ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՆՈՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այս օրերին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմում 6 անդամներ կան, որոնցից երկուսը Ազգային ժողովի կողմից ընտրվեցին միայն վերջերս։ Եվ դատավորներն ահազանգում են, որ ԲԴԽ-ի ներսում լուրջ քայլեր են պատրաստվում իրականացնել, ինչը կարող է դատավորների շրջանում նոր դժգոհության ալիք բարձրացնել: Դատավորներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին, որ ԲԴԽ-ն այսօրվա իր կազմով կարող է քվորում իրականացնել, եւ ներքին խոսակցություններ կան այն մասին, որ ԲԴԽ 6 անդամները ցանկանում են նիստ հրավիրել եւ ԲԴԽ նախագահ ընտրել, որն օրենքով պետք է ընտրվի դատավորների կազմից: Սակայն վերջիններս դա անարդար են համարում, քանի որ կառույցում միայն երկու դատավոր կա։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում դատավորների թվի համալրմանը չսպասելը խորը արմատներ ունի: Եվ լուրեր են պտտվում, որ իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրվի, օրինակ, դատավոր Սերգեյ Չիչոյանը, որից հետո հրաժարական տա: Այդ ամենից հետո ԲԴԽ թեկնածուները նախագահ պետք է ընտրեն արդեն Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից մեկին: Եվ, ահա, ըստ դատական համակարգում տարածված լուրերի` իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրեն ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, արդեն ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ` նման ենթադրությունները կամ երեւակայությունները որեւէ ձեւ հիմնավորված չեն»։

 

 

 

 

Յոթերորդ գումարման խորհրդարանի պարագայում եւս շարունակվում է այն պրակտիկան, երբ պատգամավորների կողմից քննարկված եւ ընդունված նախագծերի մեծ մասը ներկայացվում է կառավարության կողմից։ Հունիսի 20-ին ավարտվել է յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանը, իսկ առաջինը մեկնարկել էր հունվարի 14-ին։ Եվ, ահա, հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակահատվածում խորհրդարանի կողմից ընդհանուր առմամբ ընդունվել է 122 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից, ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, միայն 13-ն են ներկայացվել պատգամավորների կողմից։ Այստեղ խոսքն արդեն ընդունված, այլ ոչ թե հեղինակած նախագծերի մասին է։ Ընդ որում, այդ 122 նախագծերից մի քանիսն ընդունված են եղել արդեն երկրորդ ընթերցմամբ, այսինքն` դեռեւս նախորդ կառավարության կողմից հեղինակած եւ քննարկված նախագծերի մասին է խոսքը։ Մեծ թվով նախագծեր կան նաեւ օրակարգում չընդգրկվածների թվում, որտեղ եւս մեծ մասը պատկանում է հենց կառավարությանը։

 

 

 

 

Երեկ խորհրդարանում մոտ 40 րոպե հայրենի պատգամավորները, թողած օրակարգային հարցերն ու նախագծերը, քննարկում էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի «սիրուն աղջիկ» արտահայտությունը՝ ուղղված Քաղավիացիայի պետ Տաթեւիկ Ռեւազյանին։ Եվ երեկ խորհրդարանում թեժ վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը որոշեց պաշտպանել Տաթեւիկ Ռեւազյանի «թասիբը»: Արեն Մկրտչյանի ելույթից եւ Էդմոն Մարուքյանին ուղղված հորդորից հետո սկսվեց նմանատիպ ելույթների շարան, եւ պատգամավորները կարծես թե մոռացել էին, թե իրականում ինչու էին հավաքվել։ Սակայն հետաքրքիր է, որ մինչ խորհրդարանում բոլորը որոշել էին խոսել Տաթեւիկ Ռեւազյանից, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս երկրում չէ. Քաղավիացիայի պետը մինչեւ հուլիսի 1-ը լինելու է արձակուրդում:

 

 

 

 

Երեկ խորհրդարանում քննարկվում էր Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը։ Բավական ուշագրավ տվյալներ են հայտնաբերվել Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, որոնց երեկ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին հարց ուղղելիս անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, նախատեսված է եղել 2018 թվականին 20,575-ով կրճատել հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը եւ կատարել 9 մլրդ դրամի խնայողություն, սակայն Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ ցուցակները չեն վերանայվել։ Այսինքն` ԲՍՓ հանձնաժողովը զանգվածաբար «կտրել է» մարդկանց թոշակները, որ պետությունը քիչ հաշմանդամների թոշակ վճարի։ Ու հիմա պարզվում է, որ ցուցակները չեն մաքրվել, եւ գուցե մարդիկ, որոնք չպետք է թոշակ ստանան, վճարվել են բյուջեից։ Հուսանք՝ այս թեման էլ մի նոր Խաչիկյանի ու մահացած մարդկանց կողմից ստացված թոշակների ցուցակների չի հանգեցնի:

 

 

 

 

«ՀՐԱՅՐԱԶՐԿՈՒՄ»
ՀՀ դատական համակարգի առողջացման քայլերին զուգահեռ սկսվել է ՀՀ Սահմանադրական դատարանի «հրայրազրկման» ուրույն օպերացիա: ԱԺ-ի կողմից ընտրված Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը իր երդման օրը, երբ հայտարարեց, որ գնում է ոչ թե ՍԴ անդամ, այլ նախագահ, իհարկե, հասկանալի էր, որ Հրայր Թովմասյանի օրերը հաշված են: Նա պետք է բռնի այն ուղին, որով անցան Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ մի շարք այլ դատավորներ ու ԲԴԽ անդամներ: Սակայն դատելով իրավիճակից` Հրայր Թովմասյանը չի ցանկանում նահանջել, գոնե առայժմ: Նախօրեին նա ինքնագոհ ժպիտով մտավ ՍԴ եւ հայտարարեց, որ ասելիք չունի. երբ ունենա, կասի: Թերեւս երկար ժպտալու առիթ նա չի ունենա, քանի որ օղակն իրապես սեղմվում է: Բայց երեկ ՍԴ-ի առջեւ սկսված ակցիան բազմաթիվ հեռուն գնացող եզրահանգումների առիթ է տալիս:
Նկատեցի՞ք` եթե Վերաքննիչ դատարանի առջեւ պայքարի են դուրս գալիս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, մի կողմում էլ հավաքվում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները եւ հայհոյում միմյանց, ապա ՍԴ-ի առջեւ Քոչարյանի կողմնակիցներին կամաց-կամաց փոխարինելու են Արցախում պարող Սերժ Սարգսյանի կողմնակիցները: Նրանք համարում են, որ ՍԴ-ն միակ տեղն է մնացել, որ ՀՀԿ-ից պատառիկներ կան, ու իրենց բաժին կռիվը կատաղի տալու են: «Հրայրը չպետք է հեռանա, դուխով պիտի կանգնի»,- ահա պատգամը:
Այսինքն՝ դատական իշխանության մի հատվածում իշխանության դեմ են դուրս եկել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները, մյուս իշխանության՝ ՍԴ-ի մոտ՝ դեռեւս մեղադրյալի կարգավիճակ չունեցող Սերժ Սարգսյանի մարդիկ:
ՈՒ կարելի է ասել, որ դատարանների մաքրման գործընթացը ինքնաբերաբար բախվում է նախկին քսանամյա ռեժիմին կամ, ինչպես Արտաշես Գեղամյանը կասեր, Քոչարյան-Սարգսյան հանցավոր զույգին: Իսկ թե ինչով կավարտվեն այս պայքարները, թերեւս դժվար չէ կանխատեսել. պարզապես անհասկանալի է, թե ինչքան ու ինչու են դիմադրում:
Թեեւ, մյուս կողմից, դեռ կան իրավաբաններ, եվրոմասնագետներ, որոնք կարծում են, որ դատարանների մաքրման գործընթացը ճնշում է դատական իշխանության նկատմամբ, որն անթույլատրելի է, անօրինական եւ հակաժողովրդավարական: Մինչդեռ միջազգային շատ կառույցներ էլ դատական իշխանության անկախության վերականգնումն ու ամրապնդումը համարում են գերկարեւոր քայլ, որն իրականացվում է հետհեղափոխական Հայաստանում:




Լրահոս