ՍԵՄԻՐՋՅԱՆԻ ՀԵՏ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը, անդրադառնալով ԲԴԽ հրաժարականների շարքին, հայտնել էր. «Այսինքն` եթե իրենք էլ հասկանային, որ լավ էին աշխատել եւ արդյունավետ, չէր լինի այս հրաժարականների շարանը, բացի այդ, չէր լինի այս կոնֆլիկտը, որ եղավ դատարանների եւ ԲԴԽ-ի միջեւ»: ԲԴԽ թեկնածուի այս հայտարարությունը դատական համակարգում զարմացրել է բոլորին, թե ինչու Բեքմեզյանը միանգամից ցեխ շպրտեց ԲԴԽ նախկին անդամների գործունեության վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ` հասկանալու համար, թե ինչու այդպիսի բան արեց. ի վերջո, ԲԴԽ կազմում եղել են պրոֆեսիոնալ իրավաբաններ:
-Պարո՛ն Բեքմեզյան, ինչպես գիտենք, մամուլը հրապարակեց, որ Դուք ՀԱԿ շրջանակներից առաջադրված թեկնածու եք: Ձեր քույրն ամուսնացած է Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդի Առաքել Սեմիրջյանի հետ: Արդեն պատրաստ է դատավորներին վեթթինգի ենթարկելու նախագիծը, ԲԴԽ անդամներն էլ են համարվում դատավորներ. ի՞նչ կասեք Ձեր այս կապի մասին:
-Կապը միայն ազգակցական է, եւ քաղաքական որեւէ կապ չկա: Եվ կարող եմ Ձեզ ասել, որ դա որեւէ կերպ չի կարող ազդել իմ անաչառության եւ օբյեկտիվության վրա, ինչպես ասել եմ եւ պնդում եմ:
-Իսկ եթե մյուս կողմը փորձի Ձեզ դիմել, էլի պետք է բացառե՞ք ազդեցությունը:
-Վստահ եմ այն կողմից, բացառում եմ, որպեսզի փորձեն միջամտել իմ գործունեությանը:
-Դուք, օրերս անդրադառնալով ԲԴԽ հրաժարականների շարքին, հայտնել էիք. «Այսինքն` եթե իրենք էլ հասկանային, որ իրենք լավ էին աշխատել եւ արդյունավետ, չէր լինի այս հրաժարականների շարանը, բացի այդ, չէր լինի այս կոնֆլիկտը, որ եղավ դատարանների եւ ԲԴԽ-ի միջեւ»: Ձեր այս հայտարարությունը դատական համակարգում զարմացրել է բոլորին: Ինչո՞ւ միանգամից ցեխ շպրտեցիք:
-Ազնվորեն այդ խոսակցություններից տեղյակ չեմ. եթե չեմ սխալվում, իմ կարծիքը օբյեկտիվ էր, ընդ որում` իմ կարծիքը հիմնված էր նրա վրա, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամները չէին հիմնավորել, թե ինչու էին իրականում դուրս գալիս: Հավատացեք, ես չեմ խուսափի, եթե ինքս գտնեմ, որ լավ չեմ աշխատում, ես չեմ ասում, որ իրենք լավ կամ վատ են աշխատում, ես ասել եմ այնտեղ… Փաստորեն, ենթադրում եմ` իմ ասածները այնտեղ ինչ-որ ձեւ կիսատ են լսվել կամ խեղաթյուրել են, կամ էական չէ, միգուցե այդպես է հասկացվել, ես խնդիր չունեմ դրա հետ կապված: Բայց վստահ եմ` եթե աշխատեմ ու լավ չաշխատեմ, ես կասեմ` կներեք, ես չկարողացա աշխատել եւ ես դուրս եմ գալիս: Ամեն դեպքում, չեմ նկատել այդպիսի արձագանք` իմ ասածի հետ կապված, չեմ ցանկացել որեւէ մեկին վիրավորել: Ամեն դեպքում, կարծիք եմ հայտնել, եւ, ըստ էության, եթե հիմնավորվեր, թե ինչու էին իրենք դուրս գալիս, միգուցե մեր պատկերացումները իրենց հրաժարակաների մասին ռեալ ու հստակ կլինեին:
-Մշտապես խոսում են դատական համակարգի անկախության մասին: Ըստ Ձեզ` եթե, օրինակ, Ձեզ ներկայացնում է իշխող խմբակցությունը, այդ դեպքում Դուք ո՞նց կարող եք ԲԴԽ անկախ անդամ լինել: Օրինակ` եթե «Իմ քայլի» պատգամավորներից մեկը Ձեզ զանգի ու ասի` գիտեք, ես Ձեզ ձայն եմ տվել, այ այս դատավորը լավ չի պահել իրեն, պատժեք կամ ազատեք աշխատանքից, ի՞նչ եք անելու. մերժելո՞ւ եք, թե՞ բավարարելու:
-Որ ինձ ճանաչեիք, նման հարց չէիք տա. բացառվում է: Դատական համակարգը պետք է անկախ լինի` անկախ նրանից` ով է ընտրվում Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
-Հիմա Դուք ո՞նց անկախ պետք է լինեք. Ձեզ կոնկրետ իշխող խմբակցություն է առաջադրել:
-Ինչ-որ մեկը պետք է առաջարկեր ինձ :
-Թող դատական համակարգը առաջարկեր` չնայած գիտենք, որ դատական համակարգը օրենքով դատավորներից 5 հոգու կարող է առաջարկել ԲԴԽ անդամ: Թող գիտական մասով եւս դատական համակարգը առաջարկեր, որ ինչ-որ կերպ խոսեինք դատական իշխանության անկախության մասին:
-Այս պահի դրությամբ Սահմանադրությունը նախատեսում է Ազգային ժողովի կողմից առաջադրման տարբերակը, եւ մենք պարտավոր ենք ենթարկվել Սահմանադրությամբ նախատեսված կարգին: Դա արդեն առաջադրված թեկնածուների պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում. թե ինչքանով ու որքանով են նրանք պատրաստ անկախ լինել, աշխատանքը ընթացքում ցույց կտա:
-Այսինքն` հիմա եթե ընտրվեք, ու Ձեզ զանգեն, ինչպես նախկին իշխանությունից, այնպես էլ ներկայիս իշխանությունից, մերժելո՞ւ եք իրենց ցանկացած խնդրանքը:
-Վստահ թող լինեն, որ նման բան չի լինի, բայց եթե լինի, ես միանշանակ կմերժեմ:
Հ.Գ. Նշենք, որ Ազգային ժողովի կողմից Գրիգոր Բեքմեզյանը 107 կողմ եւ 4 դեմ ձայներով ընտրվեց ԲԴԽ անդամ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ԿԱԹԻ ԳԻՆԸ` ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքի բնակիչ Սիրարփի Պողոսյանը զբաղվում է ազնվամորու մշակությամբ, որն էլ համարվում է նրա եկամտի միակ աղբյուրը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա պատմեց, որ նոր է հիմնել այգին, կազմում է 500-600 մետր: Նրա հիմնական խնդիրը կապված է ոռոգման ջրի հետ, ջուրը սակավ է: Երկրորդ խնդիրը, որ գյուղատնտեսը բարձրաձայնեց, ջրի աղտոտվածությանն է վերաբերում: «Ջուրը գալիս է սարերից, եւ գետի վրա ՀԷԿ է կառուցված, որի շահագործման արդյունքում ջուրն աղտոտվում է, ինչից բույսերը չորանում են: Ոչ միայն մորին է չորանում, այլ բոլոր բույսերի վրա էլ այն իր բացասական ազդեցությունն է թողնում, անգամ կարտոֆիլի»,- մեզ հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Ս. Պողոսյանը: Գյուղատնտեսի խոսքով՝ համայնքի բնակիչները ջրի հարցով դիմել են Բնապահպանության նախարարություն, Արագածոտնի մարզպետարան: Դեռ արձագանք չկա: Բացի այս, նա նշեց նաեւ մեկ այլ խնդրի՝ կարկտահարության մասին, որը մեծ վնասներ է հասցնում Վարդենուտի բնակիչներին:
«Ժողովուրդ» օրաթերթի մյուս զրուցակիցը ՀՀ Շիրակի մարզի բնակիչ Գեւորգ Կարապետյանն է, որն ունի 10 գլուխ խոշոր եղջերավոր կաթնատու անասուն: Ֆերմերը մեզ հետ զրույցում անմիջապես մատնանշեց կաթի գնի խնդիրը, որը այդպես էլ Հայաստանում չի կանոնակարգվում: Կաթի գնի վայրիվերումները լուրջ խնդիր են անասնապահի համար: Նրա խոսքով՝ ամռան այս շրջանում սովորաբար կաթնատվությունը բարձր է լինում, իսկ վերամշակող ընկերություններն էլ, օգտվելով առիթից, կաթի մթերման գինը նվազեցնում են: «Թեկուզ 10 դրամի նվազումն էլ ազդեցություն է ունենում եկամուտների վրա: Ձմռան ամիսներին, երբ կաթի արտադրությունը քիչ է, հիմնականում կաթի մեկ լիտրը մթերում են 150-160 դրամով, իսկ հիմա արդեն նվազեցրել են ու մթերում են 140 դրամով: Բայց 20 դրամի տարբերությունը օրական 100 լիտրի դեպքում մեծ գումար է կազմում, որի կարիքը ֆերմերն ունի»,- արձագանքեց շիրակցի անասնապահը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ֆերմերը նկատեց, որ իր առաջ խնդիր է դրել մեկ կովի կաթնատվությունը բարձրացնել եւ հասցնել տարեկան գոնե 2500-3500 լիտրի:
«Կաթի ինքնարժեքի եւ ֆերմերի եկամուտի վրա ազդում է նաեւ անանսակերը, դա էլ կապված է բնակլիմայական պայմանների հետ. եթե տարին բարենպաստ եղավ, ապա անասնակերով ապահովված կլինենք, եթե չէ, անասնակեր չենք ունենա»,- լրացրեց Գ. Կարապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ֆերմերից հետաքրքրվեց՝ արդյոք մասնակցելու է Էկոնոմիկայի նախարարության՝ «Խելացի անասնաշենք» կառուցելու ծրագրին: Հարցին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Ախր, այդ գործընթացը սկսելու համար նախ պետք է գումար ունենալ, որը ֆերմերը չունի, պետք է գնա բանկից վարկ վերցնի, որ հետո պետությունը սուբսիդավորի: Դա խնդիր է: Կամ էլ պետք է տունը գրավադրի: Ազատ միջոցներ չունի ֆերմերը: Բանկերն էլ միայն գրավի առկայության դեպքում են վարկ տրամադրում, իսկ ֆերմերը չունի գրավադրելու ենթակա գույք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Իջեւանի ավագանու նախկին անդամ Վալերի Մելիքբեկյանը, քաղաքի նախկին կենցաղի տան հարակից գոտում զբոսայգու կառուցապատման կապակցությամբ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի ոչ իրավաչափ գործողությունները վիճարկելով, դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:

Դատարանը հայցը վարույթ չի ընդունել, Վ. Մելիքբեկյանը դիմել է վարչական դատարան եւ պնդում է, որ զբոսայգու համար նախատեսված տարածքն իր սեփականությունն է, ինքն ունի այդ տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Վ. Ղալումյանն էլ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ 2006թ. ուժի մեջ մտած կառավարության որոշմամբ 520.7 հեկտար հողերը սեփականության իրավունքով փոխանցվել են Իջեւան համայնքին, ստացել պետական գրանցում, կառուցապատվող զբոսայգու տարածքը ներառած է այդ հողերի մեջ:
Բայց սա միակ պատմությունը չէ, որ կապված է այդ տարածքի հետ: Վ. Մելիքբեկյանի կինը` Նարինե Մելիքբեկյանն էլ դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին` հայտնելով, որ հունիսի 15-ին Վ. Ղալումյանը կառուցապատվող զբոսայգու տարածքում իրեն հարվածել է: Քաղաքապետն ասաց, որ ինքը նրան չի հարվածել, հրել, այդ օրը` հունիսի 15-ին, քաղաքապետարանի աշխատակիցները շաբաթօրյակ են անցկացրել, կառուցվող զբոսայգու տարածքը մաքրել տարատեսակ աղբից, իսկ այգու կառուցապատման դեմ բողոքող 4 կանայք` Վ. Մելիքբեկյանի հարազատները, խոչընդոտել են զբոսայգու տարածքում սալիկների տեղադրմանը, պոկել են սալիկների տեղադրման համար քաշված լարերը, խանգարել աղբատար մեքենայով տարածքից աղբի հեռացմանը: Սակայն ՀՀ ոստիկանությունը նման արձանագրում չունի:
Վ. Ղալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանը դիմել է անշարժ գույքի կադաստրին կից «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ, որպեսզի պարզվի Վ. Մելիքբեկյանի կողմից սեփականության համարվող հողամասի գտնվելու վայրը: Ստացված պատասխանում նշված է, որ Իջեւանի Գանինի փողոցում պուրակի շինարարական աշխատանքները կատարվում են համայնքային սեփականություն համարվող հողամասում:
Քաղաքապետարանը նաեւ դիմել է նոտարական գրասենյակ` պարզելու Վ. Մելիքբեկյանի հողամասի օտարման իրավական հիմքերը: Նոտարական գրասենյակից պատասխան է ստացել, որ այդ հողամասի վարձակալության վերաբերյալ Իջեւանի քաղաքապետարանի եւ Իջեւանի բնակիչ Նաիրա Գեւորգյանի միջեւ վարձակալության վերաբերյալ նոտարի գրանցամատյանում վարձակալության պայմանագիր է ձեւակերպվել, սակայն անշարժ գույքի կադաստրում ներկայացվել է առքուվաճառքի պայմանագիր, Ն. Գեւորգյանին տրվել է սեփականության իրավունքի վկայական:
Քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ Ն. Գեւորգյանը հողամասի աճուրդին չի մասնակցել. Իջեւանի նախկին քաղաքապետը, նրան հրավիրելով, ստորագրել է տվել հողամասին վերաբերող փաստաթղթերի տակ, Ն. Գեւորգյանի ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել հողամասի ձեռքբերումից: Ավելին, նախկին քաղաքապետը 2011թ. Ն. Գեւորգյանին առաջարկել է, որ այդ հողամասը ձեւակերպվի իր կնոջ հորեղբոր անունով: 2006-ին` այդ հողամասը օտարելու ժամանակ, Իջեւանի բոլոր հողերը համարվել են պետական սեփականություն, եւ առանց լիազոր մարմնի` պետության, քաղաքապետարանը իրավունք չուներ հողամասն օտարելու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս