ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս ներքնակը, ամենայն հավանականությամբ, որպես աղբ է հայտնվել փողոցում` ճանապարհի մեջտեղում: Այն հարկավոր էր նետել սահմանված վայրում:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ հստակ իմանալ, թե ինչ ժամկետում է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը:

Սիրանույշ Հարությունյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10000 ՀՀ դրամ: Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:

 

 

 

 

ՀԱՐՑ. Վրաստանի քաղաքացին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Վրաստանից ՀՀ է ներմուծել իր անձնական ավտոմեքենան 15 օր ժամկետով. կարո՞ղ է արդյոք մեքենան 15 օրից ավելի գտնվել Հայաստանում: Ուզում եմ իմանալ, թե երբ պետք է այն արտահանվի:

Եփրեմ Մարկոսյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եվ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» փաստաթղթի` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում եւ ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով, այդ տարածքում կարող են գտնվել ժամանակավոր, սակայն ոչ ավելի, քան մեկ տարի (հայտարարատուի գրավոր դիմումով` ժամանակավոր ներմուծման 15 օր ժամկետը կարող է մաքսային մարմնի կողմից երկարաձգվել նշված ժամկետի սահմաններում):
Իսկ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածի համաձայն` «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է մինչեւ ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը ժամանակավոր ներմուծված ապրանքները օրենսգրքով նախատեսվող կարգով եւ պայմաններով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու միջոցով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձեւակերպել թույլատրվում է պայմանով, որ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը եզրափակելու նպատակով դրանց հետագա մաքսային հայտարարագրման ժամանակ հնարավոր լինի այն ապրանքների նույնականացումը, որոնք ձեւակերպվում են այդ մաքսային ընթացակարգով:




Լրահոս