ՔՊ-Ն ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ, ԵԹԵ ԴԱ ՕԲՅԵԿՏԻՎ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ ՀՅԴ-ն նպատակ ունի աշնանը շատ ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել: Ըստ մեր տեղեկությունների` այս օրերին ՀՅԴ գերագույն մարմինը հանդիպումներ, քննարկումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ: Բանն այն է, որ ՀՅԴ-ն նպատակ ունի ակտիվացնել իրենց կուսակցության ներսում ստեղծված ստվերային կառավարությունը ու արդեն սեպտեմբերից հայրենի կառավարության կատարած աշխատանքները «խոշորացույցի» տակ պահելով` քննադատել նրանց գործունեությունը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ` պարզելու համար` արդեն ՀՅԴ-ի «ակտիվությունը» քննարկվել է արդյոք ՔՊ նորաստեղծ վարչությունում, ու ընդհանրապես, ինչպես է իշխող կուսակցությունը վերաբերվում ՀՅԴ-ի քայլերին:
-ՔՊ վարչությունում նման հարց չի քննարկվել, այս վարչության մակարդակով նման քննարկում չեն ունեցել: Ես կարծում եմ, որ «Դաշնակցության» իրավունքն է ստվերային կառավարության ստեղծումը, ու մեր իշխանությանը որեւէ բան չի կարող սպառնալ այնքան ժամանակ, քանի որ մենք ունենք ժողովրդի քվեն առնվազն 5 տարի, ու քանի որ մեր իշխանությունը ինչ խոստացել է, ժողովրդին իրականացնում է: Փաստացի մենք մեր նախընտրական ծրագիրն իրականացնում ենք ու ժողովրդին չենք խաբում, ես կարծում եմ, որ չի կարող մեզ որեւէ բան սպառնալ: Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների ստվերային կառավարություն ստեղծելուն, ես դա համարում եմ լավ նախադեպ, որ քաղաքական ուժերը վերադառնում են իսկական քաղաքական օրակարգ ու հասարակությանը ներկայացնում են իրենց տեսլականը, իրենց պատկերացումները ու թե ինչ են առաջարկում ժողովրդին:
-Դուք նշեցիք, որ ժողովրդին չեք խաբել ու այս ժամանակահատվածում իրականացրել եք այն խոստումները, որոնք կային Ձեր ծրագրում: Ընդդիմությունը, սակայն, համարում է, որ Ձեր իշխանությունը մատնվել է անգործության, ու ՀՅԴ-ն իր ստվերային կառավարությամբ քննադատելու է կառավարության վարած քաղաքականությունը:
-Մենք քննադատություններից չենք վախենում, մենք նույնիսկ կողմ ենք օբյեկտիվ քննադատություններին: Մենք իրականացնում ենք մեր նախընտրական խոստումները, ու դա ոչ ոք չի կարող հերքել: Մենք շարժվում ենք այն օրակարգով, որի մասին մենք հայտարարել ենք. մենք չունենք վախեր, մենք վախենալու բան չունենք: Ինչպես արդեն նշեցի, շատ լավ է, որ ՀՅԴ-ն ձեւավորում է ստվերային կառավարություն, ունի նման օրակարգ, ու որեւէ քաղաքական ուժի գործունեություն չի կարող սպառնալ մեր կառավարության աշխատանքներին: Ժողովուրդը 5 տարի հետո իր գնահատականը կտա մեր կատարած աշխատանքին:
-Նշեցիք, որ հույս ունեք` ՀՅԴ-ն օբյեկտիվ կլինի իր քննադատություններում, քանի որ ՀՅԴ-ն նախորդ իշխանությունների հետ «կիսել» է երկրի կառավարումը: Արդյոք ՀՀ կառավարության աշխատանքն այնքան անթերի՞ է, որ ՀՅԴ-ն չկարողանա իր ստվերային կառավարության միջոցով քննադատել:
-Օբյեկտիվությունը ես չպետք է գնահատեմ, չգիտեմ, չեմ կարող ասել, թե ՀՅԴ-ն իր քննադատություններով որքան օբյեկտիվ կլինի: Բայց ուղղակի ասեմ, որ, անկախ «Դաշնակցությունից» ու մյուս ուժերից, այն ուժերը, որոնք համագործակցել են նախորդ իշխանությունների հետ ու իրենք եթե հիմա փորձում են ինչ-որ մի հարցում, որը մենք չենք արել, մեզ քննադատեն, իրենք պետք է մի հատ հետադարձ հայացք նետեն ու տեսնեն, թե այն իշխանությունները, որոնց հետ իրենք համագործակցում էին, ինչ էին անում: Եթե նախկինում իրենք նման բաները չեն քննադատել, իսկ հիմա փորձում են վերագրել մեզ ու քննադատել, ես կարծում եմ` նախ պետք է երկար մտածել այդ ամենից առաջ: Ու, ի դեպ, մարդկանց հիշողությունը կարճ չէ, ու բոլորն էլ հիշում են, թե նախկին իշխանություներն ինչպես են իրենց դրսեւորել, ու այդ ժամանակ ինչն է քննադատվել, իշխանության որ վարքագծին են անդրադարձել: Հիմա փորձելով արհեստական օրակարգ թելադրել, իբրեւ ստեղծել մի իրավիճակ, թե մենք բաներ ենք անում, որն իրական չեն, ապա այդ քննադատությունները չեն ընդունվի: Իսկ եթե կլինի օբյեկտիվ քննադատություն, ապա մենք դա կընդունենք ու կողջունենք: Մենք չենք վախենում, որ մեր քայլերը ուշադրության կենտրոնում լինեն, նաեւ լավ շանս է մյուս քաղաքական ուժերի համար, վերջապես իսկական քաղաքական օրակարգ վերադառնան, որովհետեւ մենք ստեղծել ենք մի իրավիճակ, որ հնարավորություն ենք տալիս բոլոր քաղաքական ուժերին ստեղծել իրենց քաղաքական օրակարգը ու մրցել բոլորի հետ հավասար պայմաններում: Իսկ նախկինում նման բան չի եղել, բոլորը եղել է պայմանավորվածությունների արդյունքում, հիմա քաղաքական դաշտն ազատ է, բոլորն էլ կարող են ազատ դիրքորոշում հայտնել:
-Գուցե ՀՅԴ-ն կարողանա՞ հանրության հետ իր ակտիվ աշխատանքի միջոցով իշխանության գալ. դա Ձեզ չի՞ մտահոգում:
-Ես բացառում եմ դա, հեղափոխություն Հայաստանում իրականացրել է ժողովուրդը, հեղափոխությունից հետո ժողովուրդը տվել է վստահության քվե կոնկրետ քաղաքական ուժի ու ունի ակնկալիքներ, որ 5 տարում մենք պետք է այն իրականացնենք: Ու մենք չենք արել այնպիսի գործողություն կամ անգործություն, որը հիմք է տալիս իշխանափոխության: Մենք ակտիվ աշխատում ենք` մեր խոստումները կատարելով:

 

 

 

 

10 ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԵՆ ԳԱԼՈՒ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է լինելու: Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը 10 մարզպետներին հրավիրել է հանձնաժողովի նիստին` պարզելու համար, թե ինչպես կարող են լուծել համայնքապետերի հետկանչման թնջուկը:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որ ստացավ «Հետկանչման օրինագիծ» անունը, ԱԺ պատգամավորները որոշել են հետ կանչել ՀՀ կառավարությունից: Խոսքն այն նախագծի մասին է, որով նախատեսվում էր համայնքի բնակչությանն իրավունք տալ նախաձեռնելու ու տեղական հանրաքվեի դնելու համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը: Վ. Կարապետյանը մեզ հետ զրույցում նշել էր. «Հետ ենք կանչել, քանի որ 2007թ. Վանաձորի մի շարք կազմակերպություններ նախաձեռնել են տեղական հանրաքվե` քաղաքապետի հետկանչի, անվստահության թեմայով: Հանրաքվե անցկացնելու այդ որոշումը հասել է Սահմանադրական դատարան եւ ճանաչվել է հակասահմանադրական»:
Ըստ մեր տեղեկությունների` հանձնաժողովը նախագծի հետկանչումից հետո որոշել է այլ տարբերակներ գտնել իրենց ծրագիրն իրականացնելու համար: Ու որոշվել է Տեղական ինքնակառավարման բարեփոխման հայեցակարգ մշակել ու բոլոր համայնքներում համամասնական ընտրություններ իրականացնել, որի միջոցով էլ արդեն կկարողանան համայնքապետից ցանկացած պահին «հրաժարվելու» մեխանիզմ ունենալ: Այսինքն` համայնքներում կընտրվի ավագանի, որի միջոցով էլ արդեն կընտրվի համայնքապետ:
Ու դա է պատճառը, որ Վ. Կարապետյանը մարզպետներին հրավիրել է հանձնաժողովի նիստին` հասկանալու համար` արդյոք հնարավոր կլինի այդ մեխանիզմով լուծում տալ բոլոր համայնքներում ծառացած այդ խնդրին:
Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում արդեն կհստակեցվեն բոլոր հարցերը: Ի դեպ, մարզպետները հանձնաժողովի նիստից հետո պետք է շտապեն հայրենի կառավարություն, որտեղ տեղի կունենան կառավարության կոմիտեների նիստերը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Ինչպես հայտնի է, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Այդ նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ վարչապետի հրավիրած այլ անձինք: Երբ այդ օրենքի նախագիծը քննարկվում էր դեռեւս վեցերորդ գումարման խորհրդարանում, ընդդիմության կողմից քննադատության արժանացավ այն հանգամանքը, որ Ազգային ժողովի նախագահը չկա Անվտանգության խորհրդի կազմում այն դեպքում, երբ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, եւ խորհրդարանի դերը մեծացել է: Եվ, ահա, արդեն յոթերորդ գումարման խորհրդարանում իշխանական խմբակցության պատգամավորը հանդես է եկել համապատասխան փոփոխությամբ եւ օրենքում ցանկանում է ամրագրել, որ Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը: Նշենք, որ նախագիծը խորհրդարանին ներկայացվել է մայիսի 30-ին եւ դեռ վարչություններում չի ենթարկվել փորձաքննության:

 

 

 

ԱՆՈՒՆՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ Ազգային ժողովի աշխատակազմը որոշում է կայացրել ամառային արձակուրդների ժամանակ վերանորոգել 31 պատգամավորի աշխատասենյակ, աշխատակազմի որոշ աշխատասենյակներ, իրականացնել հին մասնաշենքի պատուհանների եւ ընդհանուր ջեռուցման համակարգի փոխարինման նախագծանախահաշվային աշխատանքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, հնարավոր է, ԱԺ աշխատակազմը ավելացնի վերանորոգման ենթակա աշխատասենյակների թիվը, քանի որ լրացուցիչ գնահատման աշխատանքներ են ընթանում: Վերանորոգումը կատարվելու է, այսպես կոչված, հին մասնաշենքում, որի անմխիթար վիճակի մասին բազմիցս են բարձրաձայնումներ եղել: Սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների աշխատասենյակներն այդ ցանկում չկան, քանի որ այդ թեւը վերանորոգված է: Սակայն նա ընդգծեց, որ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարվում են, եւ միգուցե փոքրիկ խնդիրներ բացահայտվեն: Ըստ այդմ, վերանորոգվելու են հին մասնաշենքում գտնվող ԲՀԿ եւ «Իմ քայլը» խմբակցությունների մի քանի պատգամավորների աշխատասենյակներ: Օրինակ` կվերանորոգվեն «Իմ քայլը» խմբակցությունից Վահե Հովհաննիսյանի, Սոնա Ղազարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Թագուհի Ղազարյանի, ԲՀԿ-ից` Վարդան Վարդանյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Ղուկասյանի, Գեւորգ Պետրոսյանի աշխատասենյակները:




Լրահոս