Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, պարզվում է, «Բիզնես Ռեջենտ» ՍՊԸ-ի տնօրենն է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ մարզպետը նշյալ ՍՊԸ-ի հիմնադիրն է ու, ըստ փաստաթղթերի, մինչեւ այժմ շարունակում է տնօրինել այդ ընկերությունը` չնայած այն հանգամանքին, որ պետական պաշտոնյային արգելվում է բիզնես գործունեությամբ զբաղվել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մարզպետից պարզել, թե ինչու է, օրենք խախտելով, շարունակում տնօրինել ընկերությունը:
-Ես «Բիզնես Ռեջենտ» ՍՊԸ-ի պաշտոնը թողել եմ մայիսի 31-ին` մարզպետ նշանակումիցս մեկ օր առաջ: Այս պահին «Բիզնես Ռեջենտ»-ի գործունեությունը կասեցված է, ես ինքս հիմնադիր տնօրեն եմ եղել այդ ընկերության, ես նշանակումից առաջ թողել եմ այդ պաշտոնը, քանի որ օրենքով իսկ ես չէի կարող համատեղել պետական պաշտոնյայի եւ մասնավոր ընկերության ղեկավարումը, որից հետո` ամիսներ անց, ընկերությունը իր գործունեությունը սառեցրել է, չի լուծարել: Թե ինչ-որ ռեսուրսում ինչու է դեռ հին տվյալները, դա արդեն իրենցից հարցրե՛ք: Ես ինքս բոլոր փաստաթղթերն ունեմ, որ հունիսի 1-ից ես բացառապես մարզպետի պաշտոնում եմ: Դա կապված էր տուրիզմի դասընթացների կազմակերպման հետ:
-Այսինքն` մարզպետ նշանակվելուց մեկ օր առաջ հրաժարվե՞լ եք Ձեր բիզնեսից:
-Այո՛, ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն եմ եղել, մեկ տարուց քիչ ավել աշխատել եմ, ապա, նշանակմանս հետ կապված, օրենքով սահմանված կարգով թողել եմ այդ պաշտոնը` հրաժարվել եմ գործադիր տնօրենի պաշտոնից ու զբաղեցրել եմ մարզպետի պաշտոնը` վարչապետի որոշմամբ:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների` առաջիկայում պաշտոնանկ են անելու Ձեզ, քանի որ Ձեր ոչ ճիշտ աշխատանքի պատճառով իշխանությունները պարտվեցին Աբովյանի համայնքապետի ընտրություններում:
-Նման տեղեկություն ես չունեմ: Իսկ ո՞վ է ասում, որ ընտրությունները տապալվել են, ես համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ, Աբովյանի ՔՊ-ի թեկնածուն ընդամենը զիջել է 395 ձայնով ԲՀԿ-ի եւ մի շարք այլ ուժերի աջակցությունը վայելող թեկնածուին: Ընտրությունների տապալում չի եղել, եւ, ընդհակառակը, այդ ընտրություններով բազմաթիվ հարցեր ստացան իրենց պատասխանները, ինչպես նաեւ ես հասկացա, որ դեռ ՏԻՄ-երում կան նախկին կառավարման, նախկին քաղաքական մշակույթի ցայտուն օրինակներ, ինչպես նաեւ գործիչներ, ովքեր փորձ են անում առնվազն ՏԻՄ մակարդակում վերարտադրվել կամ վերարտադրումն անել իրենց հովանավորյալների, գործիչների, քաղաքական իրողությունների գործիքակազմերով: Այդ թվում նաեւ այն ընտրացուցակը, որը հայտնաբերվեց ԲՀԿ-ի հանձնաժողովի անդամի ձեռքում, վառ ապացույցն է, որ մարդիկ հետհեղափոխական Հայաստանում դարձյալ փորձ են անում հին ձեռագրով, հին գործելաոճով գործել:
-Այսինքն` Դուք համարում եք, որ Ձեր մեղավորությունը չկա, ու ԲՀԿ-ի գործելաո՞ճն է պատճառը, որ «Իմ քայլ»-ը պարտվել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում:
-Ես չեմ բացառում, որ կարող էի ավելի լավ գործել, ավելի արդյունավետ գործել, բայց չեմ գործել, քան գործել եմ: Բայց քաղաքական գնահատական տալու առումով պետք է մի քիչ նրբանկատ գտնվենք: Ես գործել եմ բացառապես օրենքի եւ իրավունքի` ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում: Ես գործել եմ` որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, որպես Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի անդամ, եւ արել ենք անհնարինը` Աբովյանում ունենալու թափանցիկ, մաքուր, ժողովրդավար ընտրություններ, ինչի արդյունքում ընտրված քաղաքապետը պետք է վայելեր լեգիտիմության իր չափաբաժնով ստացած քվեն, իսկ թե դա ինչքանով է հաջողվել, ինքներդ էլ դա կարող եք դատել:
-Դուք հայտարարեցիք նաեւ, որ հետհեղափոխական Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք ՏԻՄ ընտրություններում կրկին փորձում են նախկին քաղաքական մշակույթով շարժվել, ավելին` փորձում են վերարտադրվել: Բայց շատերն էլ Ձեր գործելաոճն են նմանեցնում նախկին իշխանությունների կողմից ներկայացված մարզպետների գործելաոճին, որոնք նախկին ընտրությունների ժամանակ շրջում էին մարզում, ահաբեկում, ճնշում, որպեսզի մարդիկ ձայն տան իրենց թեկնածուին: Նույն գործելաոճն ուներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Դուք ինչո՞ւ կրկնեցիք նրա օրինակը:
-Ես շատ խիստ անհամաչափ եմ որակում Ձեր տարած զուգահեռները: Ես մեր մարզում շրջել եմ բացառապես խնդիրներին ծանոթանալու նպատակով, տեղում լուծումները պատկերացնելու, թափանցիկ կառավարումը ապահովելու նպատակով: Ես չգիտեմ` տվյալ պարոնը ինչ նպատակով է շրջել, ես չեմ էլ ուզում գնահատական տալ, թե ինչ նպատակով է շրջել մարզում: Ես ընտրությունների ժամանակահատվածում եղել եմ պաշտոնական արձակուրդում ու հայտարարել եմ, որ Աբովյանի ընտրություններին մասնակցելու նպատակով ես գնում եմ արձակուրդ, որպեսզի իմ կարգավիճակը չզուգորդվի քաղաքական գործչի գործունեության հետ:
ԱԺ-ՈՒՄ ՎԻՃՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՌԵՎԱԶՅԱՆԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
Երեկ խորհրդարանում թեժ վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը որոշեց պաշտպանել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի «թասիբը»՝ ասելով, որ նրան պետք չէ դիմել «սիրուն աղջիկ» ձեւակերպմամբ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Տ. Ռեւազյանի հետ, սակայն պարզվեց` նա երկրում չէ, մինչեւ հուլիսի 1-ը լինելու է արձակուրդում:
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ԱԺ-ում «վարման կարգի» իրավունքով անդրադարձավ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառմանը: «Մեջբերում եմ` ուղղված «փայլուն աշխատող կառավարությանը եւ Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան»: Ինձ մոտ տպավորություն է` պարոն Մարուքյանն իրենց բակի «բեսեդկայում» պպզած ռեպլիկ էր թողնում տակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետեւից: Ես ուզում եմ հիշեցնել, որ Մարուքյանը պատգամավոր է եւ խոսում է Քաղավիացիայի պետի մասին: Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը եւ դրսեւորել իրեն կլասիկ պատգամավորի եւ ոչ ռաբիս պատգամավորի պես»,-հայտարարեց Մկրտչյանը:
Թեմայի շուրջ ձայն խնդրեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը. «Մեր կառուցողական առաջարկները առանց ռեպլիկներ անելու վերցրե՛ք, գնացե՛ք ձեր կառավարության մոտ եւ հարցը լուծե՛ք, այստեղ ֆեսբուքյան ստատուսներ մի՛ գրեք»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ զրուցել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանի հետ: Վերջինս հայտարարեց, թե իրենք իրենց տեղում աշխատում են, ու կապ չունի, որ իրենց ղեկավարն այս պահին արձակուրդում է:
«Քաղավիացիայի կոմիտեի աշխատանքը ամենօրյա աշխատանք է, որը որ տեսանելի ու հանրայնացված չէ, ամեն մի քայլը չի ներկայացվում: Շաբաթ օրվանից մենք աշխատում ենք, կիրակի օրը աշխատել ենք, առավոտվանից կոմիտեի տեղակալի մոտ տեղի է ունեցել քննարկումներ բոլոր ռուսական ավիաընկերությունների հետ, որոնք ՀՀ-ում թռիչքներ են իրականացնում, առաջարկվել է տարողությունները բարձրացնել, այսինքն` փոխարինեն ավելի մեծ օդանավերով, ավելացվել է չվերթների քանակը: Մենք այս պահին էլ աշխատում ենք, հանդիպում ենք ունեցել նաեւ տեղական փոխադրողների հետ»,-հայտարարեց մեր զրուցակիցը:
Իսկ թե ինչ են անում՝ վրացական շուկայի անկայունությունից օգտվելու եւ հայկական քաղավիացիան զարգացնելու համար, այդպես էլ մնաց անհասկանալի ու թերեւս կմնա անիրականանալի երազանք:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՆՈՐ ՄԱՐՄԻՆ
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր իր նախորդ համարներում, դատավորների վեթթինգը կարող է իրականացնել Բարձրագույն դատական խորհուրդը: Բացի այս կառույցից վեթթինգ է իրականացնելու նաեւ նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը: Այս մարմնի ստեղծման մասին նախագիծն արդեն իսկ տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում, եւ այն հեղինակել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ըստ նախագծի, հանձնաժողովը կազմված է լինելու հինգ անդամից` նախագահ եւ չորս անդամ, որոնց բոլորին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, նշանակում է Ազգային ժողովը վեց տարի ժամկետով` բացառությամբ հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի: Ընդ որում, նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով հանձնաժողովի անդամ: Եվ քանի որ սա նոր մարմին է, ապա առաջին կազմը ձեւավորվելու է հետեւյալ կերպ. սույն օրենքի` ուժի մեջ մտնելու օրվանից հետո ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 30-ը Ազգային ժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, նշանակում է հանձնաժողովի նախագահին եւ չորս անդամներին: Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման մարմին ստեղծելու մասին նախագիծը կքննարկվի այս օրերին ընթացող ԱԺ արտահերթ նիստում, եւ արդեն մինչեւ հոկտեմբերի 30-ն էլ ամբողջովին կկազմավորվի մարմինը:
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին խորհրդարանին է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երկու անդամների թեկնածուների` Էդգար Ճաղարյանին ու Կարեն Սեդրակյանին: Ընդ որում, թեկնածուների ընտրությունն ընդգրկվել է հունիսի 20-ին մեկնարկած արտահերթ նիստի օրակարգ, եւ առաջիկա օրերին կքննարկվի նաեւ այդ հարցը: Մինչ այդ երկու թեկնածուներն էլ արդեն սկսել են հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ: Երեկ, օրինակ, երկուսն էլ առանձին-առանձին հանդիպել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ, չնայած ոչ բոլորն են ներկա եղել հանդիպմանը: Առաջիկա օրերին նրանք կհանդիպեն նաեւ խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ:
Իսկ մինչ այդ նշենք, որ Կարեն Սեդրակյանը մինչ այս բարձր պաշտոններ է զբաղեցրել տարբեր գերատեսչություններում, իսկ հեղափոխությունից հետո` 2018-2019 թվականներին, եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդականը, իսկ մինչ այդ էլ` 2012-2018 թվականներին, եղել է ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ:
Էդգար ճաղարյանը եւս տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախկինում, այդ թվում եղել է ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության 1-ին բաժնի առաջատար մասնագետ, իսկ, ահա, հեղափոխությունից հետո` մինչեւ այժմ, աշխատել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում` որպես ղեկավարի տեղակալ: