Եթե Փաշինյանին Ամուլսարի հետ կապված սխալ են զեկուցում, թող զանգի ինձ, ես կզեկուցեմ, ինչպես պետք է. Սերգեյ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամուլսարի հանքի շահագործման հարցը վերջին շրջանում ամենաքննարկվողն է: «Էլարդ»-ի եզրակացությունը, որի համար պետությունը 400 հազար դոլար է տվել, տարակարծությունների առիթ է տվել: Քննչական կոմիտեի մեկնաբանությամբ՝ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա: Այնինչ բնապահպանները, երկրաբանները շարունակում են պնդել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով Սեւանա լիճն ու Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրները կվտանգվեն:

Նրանք պնդում են, որ հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան» ընկերության ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը թերի է եղել: Օգոստոսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում Ամուլսարի խնդրով համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Էլարդի» եզրակացության շուրջ կան պարզաբանման ենթակա հարցեր։ Բնապահպանական թեմայի շուրջ այս օրերին իրենց տեսակետն են հայտնում նաեւ մշակույթի գործիչները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, ջերմուկցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկները որքանո՞վ էին Ձեզ համար համոզիչ:

-Դրանք միանշանակ չբավարարեցին ինձ: Շարունակում եմ պնդել, որ Ամուլսարը պետք է մնա սար, չպետք է հանք դառնա եւ վերջ:

-Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի փորձաքննությունն իրականացրած միջազգային փորձագետներն առաջիկա օրերին առցանց կպատասխանեն հանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին։ «Էլարդ» ընկերության փորձագետների հետ Փաշինյանի հայտարարած օնլայն քննարկումը Ձեր կարծիքով կարո՞ղ է հանքի շահագործմանը դեմ քաղաքացիների համար հույսի դռներ բացել:

-Ես չեմ հասկանում՝ այդ քննարկման իմաստը որն է: Վստահ եմ, որ «Էլարդ» ընկերության փորձագետները կշարունակեն այնպիսի պնդումներ անել, ինչպիսիք անում էին նախկինում: Շատ-շատ ասեն՝ կուզե՞ք էլի փորձաքննություն անենք, էլի մի քանի հարյուր հազար դոլար կվերցնեն…

-Որքան էլ խնդրի բնապահպանական կողմը կարեւորենք, չենք կարող հաշվի չնստել տնտեսական գործոնի հետ: Ի վերջո, այս իշխանությունը Ամուլսարի խնդիրը ժառանգել է նախորդ իշխանությունից…

-Ես չեմ ուզում, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա հանքարդյունաբերության ուղղությամբ: Եթե ժամանակին Ամուլսարի խնդրին քաղաքական գնահատական տրվեր, այսօր նման իրավիճակի առջեւ կանգնած չէինք լինի: Իսկ եթե Փաշինյանն իրեն համարում է Քոչարյանի ու Սարգսյանի ժառանգորդը, ինչու՞ է իրենց դեմ: Մենք արդեն լիքը հանքեր ունենք, գիտենք դրանց ռիսկերը, վնասները: Այս պայմաններում նոր հանք բացելը ո՞րն է: Ինչ կա, ծովից ծով հերիք է մեզ…Դեռ հարկավոր է այնպես անել, որ դրանց վնասը շրջակա միջավայրին մինիմալ դառնա, իսկ մենք նորն ենք բացում:

-Ոմանք այն կարծիքին են, որ վարչապետին ինչպես հարկն է, չեն զեկուցում խնդրի մասին:

-Դա նման է խորհրդային տարիներին տարածված այն մտայնությանը, թե, իբր, Ստալինը չգիտեր, որ ժողովրդին կոտորում են…Զեկուցելը ո՞րն է: Նա ամեն ինչ գիտի: Եթե Փաշինյանին սխալ են զեկուցում, թող զանգի ինձ, ես կզեկուցեմ, ինչպես պետք է: Հիմա վարչապետը շատ բարդ իրավիճակում է հայտնվել: Ըստ երեւույթին, նրա շրջապատում կան շահառուներ, մարդիկ, որոնց համար ձեռնտու է հանքի շահագործումը: Չեմ բացառում կոռուպցիոն մեխանիզմների առկայությունը: Փաշինյանը գորշ կարդինալների այնպիսի շրջապատ ունի, որ ամեն ինչ էլ հնարավոր է: Ըստ երեւույթին, կա մի բան, որի մասին մեզ չեն ասում: Բայց ինչ անում են, թող մեր երեխաների առողջության հաշվին չանեն: Թող հանգիստ թողնեն սարերն է՛լ, երկիրն է՛լ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս