ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԱՆՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Աննա Մարգարյանն անհրաժեշտ ձայներ չստացավ ընտրվելու համար: Իշխանության կողմից առաջադրված թեկնածուն ստացավ 66 կողմ եւ 19 դեմ ձայներ եւ այսպիսով չընտրվեց: Քվեարկությանը մասնակցել էր 85 պատգամավոր: Իշխանական պատգամավորներն այս փաստը մեկնաբանում են իրենց խմբակցության մեծ թվով բացականերով, ինչի պատճառը գործուղումն է: Սակայն ընդգծենք, որ առավոտյան գրանցված է եղել 103 պատգամավոր, եւ «Իմ քայլը» խմբակցությունում եղել են այնպիսի պատգամավորներ, որոնք առավոտյան գրանցված են եղել, սակայն քվեարկության չեն եկել: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ քվեարկությանը զուգահեռ «Իմ քայլ»-ի պատգամավորներն անընդհատ զանգերի մեջ են եղել, փորձել են առավոտյան բոլոր գրանցված պատգամավորներին գտնել եւ բերել քվեարկության, սակայն չի հաջողվել: Բանն այն է, որ այդ ամենի պատասխանատուն իրականում հանդիսանում է Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, եւ հենց նրա վրա է դրված եղել քվեարկությունը պատշաճ կազմակերպելու պարտականությունը: Շատ պատգամավորների քվեարկության այլ ժամ է ասվել, հետո փոխվել է։ Մի շարք օրենսդիրներ տարբեր հանդիպումների են եղել եւ չեն հասցրել գալ մինչ քվեարկության ավարտը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց քվեարկությունից անմիջապես հետո մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ հենց Վահագն Հովակիմյանից, պարզել, թե ինչու չի ստացվել գործընթացը պատշաճ կազմակերպել: Սակայն գնալով պատգամավորի աշխատասենյակ` հայտնաբերեցինք, որ շենքից արդեն դուրս է եկել, իսկ դրանից հետո նրան ուղղված զանգերն ու նամակներն այդպես էլ անպատասխան մնացին:
Հ.Գ. Երբ քվեարկությունը սկսվեց, պատասխանատուներն արդեն հասկացան, որ այն տապալվելու է եւ միայն այդ ժամանակ սկսեցին քայլեր ձեռնարկել, սակայն արդեն ուշացած:

 

 

 

Կիրակի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան 65-ամյակը նշել է խիստ ընտանեկան միջավայրում: Մեր տեղեկությունների համաձայն՝ Ս. Սարգսյանը չի ցանկացել մեծ միջոցառում կազմակերպել, ինչի համար էլ ընտանիքում փոքր խնջույք են կազմակերպել՝ թոռնիկներով, դուստրերով։ Ուշագրավն այն է, որ հեղափոխությունից հետո տարբեր ՀՀԿ-ականներ, որոնք բողոքում էին, թե Ս. Սարգսյանն իրենց «քցել» է` անակնկալ հայտարարելով իր հրաժարականի մասին, նախօրեին ակամա սկսեցին գովերգել նրան ու փառաբանել անցած գործունեությունը: ՀՀԿ-ականների այս պահվածքը թերեւս կապված է այն լուրերի հետ, որ նոր իշխանությունները շուտով տապալվելու են, ու կրկին ՀՀԿ-ն կիշխի։ Ահա այսպես իշխանության ղեկին վերադառնալու նոստալգիան էլ ՀՀԿ-ականներին մղեց գովերգի։ Բայց տեղին է թերեւս հիշել ՀՀ վարչապետի հայտնի խոսքերը, որ վերադարձ անցյալին այլեւս չի լինելու։

 

 

 

Երեկ խորհրդարանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով` անդրադառնալով նաեւ այդքան քննարկված ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությանը: Երեկ պատվիրակության անդամները փորձում էին ամեն կերպ բացատրել պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի եւ Հովհաննես Իգիթյանի քվեարկությունների հետ կապված պատմությունը եւ վստահեցնել, որ ռուսական կողմի հետ որեւէ խնդիր չի եղել, եւ նրանց հետ խոսել եւ բացատրել են, թե ինչու է քվեարկության պատկերն այդպես եղել: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ռուբինյանը քվեարկությունից հետո եկավ ինձ մոտ, լուսանկարվեցինք եւ զրուցեցինք: Նա բացատրեց ինձ քվեարկության հետ կապված պատճառները, եւ ես հավատացի նրան»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում պատրաստվում են նոր գործընթացների: Մասնավորապես, այս օրերին դատավորներին ծանուցումներ են ուղարկում, որ հուլիսի 11-ին ներկայանան Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշենի նստավայր` մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի ընտրեն ԲԴԽ անդամներ: Այսպիսով, մեզ հասած տեղեկություններով` հունիսի 27-ին 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, որ մինչեւ հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկվա դրությամբ որեւէ դատավոր ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարվելու դիմում չի ներկայացրել: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը, Ռուբեն Վարդազարյանը եւ այլք ցանկություն են հայտնել դառնալու ԲԴԽ անդամ:

 

 

 

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ
Այս տարվա հունիսի 28-ին ՀՀ կառավարության e-draft.am կայքում քննարկման է դրվել «Զանգվածային լրատվության մասին» եւ երկու այլ ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, որոնցով նախատեսվում է մեզանում ներմուծել ԶԼՄ-ների հաշվառման ընթացակարգ: Թեեւ նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ այն դրական միտումներ ունի, եւ նպատակ չկա որեւէ վատ քայլ անել լրատվամիջոցների նկատմամբ, այնուամենայնիվ, մտահոգություններ են հնչում դաշտում, որոնք անհնար է անուշադրության մատնել:
Ընդհանրապես, լրատվամիջոցներին, լրագրողներին առնչվող թեմաները շատ զգայուն են, եւ ցանկացած քայլ, որ արվում է` այդ դաշտի կարգավորմանն ուղղված, թեկուզ ամենավառ ու լուսավոր նպատակներով, մշտապես քննադատության առարկա է դառնում: Գերզգայուն այս դաշտում ցանկացած փոփոխություն ենթադրում է հանրային լայն քննարկումներ նախ եւ առաջ: Ընդ որում, քանի որ լրագրության դաշտն էլ է բազմաշերտ` ավանդական մամուլ` թերթեր, նոր զարգացող կայքեր, հեռուստաընկերություններ, ռադիոընկերություններ, ժամանցային ամսագրեր, թերթեր եւ մամուլի հարցերով զբաղվող տարաբնույթ կազմակերպություններ, քննարկումներ կազմակերպելիս պետք է այնպես անել, որ շատ մարդիկ ներգրավվեն: Բանն այն է, որ թվարկված շերտերի ոչ բոլոր ներկայացուցիչներն են, որ իրար հետ հաշտ են կամ իրականում նպատակ ունեն լրագրության դաշտում առողջացման քայլերի: Դրա համար էլ դաշտի կարգավորման ցանկացած հարց պետք է մինչեւ հրապարակային որեւէ քայլ անելը քննարկման դրվի:
Սակայն ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը` լրատվամիջոցներին հաշվառելու վերաբերյալ, իրականում նպատակ ունի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնել, բայց նախագիծը ընդգրկում է նաեւ դրույթներ` լրատվամիջոցներին հաշվառելու վերաբերյալ, որը տարբեր գնահատականներով խիստ հետադիմական քայլ է:
Բայց նույնիսկ եթե սա էլ առաջադիմելու նպատակ հետապնդեր, անթույլատրելի է, որ առանց մասնագիտական հանրության հետ քննակում ծավալելու նախարարությունը «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ է նախաձեռնել: Այս նախադեպը, մեղմ ասած, վատ է ու պետք է երբեւէ չկրկնվի: Իսկ օրինագիծը պետք է լայն քննարկման առարկա դառնա, մասնագետները առաջարկներ ներկայացնեն, որից հետո միայն սկսվեն փոփոխությունների պաշտոնական գործընթացները: Հուսանք` Նոր Հայաստանում այդպես էլ կլինի:




Լրահոս