Ինչպես հայտնի է, նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) 118 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ վերականգնվեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ձայնը: Եվ երեկ առավոտից լայնորեն քննարկվում էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության երկու իշխանական անդամների պահվածքը: Նախ հայտարարվեց, որ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել, հետո ասվեց, թե պատահաբար է այդպես եղել, եւ ապա հայտնի դարձավ, որ Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը: Ստացվում է, որ այս խուսափողականությունը իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից իրականում իշխանության դիրքորոշումն է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում նախապես քննարկվել է խմբակցության նեղ կազմով ՌԴ-ի ձայնի իրավունքի հնարավոր աքվեարկության հարցը, եւ որոշում է կայացվել՝ կողմ քվեարկել: Բայց Ստրասբուրգում հանկարծ պարզվեց, որ Ռ. Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել, իսկ Հ. Իգիթյանն էլ նույնքան պատահաբար, թերեւս, չի մասնակցել քվեարկությանը: Եւ փոխանակ հիմնավոր բացատրություն տալու, թե ինչու են ԱԺ իշխանական պատվիրակները այդքան իմիջիայլոց վերաբերվել մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար այդչափ կարեւոր հարցին, Ռուբինյանը համացանցում քննադատում էր իրեն քննադատողներին:
Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ իրականում Հ. Իգիթյանի քայլը պայմանավորված է այլ հանգամանքներով, եւ նա համաձայնություն է ունեցել այդպես վարվելու ուկրաինացի պատվիրակների հետ: Նա այդ մասին նաեւ տեղեկացրել է հայկական պատվիրակության անդամներին եւ իր քայլը բացատրել հենց այդ հանգամանքով: Սակայն Իգիթյանի հետ կապվել չհաջողվեց. նա չէր պատասխանում ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ էլ նամակներին:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, թե տեղի ունեցածի մեջ որեւէ ինտրիգ պետք չէ փնտրել. «Հայկական պատվիրակությունը կողմ է ռուսական պատվիրակության վերադարձին: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես արդեն ներկայացվել է. Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկությունը տեխնիկական է եղել, իսկ Հովհաննես Իգիթյանն էլ պարզապես չի մասնակցել»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ կառավարություն է կանչել Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւ զրուցել ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին: Մեր տեղեկություններով` փոխվարչապետի մոտ խոսք է գնացել նաեւ Արտյոմ Մխոյանի հրաժարականի մասին, եւ չի բացառվում, որ նա առաջիկայում ազատման դիմում գրի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը հաստատեց փոխվարչապետի հետ հանդիպման փաստը եւ նշեց. «Ձեր կողմից նշված հանդիպումը կայացել է: Հանդիպման նախաձեռնողը եղել եմ ես: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ծառայության հետ կապված ծրագրեր եւ խնդրել ֆինանսական միջոցների հատկացում», – նշեց նա՝ հավելելով, սակայն, թե հանդիպման ժամանակ հրաժարականի մասին խոսք չի եղել:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատավորների վեթթինգի իրականացման աշխատանքներով զբաղվելու է նաեւ նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն իսկ օրինագիծ է նախաձեռնել, որոնք ավելի կարագացնեն ստեղծման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ գործընթացից: Ըստ այդմ, առաջարկվում է այդ մարմինը ձեւավորել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուներից: Եվ հանձնաժողովը կունենա նաեւ նոր գործառույթներ, որոնք էլ հենց բխում են վեթթինգ իրականացնելու տրամաբանությունից: Մասնավորապես, հանձնաժողովը կունենա դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելու իրավունք: Տեղեկացանք, որ համապատասխան նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունվի հուլիսին, իսկ արդեն աշնանը` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար Վիգեն Ավետիսյանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո չի կարողանում հաշտվել նախկին ղեկավար Եղիշե Տերտերյանի կողմից նշանակված կադրերի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունների պետերը հիմա անորոշ վիճակում են, չգիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Որոշ տեղեկություններով` այս ընթացքում 4-5 աշխատող է ազատվել աշխատանքից: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Ավետիսյանը նախկին ղեկավարի օրոք աշխատանքի ընդունվածներին այնպիսի հանձնարարականներ է տալիս, որ չեն կարողանում դա կատարել, եւ ապա նկատողություն է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տեսչական մարմնի իրազեկման եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանի հետ: «Աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ ասել, որ մարդիկ իրենց սեփական դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից», – նշեց նա:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում շարունակել է պնդել նախկինում ասվածը. «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը պետք է տեղափոխվի Դիլիջանից: Առայժմ հստակ չէ` որտեղ պետք է տեղափոխվի, բայց պետք է լավ պայմաններ ստեղծվեն, եւ դրանից հետո միայն տեղափոխությունը տեղի ունենա»: Սա նշանակում է, որ զանգվածային այն քննադատություններն ու փաստարկները, որոնք հնչեցին Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը Դիլիջանի շքեղ պայմաններից տեղափոխելու վերաբերյալ, ամենեւին ազդեցություն չեն ունեցել Նարեկ Բաբայանի վրա: Նա շարունակում է պնդել, որ ռազմական վարժարանի կուրսանտների համար այդ վայրը շատ շքեղ է, մեծ ու անիմաստ տարածք են զբաղեցնում, դրա համար պետք է այլ տեղ տեղափոխվեն: Թե ուր, երբ, ինչպես, դեռ չի ասվում:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տարիներ շարունակ պետբյուջեի հաշվին կառուցում էր ՊԵԿ աշխատակիցների համար հանգստի գոտի` գերթանկարժեք ատրիբուտներով, սակայն ծրագիրը չհասցրեց ավարտել, եւ դեռեւս Սերժ Սարգսյանի օրոք նախկին ՊՆ Վիգեն Սարգսյանը շքեղագույն այդ պայմաններով շենքը կառուցման ավարտից հետո տվեց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի կուրսանտներին, որպեսզի նրանք առավելագույնս հարմարավետ պայմաններում կրթվեն ու սպա դառնան: Եւ որքան էլ քննադատելու լինենք նախկին իշխանություններին, այս քայլի հետ չենք կարող չհամաձայնել, քանի որ կիսապատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրում խիստ կարեւոր է, որ զինվորական դառնալը մոտիվացված լինի, եւ մենք հնարավորություն ունենանք շատ զինվորականներ ունենալու:
Եւ այսքանից հետո առնվազն տարօրինակ է, որ Նարեկ Բաբայանը շարունակում է պնդել, թե այդ շքեղ պայմանները, այսպես ասած, մեր զինվորների համար շատ են, նրանք կարող են ավելի փոքր, համեստ պայմաններում սպայական կրթություն ստանալ: Իհարկե, եթե այսպիսի միտք հայտներ այնպիսի պաշտոնյա, որը բանակում չի ծառայել, կարելի էր նրան հասկանալ, բայց զինված ուժերում ծառայած, պահեստազորի լեյտենանտ Բաբայանը չպետք է նման ծրագիր իրագործի` շատ լավ հասկանալով, որ սպաների համալրման խնդիրը մեր երկրում առավել քան օրհասական է: Եւ եթե կարող ենք գոնե շքեղ պայմաններում մի քանի տարի կրթվելու մոտիվացիայով հնարավորություն տալ մեր ապագա զինվորականներին, ուրեմն պարտավոր ենք դա անել: Եւ, ի դեպ, ոչ մի շքեղություն շատ չէ մեր զինվորի ու զինվորականի համար, այս դեպքում նույնիսկ խրախուսելի է, եւ հուսանք` Բաբայանը խոսքից գործի չի անցնի: