«Էլարդ»-ի միջազգային թիմը հայտարարում է, որ չի կարող պատասխանել հարցին, թե արդյոք անվտանգ է Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) թերի են, ոչ ամբողջական ու անվստահելի: Այսպիսի եզրակացություն է առկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ հանդիպումից հետո, որի ժամանակ քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության եւ դրա վերլուծության արդյունքները:
Նշենք, որ տեսակոնֆերանսին մասնակցել են Ազգային ժողովի «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: Ինչպես հայտնի է` ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրաժարվել էր որեւէ անդամ գործուղել այնտեղ` այդ ամենը թատրոն համարելով: Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD ընկերության փորձագետները մանրամասն անդրադարձել են փորձաքննության արդյունքներին եւ պատասխանել են հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի: Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս նկատեց, որ կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն: Նախ քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի:
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի 4-ը: Սակայն ըստ էության «Էլլարդ» ընկերության ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, որ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն իսկապես կա: «Էլարդ»-ի փորձագետներից հիդրոերկրաբան Նիդալ Ռաբահը 2.5 ժամ տեւած կոնֆերանսի ընթացքում այսպիսի մի հայտարարություն արեց. «Լիդիանի ՇՄԱԳ-ը թերի է եւ թույլ չի տալիս կուռ կերպով գնահատել կամ քանակական գնահատական տալ ազդեցությանը: Գնահատումը, նրանց ուսումնասիրությունը, նրանց հետաքննությունը․ լինի սոցիալական թե բնապահպանական ազդեցության, վստահելի չեն»: Ամեն դեպքում կոնֆերանսի ընթացքում հետաքրքիր բացահայտումներ եղան եւ պարզ դարձավ, որ Քննչական կոմիտեի հայտարարությունը, թե հանքի շահագործման ռիսկերը կառավարելի են՝ «Էլարդ»-ի առաջարկած 16 մեղմման միջոցները կիրառելու դեպքում, այդ 16-ից 10-ը «Լիդիան»-ն արդեն իսկ ծրագրել է, խնդրահարույց է: Եվ այստեղ հետաքրքիր հանգամանքներ ի հայտ եկան:
Նախ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց հարց․ եթե կառավարության հրավիրած փորձագետները խոսում են ՇՄԱԳ-ում բազմաթիվ թերությունների մասին, իսկ այդ փաստաթուղթը 2016-ին դրական եզրակացություն է ստացել Բնապահպանության նախարարությունում, ինչպե՞ս է ստացվում, որ Քննչական կոմիտեն եզրակացրել է, թե հանքի շահագործման ռիսկերը թաքցնող պաշտոնյա չկա: Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ հարցն ուղղվեց քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին, ով այդ թվականին ՇՄԱԳ-ը հաստատած Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականն է: Եվ անգամ ՀՀ Քննչական կոմիտեից են հաստատել, որ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում եւ ազգակցական կապ ունի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։ «Ինչո՞ւ «Էլարդ»-ի փորձագետը տեսել ա, որ տվյալը թերի ա, իսկ մեր Բնապահպանության նախարարության աշխատողը կամ պաշտոնյաները չեն տեսել, որ էդ տվյալը թերի ա: Եվ ինչո՞ւ դուք չեք տեսել, որ էդ տվյալը թերի ա, և ինչո՞ւ երբ որ «Էլարդ»-ը ասել ա, որ թերի ա, դուք էդ փաստին ուշադրություն չեք դարձրել», – շարունակել է իր հարցադրումը վարչապետը: Իհարկե, պաշտոնյաները փորձեցին տարբեր մեկնաբանություններ տալ, մեղմել իրավիճակը, սակայն ըստ էության պարզ չդարձավ, թե այս դեպքում ինչու Քննչական կոմիտեն չի հայտարարել, որ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա: Ընդ որում, ԷԼԼԱՐԴ-ի մասնագետները եւս մեկ անգամ բացեիբաց հայտարարեցին, որ 2016 թվականի ՇՄԱԳ-ը բավարար չէ ապահով շահագործման համար:
Ինչպես նշեցինք, խորհրդարանական խմբակցություններից միայն «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները չէին մասնակցել տեսակոնֆերանսին եւ դրա ավարտից հետո խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ այդ ընկերությանը տրված 400 հազար դոլարն անարդյունավետ ծախս է եւ արդյունքներն էլ ի սկզբանե հայտնի էին:
Հավելենք, որ քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։ Քննության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել նշանակելու համալիր փորձաքննություն, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։ Եվ 2016 թվականին նախարարը եղել է հենց Արամայիս Գրիգորյանը, ով էլ այժմ Քննչական կոմիտեի պաշտոնյաներից է: Նշենք, որ Յուրա Իվանյանն այժմ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչության պետն է, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը: Նրա 2018 թվականի հայտարարագրում առկա է միայն եկամտի մասին տվյալներ. ըստ այդմ մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 10 մլն դրամից ավելի գումար, որը գոյացել է աշխատավարձերից եւ փոխառություններից: Իսկ ահա 2017 թվականին Իվանյանը ձեռք է բերել 26 մլն դրամ արժողությամբ բնակարան, 1 մլն 950 հազար դրամ արժողությամբ ավտոտնակ եւ սեփական տուն, որի արժեքը սակայն ներկայացված չէ:
Այսքանից հետո մնում է սպասել Շրջակա միջավայրի նախարարության պատասխանին, թե արդյոք նոր գնահատման կարիք կա. պատասխանը մինչև սեպտեմբերի 4-ը:
Նաիրա Հովհաննիսյան