ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)` հունիսի 24-ին տեղի ունեցած ամենաերկար նիստի շուրջ քննարկումները չեն դադարում: Ինչպես հայտնի է, այդ օրը` մինչեւ կեսգիշեր ձգված նիստի ժամանակ պատվիրակները քննարկում էին Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը: Եվ, ի վերջո, 118 կողմ 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձել էր ԵԽԽՎ: Սակայն մեծ աղմուկ էր բարձրացրել, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության քվեարկության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել բանաձեւին, «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Հովհաննես Իգիթյանն առհասարակ չի մասնակցել քվեարկությանը, եւ կողմ էին քվեարկել միայն ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ-ից ու Էդմոն Մարուքյանը` «Լուսավոր Հայաստանից»:

Եվ մինչ բոլորը քննարկում էին դա, պարզվեց, որ Ռուբեն Ռուբինյանը լրիվ «պատահաբար» է դեմ քվեարկել հարցին: Եվ ավելին` նա ռուս պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հետ լուսանկար էր հրապարակել եւ հայտարարել, թե մերձեցման երեկո են կազմակերպելու: Երեկ` մամուլի ասուլիսի ժամանակ, հայկական պատվիրակության անդամները եւս մեկ անգամ վերահաստատեցին, որ հայկական պատվիրակության ղեկավարի քվեարկությունն իսկապես վրիպակ է եղել, իսկ, ահա, Հովհաննես Իգիթյանն ամեն կերպ փորձում էր շրջանցել թեման եւ հայտարարեց, թե պարզապես դահլիճում չի եղել, քանի որ այլ հանդիպումներ են եղել, այլ հարցեր քննարկելիս են եղել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրականում Հովհաննես Իգիթյանի քայլը պայմանավորված է այլ հանգամանքներով, եւ նա համաձայնություն է ունեցել այդպես վարվելու ուկրաինացի պատվիրակների հետ: Եվ երեկ նա ասուլիսի ժամանակ չհերքեց, որ ուկրաինացի պատվիրակների հետ հանդիպում եղել է, սակայն ընդգծեց, որ ոչ միայն նրանց:
Երեկ ԵԽԽՎ նիստում տեղի ունեցած քվեարկության եւ, առհասարակ, հայ-ռուսական հարաբերությունների շուրջ զրուցեցինք ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովի հետ, ում հետ էլ լուսանկար էր հրապարակել հենց Ռուբեն Ռուբինյանը: Ռուս պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ինքը հավատացել է Ռուբեն Ռուբինյանին: «Ռուբեն Ռուբինյանը հաջորդ օրը կանգնեց եւ ասաց, որ դեմ չի քվեարկել, այլ տեխնիկական է եղել խնդիրը: Նա մոտեցել է ինձ, լուսանկարվել ինձ հետ եւ բացատրել եւս մեկ անգամ, որ դա իսկապես տեխնիկական խնդիր է եղել, որպեսզի մենք չմտածենք, թե նա դիտմամբ է այդպես քվեարկել, իսկ հետո հրաժարվել: Եվ ես նրան հավատում եմ»,- նշեց Կալաշնիկովը:
Նա ընդգծեց, թե Ստրասբուրգում հայ-ռուսական հարցերի շուրջ զրուցել է նաեւ այլ պատգամավորների, այդ թվում` կողմ քվեարկած երկու ընդդիմադիրների հետ, սակայն քվեարկությանը չմասնակցած Հովհաննես Իգիթյանին երբեք չի հանդիպել եւ չի զրուցել: Իսկ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների հետագա հարցերի մասին` նա նշեց. «Ես տեսնում եմ, որ ուղղակի դադարը երկարում է, եւ եթե այն երկարել է, չի նշանակում, թե վատ են հարաբերությունները, եւ թշնամանք կա: Հայկական կողմից շատերը հիմնականում ասում են, թե խնդիր չկա, ամեն ինչ լավ է, մենք ընկերներ ենք: Եվ իսկապես, օրինակ, այսօր (երեկ-խմբ) ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եմ հանդիպել ֆորումի ժամանակ, եւ նա ինձ մշտապես ամեն կերպ համոզում է, որ ամեն ինչ լավ է, մենք նախկինի պես մնում ենք լավ հարաբերությունների մեջ, եւ ես դա տեսնում եմ: Իսկ Հայաստանում այլ մարդիկ մի փոքր ուրիշ տեսակետ են հայտնում: Եվ նրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք նախկինում են եղել իշխանության: Ես սովոր եմ հավատալ գործերին, այլ ոչ թե բառերին», – հավելեց նա:
Կալաշնիկովի խոսքով` հայ-ռուսական հարաբերություններում դադարի երկար լինելու պատճառը քաղաքական սերնդափոխությունն է, որը եկավ նոր իշխանության գալու հետ մեկտեղ: «Իշխանության էին մարդիկ, որոնք ռուսական կողմի հետ լավ էին, եկան նոր մարդիկ, որոնք ասում են` կրկին ընկերաբար ենք վերաբերվում ռուսական կողմին, սակայն ընկերաբար չենք այն մարդկանց հանդեպ, որոնք մինչ այդ էին իշխանության եւ փոխում են այդ մարդկանց: Եվ հաշվի առնելով, որ երկիրը փոքր է, ամեն ինչ փոխել դժվար է, եւ կոնֆլիկտ է մնում մարդկանց միջեւ:», – շարունակեց պատգամավորը:
Պետդումայի պատգամավորի համար նաեւ զարմանալի են այն խոսակցությունները, որոնք առկա են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի` Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու հանգամանքի շուրջ: «Դեսպանը կարող է հանդիպել այն մարդկանց հետ, որոնց ցանկանում է, որոնք ահաբեկիչ չեն, հանցագործ չեն, ինչո՞ւ ենք մարդկանց սեւերի ու սպիտակների բաժանում: Քոչարյանը հանդիսանում է ընդդիմադիր գործիչ, մեր դեսպանը որեւէ այլ բան չի արել», – հավելեց նա:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ հայկական պատվիրակության երկու անդամների` Ռուբեն Ռուբինյանի եւ Հովհաննես Իգիթյանի քայլերն, ամեն դեպքում, քննարկման թեմա են դարձել ռուսական կողմի համար, եւ վերջիններիս ամեն կերպ հավաստիացումներ են տրվել, թե հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ նորմալ է: Իհարկե, երբեք ավելորդ չէ հայ-ռուսական հարաբերությունների ամուր լինելու մասին եւս մեկ անգամ խոսելն ու բարձրաձայնելը, սակայն այնքան էլ լուրջ չէ, երբ այդպիսի կարեւոր հարթակներում հայ պատվիրակներն աչքի են ընկնում այնպիսի պահվածքով, որը կարող է վնասել դրանք: Եվ որքան էլ Հովհաննես Իգիթյանը երեկ արդարանում էր, թե իր բացակայությունը եւս տեխնիկական է եղել, սակայն փաստ է այն, որ նա իր քայլն ու բացակայությունը որեւէ կերպ չի մեկնաբանել ռուս գործընկերների մոտ եւ, ըստ էության, եւս մեկ անգամ ապացուցել իր եվրոպամետ լինելը: Սակայն արդյոք չպե՞տք է այդպիսի հարթակներում մի կողմ դնել եվրոպամետ կամ ռուսամետ լինելը եւ առաջ տանել Հայաստանի շահը, որն այս դեպքում կլիներ այսպիսի սկանդալից պարզապես զերծ մնալը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԿԻՆՆԵՐԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԱԱԾ նախկին ղեկավարների կողմից ազատված պաշտոնյաները կրկին ցանկանում են հետ վերադառնալ համակարգ եւ դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վարդան Ստեփանյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը 2017 թվականի «զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժի ենթարկելու մասին ՀՀ ազգային անվտանգության տնօրենի տեղակալի հրամանը վերացնի եւ իրեն ծառայությունում վերականգնի:

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԱԺ մշտական հանձնաժողովների կազմերում փոփոխություններ են եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավոր Նարինե Թուխիկյանի` մանդատը վայր դնելուց հետո պատգամավորական մանդատ ստացած Արթուր Հովհաննիսյանն ընդգրկվել է Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմում: Սակայն սա միակ փոփոխությունը չէ. այլեւս այս հանձնաժողովի կազմում չէ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: Նա այսուհետ հանդիսանալու է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս փոփոխությունը պայմանավորված է նաեւ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությամբ: Բանն այն է, որ պատգամավոր Արեն Մկրտչյանը մինչ օրենսդրական գործունեությամբ զբաղվելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր` կոռուպցիայի դեմ պայքարի գծով, եւ այդ ընթացքում բազմաթիվ բացահայտումներով էր հանդես եկել, որոնք հենց վերաբերել են Պաշտպանության նախարարությանը եւ այդ ոլորտին: Եվ քանի որ միայն Պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները կարող են լինել քննիչ հանձնաժողովի անդամ, ապա որոշում է կայացվել Արեն Մկրտչյանին տեղափոխել հենց այդ հանձնաժողով եւ այդ ուսումնասիրություններով օգտակար լինել քննիչ հանձնաժողովին:

 

 

 

ՊԱՐԱՊՈՒՐԴ
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը պարապուրդի է մատնված: Այս հանձնաժողովը ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին ոչ մի նիստ չի գումարել: Համենայնդեպս այդպիսի տեղեկատվություն է առկա ԱԺ պաշտոնական կայքում, եւ դրա համաձայն` վերջին նիստը եղել է մարտի 21-ին, որից հետո մեկ անգամ էլ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի հետ համատեղ քննարկել են 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի նախագիծը: Եվ նման պարապուրդի պատճառը նաեւ այն է, որ չկան նախագծեր, որոնք վերաբերում են այս հանձնաժողովին: Սակայն նկատենք, որ հիմա մի շրջան է, երբ պետք է համաձայնություն տրվի ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզին, եւ սկսվի այն իրականացնելու գործընթացը: Եվ այս առումով ակտիվ պետք է լինի հենց այս հանձնաժողովը:
Հիշեցնենք` այս հանձնաժողովի նախագահը Արման Եղոյանն է՝ Փաշինյանի նախկին խոսնակը։

 

 

 

ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Իրանի էներգետիկայի նախարար Հոմայուն Հաերին եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են էներգացանցի ստեղծման հարցերը՝ էլեկտրաէներգիայի հաղորդման համար: Մ. Գրիգորյանն ասել է, որ Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ արտոնյալ սակագնային համաձայնագիրը հարմար հնարավորություն է ծառայել երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը:

 

 

 

ՊՆԴԵԼՈՒ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ըստ նրա` ինքնաբացարկի հարցը կքննարկվի առաջին դատական նիստի ընթացքում: «Մենք պնդելու ենք մեր դիրքորոշումը»,- ասել է Ա. Դավթյանը: Նշենք, որ Քոչարյանի եւ մյուսների գործը ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, եւ մինչ այս պահը հայտնի չէ, թե որ դատավորն է այն քննելու:

 

 

 

ԱՌԱՆՑ «ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ»
Հայաստանում ցանկանում են վերացնել «աղետի գոտու շահառու» հասկացությունը: Այդ գոտու բնակիչներին բնակարանով ապահովելու համար կառավարությունը կհատկացնի 3 միլիարդ դրամ: Նախատեսվում են 2021թ. դիմավորել առանց «աղետի գոտու շահառու» հասկացության»,-հայտարարել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «2008-2017թթ. ապահովվել է 4839 ընտանիք, եւ պետական բյուջեից դրա համար ծախսվել է մոտ 65 միլիարդ դրամ: 2018թ. բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, եւ ապահովվել է բնակարանով 44 ընտանիք: 2019թ. բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ եւ 60 ընտանիք»,-նշել է Վերմիշյանը: Նրա խոսքով՝ վարչապետի հանձնարարականով, որպեսզի մինչեւ 2020թ. մնացած 453 ընտանիքն ապահովվի բնակարանով, պետք է հատկացվի 3 միլիարդ դրամ: Վերմիշյանի պնդմամբ` տնակներում ապրող ոչ բոլոր անձինք կամ ընտանիքներն են շահառուներ, քանի որ նրանց թվում կան նաեւ անշարժ գույք ունեցողներ: Նրա խոսքով՝ տնակները քաղաքաշինական խնդիր են առաջացնում, զբաղեցնում են հանրային տարածքներ:

 

 

 

ՂԵԿԱՎԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայկ Պետրոսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար:




Լրահոս