Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը երեկ՝ խորհրդարանում երդվելիս, հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ։ «Այսօր այս երդումը տալով՝ ես դառնալու եմ ՍԴ երկրորդ դատավորը: Այո, դուք չեք սխալվում, երկրորդ դատավորը: Այս երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը հիմա երկրում չէ. ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության պայմաններում ընդունելի ձեւաչափով, այդ մասին կտեղեկացնեմ նաեւ հանրությանը եւ իշխանությանը»: Նրա այսպիսի հայտարարությունն անակնկալ է եղել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար, որոնք դահլիճում նստած լսել են նրա խոսքերը, եւ շատերը նրա հայտարարությունից հետո որոշ ժամանակ անց սկսել են սոցիալական ցանցերում գրել այդ մասին եւ Վահե Գրիգորյանին ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի նախահայր։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանն այժմ միակ մարմինն է, որը դեռ գտնվում է անցումային փուլում։ Եվ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունում առկա են անցումային դրույթներ, որոնցով էլ կարգավորվում են Սահմանադրական դատարանի դատավոր եւ անդամ եզրույթները։ Ըստ այդմ, պետք է անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո բոլորը լինեն ՍԴ դատավորներ, իսկ այս պահի դրությամբ միայն երկուսն են։ Եվ Վահե Գրիգորյանն, ըստ էության, հայտարարեց այդ ճգնաժամը լուծելու պատրաստակամության մասին։ Այժմ կրկին իրավաբանները երկու մասի են բաժանվել. մեկ մասն ասում է, որ ՍԴ անդամի եւ դատավորի լիազորությունները չեն տարբերվում, իսկ մյուս մասն էլ պնդում է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՍԴ-ի ընդունած բոլոր որոշումները կարող են առ ոչինչ ճանաչվել։
Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք կհամագործակցեն այն ուժերի հետ, որոնք պայքարել են նախկին ռեժիմի դեմ, սակայն անուններ չէր նշել։ Եվ, ահա, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ակտիվ աշխատանքներ կարող է սկսել Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության հետ, Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած «Լիբերալ» կուսակցության հետ, «Հայ Ազգային կոնգրեսի» հետ, ինչպես նաեւ համագործակցություն է ունեցել «Հանրապետություն» կուսակցության հետ: Նախարարի խոսքով՝ ինքն իր մտքում ունի նաեւ քաղաքական գործիչների ու կուսակցությունների, որոնք նախորդ ռեժիմի դեմ են պայքարել ու այսօր արժանի են, որ իրենց հետ համագործակցեն:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո սկսեցին շրջանառվել նաեւ կառավարության այլ անդամների անուններ, որոնց աշխատանքից «Իմ քայլը» խմբակցությունում դժգոհ են։ Մասնավորապես, խմբակցության մի որոշ հատվածը եւ, առավել եւս, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները դժգոհ են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքից՝ նրան համարելով թույլ նախարար։ Այդ դժգոհությունների պատճառ է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ Զոհրաբ Մնացականյանը նոր չէ համակարգում, մտերիմ է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այսինքն՝ «թավշյա» նախարար չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց տեղեկությունը ճշտել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից, սակայն վերջինս, իր սովորության համաձայն, անօգուտ ջանքեր էր գործադրում ինֆորմացիայի աղբյուրն իմանալու եւ նոր դրանից հետո պատասխանելու համար։ Հետո նահանջեց՝ ասելով, թե, օրինակ, ինքը դժգոհ չէ նախարարի աշխատանքից։
Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որով հանցավոր մշակույթ եւ հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է պայքարելու ՔԿՀ-ում «զոն նայողների» եւ «օրենքով գողերի» դեմ, ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Այդ նախագծերը քննարկվել են, շտկվել են արդեն մի քանի անգամ, այսօր արդեն քիչ ժամանակ ունեցել եմ առավոտյան հետաքրքրվելու այդ նախագծի ընթացքից: Ասել են, որ 70-80 տոկոսով պատրաստ է, հիմա շատ կարագացնենք այդ պրոցեսը, քանի որ, որպես նախարար, շատ եմ կարեւորում հանցավոր վաքագիծ ունեցող անձանց դեմ պայքարը»։
ՓԱՅԼՈՒՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԲՅՈՒՋԵ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ ԱԺ-ում խոսելով նախորդ տարվա բյուջեի կատարողականի մասին, ասաց` 2018-ը. «Համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի էր, եւ խիստ կասկածում եմ, որ նման բան որեւէ այլ երկրում տեղի ունեցած լինի»: Այնուհետեւ շարունակելով միտքը` նա թվարկեց այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2018 թվականին. «Նախագահի ընտրություն, վարչապետի 5 ընտրություն, 2 փոփոխություն, ԱԺ արտահերթ ընտրություններ, Երեւանի քաղաքապետի արտահերթ, մի քանի քաղաքներում արտահերթ ընտրություններ, ինչպես նաեւ կիսանախագահական համակարգից անցում կատարվեց խորհրդարանական համակարգին»:
Ու թվում էր, թե այս բոլոր գործոնները պետք է ցնցեին երկրի տնտեսությունը, եւ բազում ձախողումներ արձանագրվեին: Սակայն իրականում, ինչպես վարչապետը նշեց, մակրոտնտեսական 5,2 տոկոս տնտեսական աճ ունենք, պետբյուջեն 2018 թվով չկատարված պարտավորություն չունի: Եւ, որպես գնահատական, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կառավարությունն իր աշխատանքը փայլուն է կատարել»:
Իհարկե, գնահատականը բացարձակ է եւ, բնականաբար, բազում քննադատությունների առիթ կդառնա առաջիկայում` սկսած այն տեքստերից, որ չպետք է այդքան ինքնագոհ լինել, քանի որ ձախողումներ կան գրեթե բոլոր ոլորտներում: Քննադատություն կլինի նաեւ այն մասով, որ ՀՀ շարքային քաղաքացին դեռ չի տեսնում իր կյանքում էական փոփոխություն, իսկ երկրի ղեկավարը հայտարարում է, թե գոհ է իր եւ իր թիմի աշխատանքից:
Բայց այս պատկերին զուգահեռ պետք է, այնուամենայնիվ, արձանագրենք, որ ունենք 7.1 տոկոս տնտեսական աճ, որը Եվրասիական միության տարածքում ամենաբարձր ցուցանիշն է: Ըստ վարչապետի. «Եթե համարենք, որ ճգնաժամային կառավարման ռեժիմ է եղել, խնդիրները բացառիկ հաջողությամբ են լուծվել», եւ չի կարելի մի տարվա մեջ ակնկալել 30 տարվա պրոբլեմների լուծում:
Հիշեցնենք, որ 94 կողմ քվեներով դրական եզրակացություն ստացած բյուջեի կատարողական փաստաթուղթը, ըստ էության, կեսով նախորդ իշխանության, կեսով էլ հեղափոխական ուժի կատարած բյուջեն էր, որին մաս էին կազմում կոալիցիոն սկզբունքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լուսավոր Հայաստան»-ը: ԲՀԿ-ն, սակայն, դեմ քվեարկեց կատարողականին: