Եթե ամեն նախարար, ամեն ղեկավար փոխվելուց մի ամբողջ կոլեկտիվ փոխվի, ո՞ւր կհասնի մեր երկիրը. Գևորգ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային Ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նիստում մոտ երկուժամ քննարկվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացված ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ոչ մի կերպ չհաջողվեց իմքայլականներին համոզել, որ ՀՀ-ում չպետք է աշխատողին գործատուն վերաբերվի այնպես, որ կարող է սիմպատիաներով աշխատանքի ընդունել ու ազատել:Հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց նախագծին:

Բանն այն է, որ ԲՀԿ-ականները առաջարկում էին հանրային ծառայության պաշտոնից ազատվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու դիմում տալ հարկադրելը պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ էլ որոշակի պատշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելով` 2-3 տարի ժամկետով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընդդիմադիր խմբակցությանը անհանգստացրել է այն հանգամանքը, որներկայիս իշխանությունները եւս առաջնորդվում են այն համոզմամբ, որպետք է մարդուն ազատել աշխատանքից, եթե այդ անձնավորությանը չեն հավանում: Գեւորգ Պետրոսյանն էլ իշխանությունների ներկայացուցիչներին փորձում էր համոզել օրենսգրքում կատարել փոփոխություն, որպեսզի այլեւսչկրկնվեն նման դեպքերը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեւորգ Պետրոսյանի հետ` պարզելու համար, թե ինչն է ստիպել իրենց աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես գալ:

-Պարո՛ն Պետրոսյան, ինչո՞ւ որոշեցիք խորհրդարանականներին առաջարկել փոփոխելՀՀ աշխատանքային օրենսգրքի որոշ կետեր, կա՞ ինչ-որ մտավախություն, ինչից ելնելով էլ` նման առաջարկով հանդես եկաք:

-Մենք պարտավոր ենք, որպես քաղաքացի, որպես մարդ, որպես իրավաբան, որպես պատգամավոր, ականջալուր լինել այն դժգոհություններին, որն առկա է մեր ազգաբնակչության մետ, ու հատկապես այն դժգոհություններին, որոնք տարածված են, որը թվում է անվերանալի: Մենք նախ եւ առաջ պետք է ամեն ինչ անենք այդ խնդիրներին լուծում տալու համար,պետք է այդ ամենին տալ իրավական-օրենսդրական լուծումներ: Այսօր գաղտնիք չէ, որ լինում են անակնկալ աշխատանքից ազատումներ, ու ես հակված չեմ այդ ամենը վերագրել միայն ներկաներին: Ցավոք սրտի, դա սկսվել է նախկին իշխանություններից, ու այդ մեխանիզմը անխափան գործում է: Գործում է մի մեխանիզմ, որ անցանկալի աշխատող կոչվածից պետք է ազատվել ցանկացած ժամանակ, եթե դու այդպես ես ցանկանում, բայց ես ուզում եմ ասել, որ աշխատանքը մարդու սոցիալ-տնտեսական կարեւորագույն իրավունքն է, ու չի կարելի մարդուն այդ իրավունքից զրկել` ելնելով գործատուի պարզ ցանկությունից, պարզ կամարտահայտությունից, ճաշակից, եւ այլն, չի կարելի նման բան անել: Մարդն ունի աշխատանք ունենալու իրավունք, իսկ պայմաններ երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ, այլեւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, բազմաթիվ կոնվենցիաներով, հիմա մենք ո՞ւր հասանք:

Հիմա մենք սոցիալական պետություն ենք, իսկ ինչպես այն կարող է համարվել սոցիալական, որտեղ քաղաքացին պաշտպանված չէ գործատուի կամայականությունից: Եթե կուզեք իմանաք, ապա սոցիալական պետության հիմնական իմաստներից մեկն այն է, որ աշխատավոր բնակչությունը պահպանված լինի գործատուի կամայականություններից: Հիմա քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը այդպիսի իրավադրույթ չի պարունակում, որով արգելվի աշխատողի նկատմամբ հետապնդումը,ու նաեւ Քրեական օրենսգիրքըչունի այդպիսի կոնկրետ հանցակազմ, որով պատասխանատվություն նախատեսի աշխատողին աշխատանքից ազատելու դիմում տալուն հարկադրելու համար, մենք առանձին պատգամավորներով նպատակահարմար գտանք Քրեական օրենսգրքում նման լրացում կատարել:

-Նշվում է, որ պատգամավորներին անհանգստացրել է այն հանգամանքը, որ պաշտոններին նշանակվելով` պաշտոնյանները ազատվում են այն կադրերից, որոնք իրենց համար անցանկալի են: Դա վերաբերվո՞ւմ է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն որոշմանը, երբ վերջինս աշխատանքից ազատել էր իր տեղակալին` հայտարարելով, թե նա իր կոնցեպտին չի համապատասխանում:

-Դա նպաստեց, որովհետեւ, գիտեք ինչ, ես որեւէ տեղ դա չեմ արդարացնում, բայց ինչ-որ չափով հասկանալի է մասնավոր սեփականության դեպքում: Գուցե մասնավոր սեփականատերն ասի` ես այսպես եմ տեսնում իմ քաղաքականությունը, բայց եթե պետական համակարգում ամենաբարձր մակարդակով, այն էլ` արդարադատության նախարարի մակարդակով, ասում է` դու մեր կոնցեպտի մեջ չես, քեզ հաջողություն, սա, ոչ ավել ոչ պակաս, պետք է հանգեցնի քրեական պատասխանատվության:

Ու, ընդորում, դա իրենք չեն էլ հերքել, այսինքն` դա իրողություն է: Իսկ եթե մենք պետական ապարատից ազատումները կատարեցինք անձնական քիմքին հաճելի լինելու, դուրեկան լինելու համար… ի՞նչ կոնցեպտի մասին է խոսքը, եթե կա կառավարության ծրագիր, երբ կա քաղաքական պաշտոն, քաղաքացիական ծառայություն: Եթե ամեն նախարար, ամեն ղեկավար փոխվելուց մի ամբողջ կոլեկտիվ փոխվի, ո՞ւր կհասնի մեր երկիրը: Հիմա էլ դա ուզում են տարածել դատական համակարգի վրա, ասում են` այս դատարանը մեզ մոտ վստահություն չունի: Կներեք, դատարանները իշխանություններին չեն սպասարկում: Եթե նման բան լինի, ապա մեռավ անկախ դատական համակարգը:

-Բայց, փաստորեն, իմքայլականները մերժեցին Ձեզ:

-Ես արդեն սկսում եմ համոզվել, որ այդ նախագծի մեջ երեւացել է Գեւորգ Պետրոսյան անուն ազգանունը, ով առիթը բաց չի թողնում կառավարության անպտուղ գործունեությունը քննադատել, դրա համար էլ դժկամություն կա իմ հեղինակած նախագծերի նկատմամբ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս