Օրեր առաջ ավարտվեց յոթերորդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանը, եւ հիմա ընթանում են ԱԺ արտահերթ նիստեր: Յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից, այսինքն` հունվարի 14-ից մինչեւ երկրորդ նստաշրջանի ավարտը` մինչեւ հունիսի 20-ը, խորհրդարանի կողմից ընդունվել են մեծ թվով նախագծեր, որոնց մեծամասնությունը, սակայն, հեղինակել է կառավարությունը:
Ինչպես հայտնի է, ԱԺ մոնիթորինգով զբաղվում է parliamentmonitoring.am-ը, տվյալները տեղադրվում են ԱԺ կայքի համապատասխան բաժնում: Եվ, ահա, հունիսի 23-ի դրությամբ, խորհրդարանի կայքի տվյալների համաձայն, ընդունվել է 122 օրենսդրական նախաձեռնություն: Հունիսի 20-ի տվյալներով` ընդունված նախագծերից 73,6 տոկոսը ներկայացվել է կառավարության կողմից, իսկ 26,4 տոկոսը` Ազգային ժողովի կողմից: Նախագծերի մեծ մասը` 32,9 տոկոսը, վերաբերել է պետաիրավական ոլորտի, 27,4 տոկոսը` հանրային հարցերի, 11 տոկոսը` հարկային հարցերին, 9,6 տոկոսը` տնտեսական հարցերի եւ այդպես շարունակ: Ամենաքիչ թվով նախաձեռնությունը վերաբերել է տարածքային կառավարման եւ բնապահպանության ոլորտներին, եւ ներկայացվել է մեկական նախագիծ:
Ինչպես արդեն նշեցինք, նախագծերի մեծ մասը ներկայացված է եղել կառավարության կողմից, ընդ որում` դրանց թվում տեսակարար կշիռ են կազմում նաեւ այնպիսինները, որոնք դեռեւս նախորդ խորհրդարանի ժամանակ արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված են եղել եւ հիմա պարզապես երկրորդ ընթերցմամբ են վավերացվել: Սակայն մեծ թիվ են կազմում, ամեն դեպքում, հենց նոր կառավարության կողմից հեղինակած նախագծերը:
Այսպիսով, ուսումնասիրելով նախագծերը, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդունված 122 նախագծերից միայն 13-ն են նախագծված եղել օրենսդիրների կողմից: Իհարկե, չենք կարող չնշել, որ պատգամավորների կողմից ներկայացված բազմաթիվ նախագծեր կան, որոնք օրակարգում են կամ նույնիսկ չեն էլ ընդունվել օրակարգ, բայց փաստ է, որ ընդունված նախագծերը միայն 13-ն են: Եվ հետաքրքիր է, որ եթե մյուս երկու խմբակցությունները նախագծերը ներկայացնում են անհատապես, ապա ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախընտրում է նախագծերը ներկայացնել ամբողջ խմբակցության անունից:
Ըստ այդմ, մինչեւ այժմ ընդունվել է այդ խմբակցության կողմից ներկայացված 4 նախագիծ: Դրանք են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագիծը եւ այլն: ԲՀԿ-ական պատգամավորների կողմից ընդունված նախագծեր բաժնում միայն երկուսն են. մեկը հեղինակել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է, եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որն էլ հեղինակել են Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը: Ստացվում է` ընդունված նախագծերից 4-ը «Լուսավոր Հայաստանինն» է, երկուսը` ԲՀԿ-ինը: Իսկ, ահա, նույն բաժնում ավելի շատ են իշխանական խմբակցության պատգամավորներինը: Հիշեցնենք, որ խոսքը ընդունված, այլ ոչ թե հեղինակած նախագծերի մասին է:
«Իմ քայլ»-ի կողմից երկու նախագիծ ընդունվել է Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած, մեկ նախագիծ Ալեն Սիմոնյանինն ու Լենա Նազարյանինն է, որը 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած մարդկանց աջակցության մասին նախագիծն է, մեկ նախագիծ հեղինակել է Հրաչյա Հակոբյանը, մեկը` Վարազդատ Կարապետյանը, մյուսն էլ` Ծովինար Վարդանյանը: Ստացվում է` 6 նախագիծ էլ կա իշխանական խմբակցության կողմից: Իսկ, ահա, օրակարգում ընդգրկված 78 նախագծերից միայն 8-ը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանինն են: Եվ հետաքրքիր է, որ բոլոր 8 նախագծերը նա ներկայացրել է իրար հետեւից` մի քանի օրվա տարբերությամբ: Նախագծերի առումով իշխանական պատգամավորներից ակտիվ է Գեւորգ Պապոյանը. նա այս բաժնում ունի 3 նախագիծ, որոնցից մեկը` «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, օրեր առաջ բավականին բուռն քննարկվեց խորհրդարանում: Եվ 9 օրենսդրական նախաձեռնություն ներկայացված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից, եւ կրկին ոչ թե անհատապես, այլ ամբողջ խմբակցության կողմից:
Ընդ որում, ներկայացված նախագծերի թեմատիկան բազմազան է` վարչական իրավախախտումներից մինչեւ Քրեական օրենսգիրք: Իսկ, ահա, ԲՀԿ-ական պատգամավորներից այս առումով ավելի ակտիվ է Սերգեյ Բագրատյանը. նա եւս այս բաժնում ունի 3 օրենսդրական նախագիծ, որոնք դեռ չեն քննարկվել: Օրակարգում առհասարակ չընդգրկված նախագծերը 126-ն են, որոնց թվում կրկին մեծ են կառավարության ներկայացրածները: Ինչպես տեսնում եք, իշխանական խմբակցությունն այնքան էլ հետ չի մնում ընդդիմադիրներից, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ներկայացնում են 88 հոգանոց խմբակցություն, ապա նրանց ակտիվությունը պետք է ավելի շատ լինի:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն մասին, որ 2018թ. համաներումից հետո հանցագործությունների թիվն ավելացել է: Ստացվում է` ըստ էության, ազատության մեջ հայտնված մարդկանցից շատերը կրկին հետ են վերադարձել քրեակատարողական հիմնարկներ: Ասել է թե` համաներման հետեւանքով քրեակատարողական հիմնարկներ բեռնաթափելն այդքան էլ այդպես չէ, քանի որ համաներումից 7 ամիս անց քրեակատարողական հիմնարկներում կրկին ավելացել է կալանավորների եւ դատապարտյալներ թիվը: Ինչպես հայտնի է, 2019թ. հունիսի 20-ի դրությամբ համաներումով ազատվել է 648 դատապարտյալ:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն` խնդրելով հայտնել, թե համաներումից առաջ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում քանի դատապարտյալ եւ կալանավոր է եղել, եւ այսօրվա դրությամբ քանի կալանավոր եւ դատապարտյալ կա: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման` հայտնեցին, որ 2018թ. նոյեմբերի 1-ի դրությամբ եղել է 1050 կալանավոր եւ 1842 դատապարտյալ: Համաներումը եղել է նոյեմբերի 6-ին, եւ, ահա, 2019 թվականի հունիսի 24-ի դրությամբ առկա է 1054 կալանավոր եւ 1257 դատապարտյալ: Դատելով իրավիճակից` համաներումից 8 ամիս անց կալանավորների թիվն աճել է, եւ այն կարծիքը, որ համաներումից հետո ՔԿՀ-ները բեռնաթափվել են, այդքան էլ այդպես չէ:
«ՍԵՎԱՆ» ՔԿՀ-ՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ՄԻՊ աշխատակիցները այցելել են «Սեւան» քրեակատարողական հիմնարկ եւ այնտեղ տիրող իրավիճակի մասին լուրջ բացահայտումներ արել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաստատեց այդ տեղեկությունը` նշելով, որ իրենց այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են պարբերական բնույթ եւ դրանք մոնիթորինգային այցեր են: «Վերջին այցը «Սեւան» ՔԿՀ էր: Այնտեղ խնդիրներ են եղել առկա` պատժախցում պահման պայմանների, լոգանքի հետ կապված: Արտաքին բժշկական զննությունն, օրինակ, իրականացվում է ոստիկանների եւ քրեակատարողական ծառայողների ուղեկցությամբ, ինչը սխալ է, ժամկետանց դեղորայք է առկա եղել եւ նման այլ խնդիրներ», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Արման Թաթոյանը:
ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԱՃՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների 6.2 տոկոս աճ: Ի դեպ, բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում արտահանման եւ ներկրման տարանջատում չկա, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ մեկ տեսակի ապրանքի` գազի մասին: Կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 4 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է: Ասել է թե` բարենպաստ ձմեռը իր «դրական» ազդեցությունն է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործերի վրա:
ԱԽ ՆԻՍՏ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր նախորդ նիստից հետո, ցավոք, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլեւ, հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: Համոզված եմ, որ մենք կկարողանանք անհրաժեշտ գործիքակազմ գտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար հավելյալ ռիսկեր չառաջանան կամ դրանք լինեն կառավարելիության շրջանակում: Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգությունն, իհարկե, մեր կառավարության համար լրջագույն առաջնահերթություն է: Եվ այդ ուղղությամբ մենք ունենք ոչ միայն ընթացիկ, միջնաժամկետ, այլեւ ռազմավարական, երկարաժամկետ խնդիրներ լուծելու եւ քննարկելու խնդիր»:
ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկայացրել են այն փաստաթղթերը, որոնք նախկինում քննարկվել են»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը: «Անպայման չէ շփման գծում վերականգնել անդորրը եւ նոր բանակցություններ վարել: Մենք պետք է բովանդակային բանակցություններ վարենք: Այժմ մենք աշխատում ենք համանախագահների` մարտի 9-ին հրապարակած հայտարարության հիման վրա: Այդ փաստաթղթի որոշ դրույթների հետ մենք համաձայն ենք, որոշ դրույթների հետ` ոչ», – նշել է Մամեդյարովը` պնդելով, որ, այդ հայտարարության համաձայն, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: «Հայկական կողմը ամեն անգամ շրջանառում է անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցերը: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
ԵՐԴՎԵՑ
Ազգային ժողովի երեկվա նիստում տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանի երդման արարողությունը: Հիշեցնենք, որ Վ. Քոչարյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել էր ԱԺ-ի հունիսի 21-ի նիստում՝ 114 կողմ, 4 դեմ ձայներով: Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: