ՀՀԿ-Ն ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հանրապետական կուսակցության անդամները կրկին հավաքվել էին։ Չնայած դեռեւս իշխանություն եղած ժամանակ յուրաքանչյուր հինգշաբթի օրը Գործադիր մարմնի նիստ անցկացնելու ավանդույթը չի պահպանվել, սակայն ժամանակ առ ժամանակ նրանք այսպես հավաքվում են, փորձում հասարակությանը հիշեցնել իրենց գոյության մասին։ Տարածված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հանդիպման հիմնական թեման եղել է Արցախը։ Հենց այս հանգամանքով են նախկին իշխանությունները փորձում կողմնակիցներ հավաքել։ Բայց որքան էլ Հանրապետական կուսակցության անդամները փորձում են հիշեցնել իրենց մասին եւ ակտիվանալ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ՀՀԿ-ի հավաքական կարծիքը վաղուց չի հետաքրքրում, քանի որ նրանք բոլոր հարցերի շուրջ ունեն կանխակալ բացասական վերաբերմունք, քննադատում են ամեն ինչ եւ բոլորին: Բայց ուշագրավն այն է, որ ՀՀԿ գործադիր մարմնում քչերն են մնացել: Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ից շատերը լքեցին կուսակցության շարքերը կամ սառեցրին անդամակցությունը։ Փաստացի ԳՄ անդամներ Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանը, Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը (գլխավորում էր կուսակցության ցուցակը ընտրություններում), նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը այլեւս չեն մասնակցում կուսակցական աշխատանքներին: Ասել է թե` նախկին ՀՀԿ-ից ոչինչ չի մնացել, միայն հուշեր եւ հիշեցումներ` ԳՄ «խրոխտ նիստերով»:

 

 

 

 

Ինչպես հայտնի է, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը փոփոխություններ է առաջարկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներում եւ առաջարկում է դրանց կազմերում ներգրավել նաեւ ընդդիմադիր խմբակցություններին: Համանման նախագիծ ներկայացրել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` ավելի փոքր լիազորություններ առաջարկելով ընդդիմադիր խմբակցություններին: Եվ, ահա, երեկ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեին Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Բագրատյանի նախագծերը: Նիստի ընդմիջման ժամանակ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ փոխնախագահ Աննա Կարապետյանը Բագրատյանին փորձում էին համոզել հանել օրակարգից նախագիծը եւ քննարկել միայն Արարատ Միրզոյանինը, սակայն Բագրատյանը համաձայն չէր եւ մինչեւ վերջ պնդում էր, որ իր նախագիծը պետք է անպայման քննարկվի, թեկուզ մերժման հեռանկարով: Արդյունքում որոշում կայացվեց երկու նախագծերն էլ քննարկել երկուշաբթի:

 

 

 

 

Մայիսի 20-ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի մասին հայտարարությունից հետո, Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց հրաժարականների շարքը: Մասնավորապես, մայիսի 24-ից մինչեւ այժմ հրաժարական են տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ Գեւորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը եւ Արմեն Բեկթաշյանը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդի գրեթե բոլոր անդամները հրաժարականներ են տալու, եւ այս ամենն իրականում խորը արմատներ ունի: Մեր տեղեկություններով` իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ վարչապետի հիշատակած դատավորների վեթթինգի գործընթացը պետք է իրականացնի կա՛մ Բարձրագույն դատական խորհուրդը, կա՛մ այլ հանձնաժողով կստեղծեն: Իսկ մինչ այդ ասվել է, որ լավ կլինի` ԲԴԽ բոլոր անդամները հրաժարական տան եւ գնան: Այս պահին ԲԴԽ 10 անդամներից արդեն 5-ը հրաժարական են տվել:

 

 

 

 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա մարզպետարանի ՏԻՄ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետին առաջարկել է, որ լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպումների ժամանակ իրազեկեն նախապես: Ստացվում է, որ քաղաքացիների կողմից ընտրված համայնքի ղեկավարները որեւէ թեմայի կամ հիմնախնդրի վերաբերյալ լրատվամիջոցի կամ լրագրողի հայտնելիս պետք է տեղյակ պահեն Տավուշի մարզպետին։ Դա որքանո՞վ է համապատասխանում ՀՀ օրենքներին, մասնավորապես՝ ՏԻՄ օրենսդրությանը։ Մեկնաբանությունների համար դիմեցինք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, որը մեզ հետ զրույցում արձագանքեց: «Ես նման հրահանգ չեմ տվել: Դա վերաբերում է ներքին տեղեկատվական շրջանառությանը, եւ որեւէ հրահանգ չկա: Դա նպատակ ունի, որպեսզի այդ տեղեկատվությունը մեր տեղեկատվական բաժինը կարողանա մշակել: Դա ներքին օգտագործման համար գործընթաց է»:

 

 

 

 

ՉԻ ՓՈԽՎԵԼ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Նա ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ է եւ եղել է նախկին քաղաքապետը: Նրա նշանակումը տարբեր կերպ է ընկալվել: Մեկ խոսվում է, թե Սինանյանն ամենաարժանավոր թեկնածուն է, քանի որ հինգ մատի պես գիտի Սփյուռքն ու սփյուռքահայության խնդիրները եւ ի վիճակի է կատարել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գարծառույթը, բայց, մյուս կողմից, քիչ չեն քննադատությունները Սինանյանի հասցեին:
Քննադատողներից որոշ հատված անթույլատրելի է համարում այն, որ Սինանյանը եղել է սեռական փոքրամասնությունների հարցերով զբաղվող եւ դա լավագույնս կատարելու համար պարգեւատրված եզակի հայերից մեկը: Սա, իհարկե, ամենաթույլ փաստարկն է որպես քննադատություն, քանի որ իրականում մարդը, եթե որեւէ անձի իրավունքներ է պաշտպանում, դրանում վատ բան, իհարկե, չկա` անկախ նրանից` այդ մեկի սեռական կողմնորոշումը ավանդական է, թե ոչ, կամ մենք ընդունում ենք նրա այդ կողմնորոշումը, թե ոչ:
Բայց Զարեհ Սինանյանի մասին վերջերս շատ կարծիքներ հնչեցին հենց ամերիկաբնակ հայերի շրջանից, որոնք բողոքում էին, որ նա հեղափոխության օրերին ծաղրում էր այսօրվա իշխանություններին, արգելում էր իր ուժերի ներածի չափով, որ հանկարծ Գլենդելում հայերը հանրահավաք չանեն` ի պաշտպանություն Հայաստանի հեղափոխության: Ավելին, ավանդաբար Սինանյանը եղել է նախկին իշխանությունների հլու-հնազանդ կատարող «սփյուռքահայրը». այն ոգեւորությամբ, որով նա դիմավորել է նախկին իշխանություններին, հետագայում նույն ձոներով դիմավորել է նաեւ գործող իշխանություններին, ինչը տարակուսանքի տեղիք է տալիս առնվազն:
Բայց ամենակարեւորը դա չէ: Իրականում հայտնի է, որ ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ Սփյուռքում հայերը պառակտված են. միմյանց չեն ընդունում որոշ դեպքերում: Եւ Սփյուռքի մի ներկայացուցչին մյուսների հարցով զբաղվող նշանակելը կարող է Սփյուռքի միասնականության լուրջ խնդիրներ առաջացնել: Շատ սփյուռքահայեր բազմիցս ասել են, որ ավելի լավ է` լինի Հայաստանի մի երիտասարդ, որին որեւէ մեկը չճանաչի, բայց ընկալի որպես ՀՀ ներկայացուցիչ եւ համագործակցի, քան, օրինակ, ամերիկաբնակ հայ, որը չի հասկանա, թե Ֆրանսիայում, Գերմանիայում կամ, օրինակ, Թուրքիայում ապրող մեր հայրենակիցներն ինչ խնդիրներ ունեն:
Թե ինչպես կստացվի նոր հանձնակատարի աշխատանքը, դժվար է ասել, բայց արդեն իսկ պատկերացում կա, որ նա իր երկու օգնական ուղեկցողների հետ պետք է միշտ լինի շրջագայության մեջ եւ նպաստի հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Հուսանք` նրա մոտ դա լավ կստացվի:




Լրահոս