Ավելի լավ է այդ բամբասողները գան մրցույթին մասնակցեն. Կարեն Արիստակեսյանը՝ Սարդարապատի թանգարանի շուրջ լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը, ով նախկինում աշխատել է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում, համացանցի իր էջում գրել էր.

«Պարզվում է՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի համար տնօրենի նշանակման մրցույթ է հայտարարված, բայց այն, ցավոք, թաքցված է «քառսուն գազ խորությամբ» ու «քառսուն գոմշու կաշվի» տակ, որ հանկարծ մասնակից չլինի։

Համաձայն ՀՀ կառավարության 25 հունվար 2005թ. 224-Ն որոշման՝

4. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին լիազորված պետական մարմնի որոշումը և մրցույթի պայմանները լիազորված պետական մարմինը 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանը կայք չունի, բայց ունի ֆեյսբուքյան էջ, որով պարտադիր հինգ օրը մեկ պետք է թարմացվեր տնօրենի մրցույթի մասին հայտարարությունը։

Վստահ եմ, որ Պաշտպանության Նախարարությունում էլ այդքան խորը տեղյակ չեն, այս հույժ կարևոր կառույցի՝ Հայոց ազգագրության թանգարանի տնօրենի մրցույթի «հույժ գաղտնի» անցկացման մասին։

Տեղեկություններ կան, որ ներկայիս տնօրենը հանդգնել է նորից երրորդ անգամ մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին»:

Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ մրցույթը թաքցնելը որևէ մեկին առհասարակ ձեռնտու չէ, և մրցույթը նրանով է մրցույթ, որ քաղաքացիները կարողանան գալ և մասնակցել:

«Մրցույթը հրապարակված է եղել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, և զանգվածային լրատվության բոլոր միջոցներով տեղեկացվել են: Ինչ վերաբերում է բամբասողներին, ապա ավելի լավ է այդ բամբասողները գան մրցույթին մասնակցեն: Դա բամբասանք է, և ես էլ սովոր չեմ բամաբասանքներին պատասխանել»,- ասաց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս