ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավարը` Վիգեն Ավետիսյանը, չի հաշտվում աշխատանքային ներկա կազմի հետ: Նշենք, որ Ավետիսյանն այս պաշտոնին նշանակվել է Արթուր Գրիգորյանի ազատվելուց ավելի քան երեք ամիս անց:
Նորանշանակ ղեկավարը, սակայն, պատահական անձ չէ: Ավետիսյանը ՀՀ բնապահպանության նախարարության հնաբնակներից է, նա 2002 թվականից աշխատել է նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Ուշագրավ է, որ նոր իշխանությունները Վիգեն Ավետիսյանին նշանակել են այս պաշտոնին այն դեպքում, երբ նա համարվում է բնապահպանության նախկին նախարար, այժմ առանձնապես մեծ չափերի կաշառք վերցնելու համար մեղադրվող ու հետախուզման մեջ գտվող Արամ Հարությունյանի` Բուլկու «մարդը»:
Ու այս առումով կառավարության կադրային մոտեցումը, մեղմ ասած, տարօրինակ է: Հիշեցնենք` թավշյա հեղափոխությունից հետո տեսչական մարմնի ղեկավար նշանակվեց բնապահպան ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, որն էլ անակնկալ ձեւով ազատվեց աշխատանքից: Ըստ որոշ տեղեկությունների` նրա պաշտոնավարումը բնապահպանության նախարար էրիկ Գրիգորյանի սրտով չի եղել:
Ավելին` կառավարության, նաեւ նախարարության վերին օղակներին դուր չի եկել Գրիգորյանի գործելաոճը: Պարզվում է` Էրիկ Գրիգորյանը կարողացել է այնպիսի պետական պաշտոնյա գտնել, որին կկարողանա հեշտ ղեկավարել: Բացի այս, ըստ շրջանառվող լուրերի` Էրիկ Գրիգորյանը տեւական ժամանակ պայքարել է տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնին Վիգեն Ավետիսյանին նշանակելու համար: Բայց, մյուս կողմից, Բնապահպանության նախարարության կուլիսներում բուռն քննարկվում է, որ այդ պաշտոնը հենց Վիգեն Ավետիսյանի համար է, քանի որ նա մասնագետ է:
Պարզվում է` Վիգեն Ավետիսյանը նշանակվելուց հետո չի կարողանում հաշտվել նախկին ղեկավար Եղիշե Տերտերյանի կողմից նշանակված կադրերի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը իր պաշտոնավարման ընթացքում նշանակումներ չի արել, ինչը հիմա Ավետիսյանն է պատրաստվում իրականացնել: Մեզ հայտնի դարձավ, որ վարչությունների պետերը հիմա անորոշ վիճակում են, չգիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց` պահպանելու են զբաղեցրած աթոռը, թե ոչ: Ըստ որոշ տեղեկությունների` այս ընթացքում 4-5 աշխատող ազատվել է աշխատանքից, իսկ որոշ աշխատողներ ձգձգում են ազատման դիմում գրելը. ինչքան աշխատավարձ ստանան, իրենց օգուտն է:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նորանշանակ ղեկավարը մտադիր է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել հենց տեսչական մարմնում: Աշխատողների պատմելով` նախկին ղեկավարի օրոք աշխատանքի ընդունված աշխատողներին այնպիսի հանձնարարականներ է տալիս` իրենց գործի բնույթից ելնելով, որ չեն կարողանում դա կատարել: Մեկ, երկու հանձնարարական չկատարեն, կստանան խիստ նկատողություն, որն էլ ազատման համար ավելի վատ պատճառ է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ տեսչական մարմինն այժմ ստուգումներ իրականացնում է միայն ստացած դիմում-բողոքների հիման վրա: Պարզվում է` տեսչական մարմինը դեռ չունի տարեկան պլանային ստուգումների ծրագիր: Չնայած սրան` տարվա կեսն արդեն անցել է: Նկատենք, որ կա հաստատված հաստիքացուցակ, բայց եթե տեսչական մարմնում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ տեղի ունենան, ապա չի բացառվում, որ հաստիքացուցակում էլ փոփոխություններ լինեն: Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին տեսչական մարմնի հաստիքացուցակը հաստատվել է Արթուր Գրիգորյանի կողմից իր գնալուց ընդամենը մի քանի օր առաջ:
Պլանային ստուգումների հաստատված չլինելուց բացի մարմնի վարչությունները կանոնադրություն չունեն հաստատված: Տեսչական մարմնի ղեկավարությունը դեռ նոր է սկսել իրավական ակտեր ընդունել` կարգապահության, գործավարության հետ կապված: Դրանց նախագծերը կան կազմված, մնում է ներկայացվեն խորհրդի համաձայնությանը հաստատվելու համար: Բացի այդ, պաշտոնի անձնագրերը պետք է փոխվեն, բայց դեռ ոչինչ արված չէ:
Բնականաբար, այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տեսչական մարմնի իրազեկման եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանի հետ:
«Աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ ասել, որ մարդիկ իրենց սեփական դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից: Մեկ-երկու հոգի` իրենց սեփական դիմումի համաձայն… Իսկ ինչ վերաբերում է տարեկան ստուգումների ծրագրին, ապա այն հաստատվում է կառավարման խորհրդի կողմից: Այս պահին խորհրդով հաստատված չէ: Իսկ խորհրդի նիստը դեռ չի կայացել»,- տեղեկացրեց Նաիրա Աղաբաբյանը` միաժամանակ նշելով, որ հայտնի չէ, թե երբ է այն կայանալու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 2-ի որոշմամբ Հայկ Այվազյանը ազատվել էր տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Նրան այժմ փոխարինում է Արթուր Ասոյանը: Ենթադրվում է, որ գրասենյակի ղեկավարի փոփոխությունից հետո է խաթարվել տեսչական մարմինների բնականոն աշխատանքը:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԿԱԶԱՏԻ ՄԻԼԻՈՆՆԵՐԻՑ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը շրջանառության մեջ է դրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից մշակած նոր նախագիծը, ըստ որի` Հայաստանի համայնքներին կտրամադրվի արտոնություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծի ընդունմամբ համայնքներին հնարավորություն կընձեռվի պետական տուրքի եւ վճարի գումարները վճարել տարաժամկետ կարգով, այսինքն` երկու տարվա ընթացքում` եռամսյակային պարբերականությամբ, պետական տուրքի եւ ծառայությունների մատուցման վճարների գումարների մեկ ութերորդի չափով: Խոսքը ինքնակամ կառույց համարվող ավտոտնակների մասին է:
Պարզվում է` մայրաքաղաքում կա ավելի քան 35000 ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակ, որոնք գտնվում են Երեւանի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում: Եւ, ըստ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, համայնքների համար պարբերաբար խոչընդոտ են հանդիսանում այն կառույցները, որոնք, ժամանակին հանդիսանալով ինքնակամ շինություններ, օրինականացման արդյունքում դարձել են այլ անձանց սեփականություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս դեպքում արդեն տեղական իշխանության եւ գույքի սեփականատիրոջ միջեւ սկսվում է բանակցային գործընթաց, եւ այն հաջողությամբ չավարտվելու դեպքում ծագում է վեճ, դատական գործընթաց: Ի դեպ, ոչ միշտ է, որ հարցը ստանում է դրական լուծում:
Եւ հաշվի առնելով սա` ինքնակամ կառույցների տնօրինման մասով մշակվել է օրենսդրական փաթեթ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերանայվել են քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության դեռեւս 2006 թվականի մայիսի 18-ի որոշմամբ նախատեսված կարգավորումները:
Բացի այս, պարզվում է, որ միայն Երեւանի քաղաքապետարանը հսկայական միլիոններ է ծախսում ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար:
Այսպես, յուրաքանչյուր ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար համայնքները վճարում են 26 հազար դրամ: Եւ եթե ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակների թիվը` 35000-ը, բազմապատկենք սեփականության իրավունքի պետական գրանցման համար նախատեսված 26 000-ով, ապա կստանանք 910 մլն դրամ:
Բացի այդ, Երեւան համայնքը նախքան ինքնակամ շինություն հանդիսացող ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մեկ միավոր ավտոտնակի զբաղեցրած հողամասի տեղագրական հանույթի, հողամասի հատակագծի կազմման եւ ավտոտնակի չափագրման ծառայությունների ձեռքբերման համար միջինը վճարում է շուրջ 100 հազար դրամ:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՓԱԿԱՆԱԳՈՐԾԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2019թ. մայիսի 7-ից ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Արմեն Ռուբիկի Տոնոյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Էյ-ի-ջի սերվիս» ՍՊԸ-ի Տավուշի գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության Դիլիջանի փականագործ` 2018թ. սեպտեմբերի 30-ին` հերթական անգամ Դիլիջանի Կամարինի փողոցի 1-ին նրբանցքի 26-րդ առանձնատանը սպասարկում իրականացնելիս, իր ծառայությունները մատուցել է սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին անհամապատասխան, տեխնիկական կանոնակարգի եւ իրավական ակտերի նորմերով սահմանված պահանջների խախտմամբ, չի հայտնաբերել հիշյալ առանձնատան լոգարանում տեխնիկական պայմանների բացակայությամբ տեղադրված գազասարքը, որի հետեւանքով 2018թ. նոյեմբերի 14-ին` ժամը 01:30-ի սահմաններում, հիշալ լոգարանում լողացող Արթուր Ղազարյանը մահացել է գազի արագային ջրատաքացուցիչի շահագործումից առաջացած եւ շնչառական ուղիներով օրգանիզմ ներթափանցած արյունն ախտահարող ածխածնի մոնօքսիդի թույնից:
Ա. Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերի ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ»): Ա. Տոնոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՋՐԻ ՄԵԾ ՊԱԿԱՍ ԿԱ
Ջերմաստիճանը մոտենում է 40 աստիճանին, Նոյեմբերյան քաղաքում շուրջ մեկ ամիս է, ինչ խմելու ջրի խնդիր կա: Քաղաքն ինքնահոս եղանակով խմելու ջուր է ստանում Նոյեմբերյանից 57 կմ հեռավորությամբ գտնվող Գիժսարից եւ Բերդավան գյուղի խորքային հորերից պոմպերի միջոցով: Քաղաքի` անհատական տներից բաղկացած թաղամասերում խմելու ջրի խիստ պակաս է զգացվում. թաղամաս կա, որ մեկ ամիս ջուր չի ստանում, մարդիկ ավտոմեքենաներով խմելու ջուր են կրում Նոյեմբերյան քաղաքի մոտակա աղբյուրներից, այլ բնակավայրերից: «Վեոլիա ջուր» ՓԲԸ Նոյեմբերյան ենթատեղամասի պետ Էդիկ Միքայելյանը ընդունեց, որ խմելու ջրի պակաս կա, Գիժսարի ջրագծում վթարներ գոյություն ունեն: Նա ասաց, որ իրավասու չէ ավելի շատ տեղեկատվություն հաղորդելու: 3 անգամ զանգահարեցի «Վեոլիա ջուր» ընկերության «Թեժ գիծ», սակայն ամեն անգամ հեռախոսում հնչում էր, թե տվյալ պահին ընկերության օպերատորները զբաղված են:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ