Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստին որոշում էր կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի հրապարակած որոշման հարցը բարձրաձայնել միջազգային ամբիոններում: Ըստ ՀՀԿ-ականների` Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը եւ կայացրել է բացառապես քաղաքական որոշում: ԳՄ-ականների կարծիքով` Ռոբերտ Քոչարյանի թվով երրորդ կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսեւորումն է:
Հանրապետականները որոշել են այս հարցի եւ նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնել միջազգային համապատասխան հարթակներում եւ ձեւաչափերով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ` պարզելու համար` ինչու են իրենց իսկ կողմից որակված «ներքին սպիտակեղենը» որոշել երկրից դուրս հանել:
-Պարո՛ն Աշոտյան, արդեն ՀՀԿ ԳՄ-ում որոշել եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի հրապարակած որոշման հարցը բարձրաձայնել միջազգային հարթակներում. ո՞ր հարթակների մասին է խոսքը, որտե՞ղ է պատրաստվում ՀՀԿ-ն բարձրաձայնել Ռ. Քոչարյանի կալանավորման հարցը:
-Հայաստանի հանրապետական կուսակցությունը Հայաստանի ամենամիջազգայնացված քաղաքական ուժն է, անգամ այսօր արտախորհրդարանական կարգավիճակում ոչ միայն պահպանել է իր միջազգային կապերը, արտաքին հարաբերություններում իր լուման ունի, այլ այդ կապերը բավականին զարգացրել է: Ու այնտեղ, որտեղ այդ կապերը կան` լինեն նախկին խորհրդարանական ձեւաչափերի, անձնական շփումների արդյունքում կուտակած քաղաքական կապիտալ, միջկուսակցական կապեր, միջազգային կառույցներ, այդ բոլոր հարթակներում Հանրապետականը պարբերաբար հնարավորություն ունեցել է, ունի եւ կունենա բարձրաձայնելու ինչպես ՀՀ-ի պետական ու ազգային շահերին վերաբերող խնդիրներ, այնպես էլ ներքաղաքական իրավիճակի մասին պարբերական հաղորդագրություններ, հանդիպումների ժամանակ տարաբնույթ հարցեր, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին: Սա առաջին անգամը չէ. մենք դեռեւս անցյալ տարի էինք Ռ. Քոչարյանի առաջին կալանավորման ժամանակ բարձրաձայնել այս մտադրության մասին, այս ընթացքում նաեւ աշխատում ենք այդ ուղղությամբ:
-Այսինքն` Ռոբերտ Քոչարյանի կալանավորո՞ւմն է ապօրինի համարում ՀՀԿ-ն, թե՞, ընդհանրապես, համարում եք, որ Քոչարյանի դեմ հարուցված գործն է ոչ օրինական: Կոնկրետ ո՞ր հարցն եք բարձրաձայնելու միջազգային հարթակներում:
-Մենք հայտարարություն ենք արել, որը շատ սպառիչ է. սա մեր առաջին հայտարարությունը չէ, Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, գործով ՀՀԿ-ն մի քանի հայտարարությամբ է հանդես եկել: Մեր գնահատականները այդ իմաստով շատ սպառիչ են: Մենք հստակ նշել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը եւ կայացրել է բացառապես քաղաքական որոշում:
-Բայց երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, հայտարարում էր, որ երկրի «ներքին սպիտակեղենը» պետք չէ դուրս հանել ու ներկայացնել միջազգային հանրությանը: Ստացվում է, որ ՀՀԿ-ն այսօր մի գործելաոճով է սկսել աշխատել, որի համար տարիներ շարունակ մեղադրել է նախկին ընդդիմությանը: Որքանո՞վ եք դա ճիշտ համարում:
-Եթե խոսքը գնում է «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի դեպքի հետ կապված, ապա այդ ամենը զուգահեռ տանել առնվազն տարօրինակ է, քանի որ շատ լավ գիտեք` ինչի մասին էր հայտարարում Զարուհի Փոստանջյանը, արդյոք իր խոսքը` ուղղված Սերժ Սարգսյանին, երկրի քաղաքական խնդիրների՞ն էր վերաբերվում: Կարծում եմ` լավ եք հիշում, թե Փոստանջյանը ինչի մասին էր խոսում: Պետք չէ համեմատական տանել: Գիտեք, եթե ՀՀ վարչապետը իրեն թույլ է տալիս գնալ ՄԱԿ-ի ամբիոն, Եվրոպառլամենտի ամբիոն, ԵԽԽՎ ամբիոն եւ այն մարդկանց աշխատանքը, ովքեր տարիներ շարունակ այդ ամբիոններում ու միջազգային այլ հարթակներում պաշտպանել են ՀՀ-ի ու Արցախի շահերը, ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանը նետված մարտահրավերներ են չեզոքացրել, տարաբնույթ բանաձեւեր են շրջանառությունից հանել, բերել են սեփական նախաձեռնությունները` ՀՀ-ի ու Արցախի շահերից ելնող, եթե այդ ամենից հետո Ն. Փաշինյանը թույլ է տալիս իրեն բարձր ամբիոններից խոսել նախկին իշխանությունների մասին` որպես կոռումպացված թալանչիների մասին, ապա, բնականաբար, դրա հակազդեցությունը պետք է լինի եւ լինելու է: Բանը հասել է նաեւ նրան, երբ որ ադրբեջանական պատվիրակները ԵԽԽՎ-ում ամբիոնից Սերժ Սարգսյանին եւ Ս. Սարգսյանի իշխանությունը, որն իրենց դեմ կռիվ տված, Արցախում հաղթանակներ ապահոված, քաղաքական ճակատը ամուր պահող իշխանություն էր, եւ երբ ադրբեջանցի պատվիրակները դուրս են գալիս եւ նախորդ իշխանություններին հայհոյում են, պիտակավորում են, գործող իշխանությունների ոչ մի ներկայացուցիչ լայաղ չի անում քաղաքական պատասխան տալ` չհասկանալով, որ ադրբեջանցիների նման պահվածքը անպատասխան թողնելով` վնասում է ՀՀ-ի ու Արցախի պետական շահերը:
-Այսինքն` Ձեր` միջազգային հարթակներից ներկայիս իշխանություններին քննադատելը չի՞ վնասելու Հայաստանի վարկանիշը:
-Այսօրվա ՀՀ-ի վարկանիշի մասին թիվ մեկ պատասխանատու, մտահոգ անձը պետք է լինի հենց Նիկոլ Փաշինյանը, որը, ցավոք սրտի, իր վարվող արտաքին ու ներքին քաղաքականությամբ միայն վնասում է ՀՀ-ի վարկանիշին, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քաղաքական հետապնդմամբ:
ԲՀԿ-Ի ԵՐԿՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԼԵԶՈՒ ԵՆ ԳՏԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այսօր նախատեսված է, որ ԱԺ արտահերթ նիստին ներկա կգտնվեն ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը: Ըստ մեր տեղեկությունների` ԲՀԿ-ականները «հավաքվել» են ու փորձել են հասկանալ, թե ինչպես կարող են լուծել նշված երկու պատգամավորների հարցը, որոնք տեւական ժամանակ է` Աժ նիստերին չեն ներկայանում, քանի որ անձամբ տարաձայնություն ունեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ու ըստ մեր տեղեկությունների` Ծառուկյանը զիջման է գնացել ու «միջնորդներին» փոխանցել է, որ պատգամավորներին հորդորեն գալ խորհրդարան:
Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը մայիսի 31-ին ինքնաբուխ հարցազրույց էր տվել Armlur.am-ին ու հայտարարել, թե պետք է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի ազատության մեջ: Այդ հայտարարությունը վրդովել էր Գագիկ Ծառուկյանին, ու Վարդան Ղուկասյանին «տեղեկացրել» էին, որ միառժամանակ «չեւերա» խորհրդարանում, ինչից հետո Վ. Ղուկասյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե խորհրդարան չի գալիս, որովհետեւ վատառողջ է: Մոտ մեկ ամիս հետո Գագիկ Ծառուկյանը ներել է Ղուկասյանին, սակայն պատգամավորը շարունակում է պնդել իր դիրքորոշումը, ու անհասկանալի է, թե ինչ իրավիճակ կստեղծվի, եթե կրկին Ղուկասյանին հարց տան Քոչարյանի կալանավորման մասին:
Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` խորհրդարան չգալուն, ապա դա էլ ուղիղ կապված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, որին Ուրիխանյանն իր հեղինակային հաղորդմանը հյուր էր հրավիրել, ինչը Գ. Ծառուկյանին բարկացրել էր, եւ նա հորդորել էր փակել հաղորդումը, իսկ Ուրիխանյանին հայտնել, որ չերեւա իր աչքին: Պարզվում է` ԲՀԿ-ականների երկար բանակցություններից հետո որոշվել է երկու պատգամավորներին ներել, որպեսզի այսուհետ ներկայանան խորհրդարան:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս ամենի շուրջ զրուցեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ, որը հայտարարեց. «Ընդհանուր առմամբ ԲՀԿ խմբակցությունում որեւէ խնդիր չկա. Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ փոքր-ինչ վատառողջ է, եւ առավել քան վստահ եմ, որ կազդուրվելուն պես պարոն Ղուկասյանը կվերադառնա խորհրդարանական աշխատանքներին: Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Ուրիխանյանի հետ կապված հարցին, տեղեկություն չունեմ, առիթ չի եղել խոսելու, եւ տեղեկացված եմ այնքանով, որ նա ժամանակ առ ժամանակ ֆեյսբուքյան իր գրառումներով անդրադառնում է այդ թեմային: Իսկ, ընդհանուր առմամբ, որեւէ տարաձայնություն ԲՀԿ-ում չկա»:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱՐՏԱՀԵՐԹԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Կառավարության նախաձեռնությամբ այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված են այնպիսի հարցեր, որոնք խորհրդարանը չի հասցրել քննարկել հերթական նիստերի ժամանակ, եւ արտահերթ նիստում նաեւ ընտրություններ են նախատեսված: Ըստ այդմ, խորհրդարանը պետք է ընտրի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երկու անդամ եւ նաեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այս պահի դրությամբ այսօր մեկնարկող արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, եւ դրանցից 4-ն են միայն, որ քննարկվելու են առաջին անգամ, մյուսները երկրորդ ընթերցմամբ են քննարկվելու: Հավելենք, որ սա վերջին արտահերթ նիստը չի լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչեւ հուլիսի կեսերը խորհրդարանը դեռ նիստեր կանցկացնի:
ՆՈՐ ՄԱՐՄԻՆ
ՀՀ քաղաքացիների կողմից հաճախ են դժգոհություններ եղել այն մասին, որ կառավարությանը, մարզպետներին եւ այլ պաշտոնյաներին ուղղված գրությունները, դիմում-բողոքները հաճախ չեն հասնում հենց իրենց, եւ ենթականերն էլ հաճախ չեն տեղեկացնում այդ մասին իրենց վերադասներին: Այս խնդրի մասին հաճախ խոստովանել են հենց իրենք, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ պետք է մեխանիզմ լինի, որը կբացառի նման դեպքերը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել, որով ստեղծվելու է պետական կառավարման համակարգի մարմիններին եւ մարզպետարաններին ուղղվող դիմում-բողոքների ընթացակարգերին առնչվող խնդիրներն ուսումնասիրող եւ բարեփոխումների առաջարկություններ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ: Տեղեկացանք, որ կազմում ընդգրկված են լինելու այն աշխատակիցները, որոնք պատասխանատու են քաղաքացիների հետ աշխատանքում:
ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՎԵՑ
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ` հաստատվել է Հայաստանից արտահանվող եւ ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության` հսկվող ապրանքների, ինչպես նաեւ փոխանցվող երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների` հսկվող ոչ նյութական արժեքների ցանկը` ներդաշնակեցնելով այն Եվրամիության երկրներում 2016 թվականին ընդունված եւ ներկայումս գործող ցանկերի հետ: Մասնավորապես, արտահանող սուբյեկտը կարող է էլեկտրոնային փոստի միջոցով դիմել փորձագիտական կազմակերպությանը եւ երկու աշխատանքային ժամվա ընթացքում ստանալ պատասխան` արտահանվող ապրանքը հսկվող ապրանքների ցանկում առկա է, թե ոչ: Եթե փորձագիտական կազմակերպությունը գտնում է տվյալ ապրանքի ակնհայտ ոչ պատկանելիությունը հսկվող ապրանքների ցանկին, ապա վերջինիս էլեկտրոնային պատասխանը հիմք կհանդիսանա արտահանող սուբյեկտի համար արտահանել ապրանքն առանց փորձագիտական կազմակերպություն լրացուցիչ դիմելու` խնայելով ժամանակ եւ ֆինանսական ռեսուրսներ: