ՊԱՇՏՊԱՆԸ ԿՌԻՎՆԵՐԻ ՄԵՋ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավապահ մարմինների հետ ներքին տարաձայնությունների մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց մարդու իրավունքների պաշտպանի հետ:

-Պարո՛ն Թաթոյան, նախ ՄԻԵԴ-ը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասով միջանկյալ որոշում է կայացրել եւ արձանագրել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստ: Մեր իրավապահ համակարգը չգիտե՞ր` ինչ է անում, որ սպասեց` ՄԻԵԴ-ն ասի: Արդյոք իրավապահների մեղքը չե՞ք տեսնում ՄԻԵԴ-ի մասով:
-Եթե Դուք հետեւեք, նույն օրը, թե դրա նախորդող օրը, արդեն հայտարարել էի, որ քրեակատարողական հիմնարկի պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի նրա բուժումը իրականացվի պատշաճ քրեակատարողական հիմնարկում, այլ այնպիսի հետազոտություններ են պահանջում ու այնպիսի բուժում, որը պետք է իրականացվի քաղաքացիական հիվանդանոցային պայմաններում: Հետո տեսանք, որ Եվրոպական դատարանը ասեց նույնը, ինչը ես էի ասում:
– Ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար, իրավապահների անգործությունը, մեղքը չե՞ք տեսնում:
-Նախ` սա դատական քննության առարկա պետք է դառնա, փաստաբանները, որքանով ես հետեւում եմ, նորմալ բարձրացնում են այս հարցը: Գիտեք, երբ մարդուն բժշկական հաստատությունից տեղափոխում են հետ քրեակատարողական հիմնարկ, քրեակատարողական հիմնարկը պետք է վստահ լինի, որ կարողանալու է պատշաճ բոլոր պայմանները ապահովել: Իսկ մեր եզրակացությունը, ենթադրում եմ, նաեւ Եվրոպական դատարանին, քանի որ թե՛ մերը, թե՛ իրենցը նույնն էին, մեր եզրակացությունը հիմնված էր նրան հետազոտած քաղաքացիական բժշկի հետազոտության արդյունքների վրա: Նրա նախընտրած բժիշկը շատ մանրամասը նկարագրել էր, թե ինչ պատճառով չի կարող հետագա պատշաճ բուժօգնությունը կամ սպասարկումը իրականացվել քրեակատարողական հիմնարկում: Քանի որ մեր աշխատակազմում եւս կա բժիշկ, մենք ինքներս էլ էինք հետազոտել, եւ վերջում Եվրոպական դատարանը ասեց այն, ինչ մենք ասել էինք: Գործը գտնվում է դատարանի վարույթում, եւ պահման հետ կապված հարցը փաստաբանը կարող է բարձրացնել, եւ դատարանի կողմից քննության առարկա դառնա:
-Դուք իրավապահների հետ ներքին քննարկումների եւ կռիվների մե՞ջ եք` կալանավորված անձանց տեսակցության խնդրի հետ կապված, եւ օրենքի փաթե՞թ եք պատրաստել, ինչը իրենց այդքան էլ դուր չի եկել:
-Դուք ճիշտ եք լսել, նման նախագծի փաթեթ մշակել ենք: Ընդ որում` մի քանի օրենքների փաթեթ ենք մշակել, եւ ուղարկել եմ թե՛ կառավարություն, թե՛ Ազգային ժողով, եւ հիմա քննարկումների փուլն է: Ինչո՞ւմն է խնդիրը. այսօր պրակտիկայում անձին տեսակցություններից, հեռախոսային խոսակցության հնարավորությունից զրկելու իրավասությունը վերապահված է քննիչին, խոսքը վերաբերում է կալանավորված անձանց: Ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականների հետ կապված մենք կարծում ենք, որ այդ մեխանիզմը սկզբունքորեն հակասում է Եվրոպական դատարանի չափանիշներին: Պատկերացրեք, քննիչը մեկ գրությամբ արգելում է անձին, չես էլ կարող կանխատեսել, թե ինչքան ժամկետով կլինի տեսակցել իր երեխային: Իսկ ի՞նչ ենք մենք ասում: Մենք ասում ենք, որ դա մինչ դատական վարույթում պետք է արվի առնվազն դատախազի կողմից դատարանում: Դա բացառապես դատարանի տիրույթը պետք է լինի, ավելին` երկրներ կան, որ դա արվում է մինչդատական վարույթում դատարանի կողմից: Մենք գտնում ենք, որ դա կոնկրետ պետք է լինի ժամկետներով սահմանափակված, կոնկրետ պետք է նշվեն այն անձինք, ում հետ առաջարկվում է հանդիպումը սահմանափակել, պետք է կայացվի որոշումը, որը պետք է լինի պատճառաբանված եւ տրամադրվի անձին:
-Պրոբացիոն ծառայության աշխատանքը ինչպես իրավապահները, այնպես էլ տարբեր իրավաբաններ համարում են շատ վատը, անգամ Դուք եք գնահատական տվել: Ի՞նչ կասեք այս մասին:
-Արտահերթ զեկույց ես ունեմ, որը վերաբերում է պրոբացիոն ծառայությանը, ես կարծում եմ` պրոբացիոն ծառայության հետ կապված կառավարությունը լուրջ քայլեր պետք է ձեռնարկի, կայացնի այդ կառույցը: Խոսքը վերաբերում է ոչ թե աշխատողներին, այլ պետական քաղաքականությանը. պետությունը չի ցուցաբերում բավարար ուշադրություն այս ոլորտին, անտեսված է այս ոլորտը, ռեսուրսների ակնհայտ պակաս կա, եւ չեն ներդրվում ռեսուրսներ, որ բարձրացվի կարողությունը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ՍԱՀՄԱՆԸ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏԵԼՈՒ ՓՈՐՁ
Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ փորձել են ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Ջանֆիդա» սահմանապահ ուղեկալի 24-25 տեղամասերի հատվածով ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ անցնել Թուրքիայի Հանրապետության տարածք:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանպրիտ Սինգհինը, Ռանդիռ Սինգհ Սանդուինը, Նարինդեռ Սինգհինը եւ Ջուգրաջ Սինգհինը համաձայնության են եկել եւ որոշել են, խմբով 2018թ. նոյեմբերի 7-ին` ժամը 20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փշատավան գյուղի վարչական տարածքում տեղակայված, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Ջանֆիդա» սահմանապահ ուղեկալի 24-25 տեղամասերի հատվածը հաղթահարելով, ինժեներատեխնիկական կառույցները շրջանցելով, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ անցնել Թուրքիայի Հանրապետության տարածք:
Սակայն նրանց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ սահմանային էլեկտրաազդանշանային համալիրը միացել է, եւ նրանք սահմանապահների կողմից բռնվել են:
Հնդկաստանի 4 քաղաքացիները կալանավորված են, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու համար:

Ք. Մ.

 

 

 

 

ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 22-ին` ժամը 21:05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից խարդախության վերաբերյալ հաղորդում ստացվեց: 1-02 էր զանգահարել մի հյուրանոցի տնօրեն եւ հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում «Օպել» մակնիշի տաքսու վարորդը ֆիլիպինցի երկու զբոսաշրջիկից խաբեությամբ փող է վերցրել:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաղորդումից ժամեր անց ոստիկանները պարզեցին, որ նշված խարդախությունը կատարել են երեւանցի 40-ամյա եւ Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա տղամարդիկ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը նրանք ներկայացան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին եւ խոստովանեցին կատարածը:
Ըստ նախնական տվյալների` վարորդներից մեկը մյուսին ներկայացրել էր որպես հյուրանոցի աշխատակից եւ չարաշահելով օտարերկրացիների վստահությունը` ոչ միայն ուղեվարձի, այլեւ հյուրանոցում մնալու համար փող են վերցրել: Տուժողները միայն հյուրանոցում էին հասկացել, որ իրենց խաբել են: Հանգամանքները պարզվում են: Հափշտակված գումարը վերադարձվել է օտարերկրացիներին: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ՄՈՏԵՑՈՒՄ ՉԿԱ
«Վեթինգի նախագծի մասով որեւէ կոնցեպտուալ մոտեցում նախարարությունում եւ Ազգային ժողովում չկա այս պահին»,- այս մասին ասել է ՀՀ ԱՆ Ռուստամ Բադասյանը: Դիտարկմանը, թե «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավարի կարծիքով` վեթինգով պետք է զբաղվեն ԲԴԽ-ն եւ կոռուպցիայի դեմ նոր ստեղծվելիք կառույցը, Ռ. Բադասյանն արձագանքել է. «Վեթինգի մասով ես հայեցակարգ եւ հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների ծրագիր չեմ տեսել եւ չկա»: Դիտարկմանը, թե, իր ընդդիմախոսների խոսքով, իր նշանակումը տեղի է ունեցել «Սորոս»-ի հայաստանյան հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանի միջնորդությամբ, Բադասյանն արձագանքել է. «Երկու ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածվել, որից մեկի մեջ նաեւ զրպարտություն պարունակող տարրեր կան. առաջինը բանակում ծառայության հետ կապվածն է, երկրորդը` «Սորոս»-ի հետ կապերը: Անդրադառնալով բանակում չծառայելու հարցին` Բադասյանն ասել է, որ առողջական խնդիրներ է ունեցել թենիս խաղալու հետեւանքով: Նա հերքել է այն լուրերը, թե իր` ուժային կառույցներում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող հայրը որեւէ կերպ աջակցել է իր կարիերայի առաջխաղացմանը:

 

 

 

 

ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցման շուրջ: Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական Real TV-ի հետ հարցազրույցում: «Ինչպես գիտեք, հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հայկական կողմը մշտապես այն հարցն է բարձրացնում, որ բանակցությունների արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ է վստահություն ստեղծել եւ ճակատում կրակոցները նվազագույնի հասցնել: Կողմերը քննարկել են այս հարցերը, եւ, այսպես ասենք, ճակատում կրակոցները նվազել են: Եթե հարցը վստահության ստեղծումն է, ապա, խնդրեմ, մենք դրան էլ գնացինք հարցի լուծման նպատակով»,- հայտարարել է Զ. Հասանովը: Նա միաժամանակ շեշտել է, որ 2016թ. Ադրբեջանը Հայաստանին ցույց տվեց, որ կարող է հակամարտությունն այլ ճանապարհով լուծել:

 

 

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արագածցիները կառավարությունից պահանջում են դադարեցնել ՀԷԿ-երի գործունեությունը: Երեկ ՀՀ կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ համայնքի բնակիչները հայտնել են, որ թունավոր նյութերը ՀԷԿ-երի խողովակներով հասնում են գյուղ, իսկ երբ խողովակներ կառուցած չեն եղել, 16-17 կմ հեռավորության վրա թունավոր նյութերն ինքնամաքրված են հասել գյուղ, հիմա 2-3 րոպեում արդեն թունավոր նյութերը գյուղերի դաշտերում են:




Լրահոս