Ինչ ճակատագիր է սպասվում Ռոբերտ Քոչարյանին, և ինչ է ենթադրում ՍԴ որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը:

ՀՀ սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասի` քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցը, որոշեց.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվին չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետին, 61–րդ հոդվածի 1–ին մասին և 63–րդ հոդվածի 1–ին մասին և 78–րդ հոդվածներին հակասող և անվավեր։

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ–րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

Սա նշանակում է, որ եթե Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, ապա կալանավորումը չի կարող լինել իրավաչափ: Կալանավորումը չի կարող կիրառվել այնքանով, որքանով 135 հոդվածը որևէ երաշխիք չի նախատեսում, թեև Սահմանադրությունը նման երաշխիք նախատեսում է:

Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը այնքանով, որքանով չի նախատեսում որևէ նորմ, կարգավորում հատուկ պաշտպանական միջոցներով օժտված անձանց համար, դրանով հակասահմանադրական է, Սահմանադրությանը հակասող և անվավեր է: Հենց դրանով խախտվել է երկրորդ նախագահի՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը: Իսկ Սահամանադրության 61 և 63 հոդվածները նախատեսում են արդար դատաքննության իրավունքը: Իսկ 78-րդ հոդվածն արդեն վերաբերում է  ընթացակարգային և կառուցակարգային երաշխիքներին և որոշակիությանը:

Սահմանադրական դատարանը երկրորդ կետով, անդրադառնալով կալանավորման հոդվածին, նշեց, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը: Այստեղ պետք է նկատի ունենալ, որ 35-րդ հոդվածն ընդհանուր նորմ է, իսկ 135-րդ հոդվածն ավելի նեղ կարգավորում է նախատեսում: Բայց 135 և 35 հոդվածները միմյանց լրացնող հոդվածներ են և չեն կարող կիրառվել միմյանցից առանձին: Այսինքն՝ կալանավորումը, որը կիրառվել է մի քանի անգամ երկրորդ նախագահի նկատմամբ, խախտել է վերջնիս անձնական ազատության իրավունքը: 135-րդ հոդվածը՝ կալանքը, որը կիրառվում է, եթե կա առերևույթ խնդիր անձեռնմխելիության, ոչ թե քրեական հետապնդումն այդ պահին բացառվում է, այլ պարզապես կալանքը չի կարող կիրառվել: Եվ սա ոչ թե ես եմ ասել, տարիներ առաջ ասել է Վճռաբեկ դատարանը: Այսինքն՝ 135 հոդվածն առանց 35 հոդվածի գոյություն ունենալ չի կարող:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորներ՝ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը ունեն հատուկ կարծիք, որը կհրապարակվի եռօրյա ճամկետում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։

 




Լրահոս