գնով հարցաքննության հրավիրել` զուտ հարցեր տալու: