«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի կունենա Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մի քանի հարցեր են ընդգրկված: Դրանցից մեկը վերաբերում է Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի մասին նախագծին, որը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ: Այս օրենքի ընդունումից հետո՝ հուլիսի 1-ից, Արցախն արդեն ունենալու է Քննչական կոմիտե:
Իսկ ո՞րն է արտահերթի նպատակը: Այս կառույցի ստեղծման շուրջ հետաքրքրությունն առաջին հերթին կապված է Արցախում վերջին օրերին սկսված պաշտոնանկություններով եւ նշանակումներով: Եվ արդեն իսկ հայտնի է, որ Քննչական կոմիտե ստեղծելուց հետո այս կառույցի նախագահ է նշանակվելու Իգոր Գրիգորյանը, որը նախկինում զբաղեցնում էր Արցախի ոստիկանապետի պաշտոնը: Իսկ, ահա, այդ պաշտոնում էլ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախկին նախարար Լեւոն Մնացականյանը: Վերջինիս նշանակման շուրջ Արցախի ներսում տարբեր մեկնաբանություններ կան, իսկ, ահա, երեկվանից էլ շրջանառվում է այն տեսակետը, թե նրա նշանակումն օրենքի խախտմամբ է եղել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը վստահեցրեց, թե օրենքի խախտում չի եղել, եւ վկայակոչեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 4,13, 14-ը հոդվածները, որոնք, նրա խոսքով, հավաստում են, որ որեւէ խախտում չի եղել: Նա մասնավորապես վկայակոչեց օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը, իսկ այնտեղ ասվում է. «Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաեւ Զինված ուժերի, Ազգային անվտանգության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները»: Բաբայանը հավելեց՝ 10-րդ կետը թույլ է տալիս նախագահին նշանակել այդ պաշտոնում նաեւ այլ ուժային կառույցների ներկայացուցիչների: «Ավելին՝ այդպիսի նշանակում եղել է նաեւ նախկինում. սա առաջին դեպքը չէ, եւ այդտեղ օրենքի խախտում չկա»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:
Առհասարակ վերջին շրջանում Արցախի ներքին կյանքում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ, եւ շատերն այդ հանգամանքը պայմանավորում են Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններով, մյուս մասն էլ 2020 թվականին Արցախում սպասվող նախագահի ընտրությունների հետ է կապում: Սակայն փաստ է մեկ բան. առաջիկայում Արցախի ներքին կյանքում կրկին ակտիվացումներ են լինելու, եւ դա են վկայում նաեւ վերջին իրադարձությունները: Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական համարեց ժամանակ առ ժամանակ կադրային տեղափոխությունները, սակայն դա մեկնաբանեց այլ տեսանկյունից: «Լեւոն Մնացականյանի տեղափոխումը, կարծում եմ, պայմանավորված է առաջիկայում սպասվող որոշակի ակտիվացումներով. Սամվել Բաբայանը ստորագրահավաք է սկսել Սահմանադրության դրույթ փոխելու համար, եւ հնարավոր է, որ այդ գործընթացը նաեւ փողոցային ակցիաներով զուգորդվի: Լեւոն Մնացականյանը դրա համար նշանակվեց, որպեսզի ունենան լոյալ եւ ուժեղ ոստիկանապետ», – նկատեց Խանումյանը: Վերջինս Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը եւ այլ հարցերը ամենեւին չի կապում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության շուրջ եւս իր տեսակետն ունի: «Բալասանյանի պաշտոնանկությունը պայմանավորված է նրա՝ նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկության հետ, նա գրասենյակ է բացել եւ երեւի այդ գործով կզբաղվի: Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանն ազդեցություն ունի այդ հարցի վերաբերյալ եւ կառաջարկի սրան հանել, նրան հանել: Իսկ Սերժ Սարգսյանի ազդեցությունը Բակո Սահակյանի վրա ակնհայտ է. նա Սարգսյանի հանձնարարություններն անմիջապես կատարում է»,- եզրափակեց նա:
Իսկ, օրինակ, Արցախի ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Վարդգես Բաղրյանը կադրային փոփոխություններն առհասարակ չի կապում Հայաստանի ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկայիս իշխանությունների հետ: «Որեւէ արտառոց բան պետք չէ փնտրել, ոչ էլ շահարկումներ անել: Եթե, օրինակ, անդրադառնանք Վիտալի Բալասանյանին, ապա նա պատրաստվում է նախագահի ընտրությունների եւ, որպեսզի կարողանա լիարժեք պատրաստվել, ազատվեց պաշտոնից: Ես չեմ կարծում, թե Հայաստանի ղեկավարությունը կարող է ճնշումներ գործադրել, ասել՝ սրան նշանակեք կամ նրան: Կադրային քաղաքականություն է պարզապես, որը նախագահն անում է՝ կապված կոնկրետ անձի ցանկությունների հետ: Չեմ կարծում, թե որեւէ ճնշման հետեւանք է դա», – նշեց Բաղրյանը: Արցախի ԱԺ պատգամավորը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ Լեւոն Մնացականյանի նշանակմանը եւ կարծիք հայտնեց, թե այստեղ եւս որեւէ բան պետք չէ փնտրել:
Հավելենք, որ Արցախում նախագահական ընտրությունները լինելու են 2020 թվականին, եւ որքան մոտենա այդ ժամկետը, այնքան, մեր զրուցակիցների հավաստմամբ, առավել ակտիվանալու են Արցախի ներքին կյանքը, ընթացող գործընթացները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ «ՊԼՍՏԱՑԻՆ»
ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորները «պլստացին» եւ կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվի: Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 7-ին քննել էր արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացրած միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Ռ. Հակոբյանին, Ս. Միքայելյանին, Ս. Անտոնյանին, Վ. Ավանեսյանին, Ա. Բարսեղյանին, Մ. Դրմեյանին, Գ. Հակոբյանին, Տ. Պետրոսյանին, Է. Սեդրակյանին եւ Ն. Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի շուրջ: Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հրապարակի այսօր, սակայն արդեն պարզ է, որ անհրաժեշտ քվորում չլինելու պատճառով որոշում չի կայացվի: Ասել է թե` դատավորներն այս անգամ «պլստացին», եւ կարգապահական վարույթ չի հարուցվի:
ԱՈՒԴԻՏ
Ազգային ժողովը երեկվանից սկսել է բանակցությունները Համաշխարհային 4 ամենախոշոր եւ ամենահեղինակավոր աուդիտորական ընկերությունների (Big 4) հետ ՀՀ Ազգային Ժողովի 2017-2018 ֆինանսական տարվա ֆինանսական աուդիտի իրականացման նպատակով։ Աժ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մանրամասնել է, թե այդպիսի ընկերություններից տրված աուդիտի եզրակացությունները համարվում են առավելագույնս վստահելի բոլոր զարգացած երկրների եւ առաջատար ֆինանսական կառույցների համար։ Ընդ որում, այդպիսի Ֆինանսական աուդիտ իրականացվելու է բոլոր հաջորդող տարիների համար: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին` հասկանալու համար, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել ֆինանսական աուդիտ անցկացնել: Ի պատասխան` Տիգրան Գալստյանը նշեց. «Աուդիտը թափանցիկ ֆինանսական կառավարման մշակույթի մի մաս պետք է լինի մեզ մոտ, ինչպես ողջ աշխարհում է։ Ազգային Ժողովն անցել է Հանրային հատվածի հաշվառման, եթե չեմ սխալվում 2017 թ.-ից, եւ սա հնարավորություն է մեր գործելակերպը համապատասխանեցնել միջազգային բարձրակարգ չափանիշներին այս ոլորտում»։
ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նախագծով առաջարկում է չեղարկել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը: Ավելին, առաջարկվում են իրավական կառուցակարգեր, որոնց հիման վրա պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան կփոխարինի իր հայեցողությամբ նշանակված անձը: Իսկ պետական մարմնի ղեկավարի լիազորությունների կատարման անհնարինության կամ հրաժարականի դեպքում` նրան, վարչապետի որոշմամբ, կփոխարինի տեղակալներից որեւէ մեկը:
ՀԱՆԴԻՊԵՑ
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Հարցին, թե որն է եղել հանդիպման պատճառն ու ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, Սողոմոնյանը պատասխանեց, որ հանդիպման մասին տեղեկությունը հաստատելուց բացի հավելյալ տեղեկություն տրամադրել չի կարող:
ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ՄԱՍՈՎ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնից Արտակ Զեյնալյանի հրաժարականին: ՀՀ վարչապետն Արտակ Զեյնալյանի հրաժարականին անդրադարձել է Shantnews-ին տված հարցազրույցում: «Խնդիրները եւ միջավայրը որոշակի փոխվում են: Բոլորիդ աչքի առաջ է եղել դատաիրավական համակարգի շուրջ ձեւավորված միջավայրը, եւ այդ միջավայրի փոփոխության արդյունքում առաջ են գալիս նաեւ կադրային փոփոխություններ»,- ասել է ՀՀ վարչապետը: Հարցին, թե ինչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կա աշխատանքի ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ եւ պրակտիկա: Եվ այդ պատկերացումների ու պրակտիկայի գնահատման արդյունքում մենք եկել ենք այդպիսի եզրակացության»:
ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Երեւանի եւ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր՝ կարեւոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը: Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՀԱՍՏԱՏՎԵՑ
ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը: Հաշվետվությունը քվեարկությամբ միաձայն դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում: «2018-ն առանձնացավ այն իմաստով, որ կարող էին տեղի ունենալ ռիսկեր, որոնք կապված էին խորը, համապարփակ քաղաքական իրադարձությունների հետ։ Կային բազմաթիվ շահարկումներ՝ կապված հնարավոր անկայունության եւ դրանից բխող հետեւանքների հետ, բայց պետք է արձանագրենք, որ այդ ամենը հաշվի առնելով` մենք ունեցել ենք բյուջետային կայուն ցուցանիշներ, բյուջեի կատարման գործընթացը տեղի է ունեցել մակրոտնտեսական կայուն միջավայրում: Եվ այն նպատակադրումները, իր առջեւ դրված խնդիրները, որոնք, ըստ էության, ունեցել է բյուջեն, կարելի է գնահատել լուծված»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նկատեց, որ հեռու ենք այն մտքից, որ արձանագրված արդյունքները կարելի է գնահատել իդեալական, բայց առնվազն ստեղծված եւ առկա հանգամանքները հաշվի առնելով` կարող ենք ասել, որ արձանագրված արդյունքները եղել են առավելագույնը: