ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՇՓՈԹՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով:

Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ Նոր Նորքի իր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում: Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ: 2 հոգին անմիջապես փախնում են, իսկ մյուս երկուսը, որոնցից մեկը հենց Անդրանիկ Հարությունյան է, ըստ ամենայնի, մտնում են բակի տաղավարի սեղանի տակ: Տեսանյութում նկատվում է, որ Անդրանիկ Հարությունյանի վրա կրակող անձը նրա հետ խոսում է եւ, ըստ էության, ինչ-որ պահանջներ է ներկայացնում, որից հետո Անդրանիկ Հարությունյանի եւ նրա վրա զենքով հարձակվող անձի միջեւ սկսվում է կռիվ: Երրորդ անձն այդ ընթացքում հասցնում է սեղանի տակից փախչել: Վազում է նաեւ Անդրանիկ Հարությունյանը, որպեսզի հեռանա իր վրա մի անգամ արդեն անհաջող կրակած անձից, սակայն փորձերը կրակոցներից փախչելու ապարդյուն են լինում: Ի վերջո, հանցագործին հաջողվում է սպանել Ադրանիկ Հարությունյանին: Ընդ որում` սպանողը բաց դեմքով էր:
4 կրակոց
Դեպքից հետո պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ ՀՀ քննչական կոմիտեն եւ հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի զենք):
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են պարկուճներ, 1 փամփուշտ: Դեպքի վայրից հայտնաբերվել են նաեւ սպորտային պայուսակ, պլաստմասե շիշ… Կատարվել է դիակի զննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ դիակի վրա առկա է թվով 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը` տեղակայված դեմքի ձախակողմյան ստորին այտոսկրի շրջանում, երկուսը` ձախ ձեռքի նախաբազկի վերին երրորդ հետին մակերեսին եւ ստորին երրորդ դրսային մակերեսին, իսկ մյուսը` միջթիակային հատվածում:
Ո՞վ է «օրենքով գող» Անդիկը
Վերջինս հիմնականում գործունեություն է ծավալել Մոսկվայում, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում մի քանի անգամ ձերբակալվել է, այդ թվում` ապօրինի կերպով թմրանյութ պահելու համար: 2009թ. նա ՌԴ-ում դատապարտվել է 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման ՌԴ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
Անդրանիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել նաեւ Հայաստանում: Մասնավորապես, 2018թ. հունիսին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկություններ էին կատարել մի շարք «օրենքով գողերի», այդ թվում` Մասիվցի Անդիկի բնակարանում: Արդյունքում Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել էր` թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով:
Նախնական տվյալներով` 2018թ. հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր «Մեթադոն» տեսակի թմրամիջոց:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նա շարունակում էր մնալ ազատության մեջ:
Իրավապահ համակարգը խառնված է
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը իրարանցում է առաջացրել ինչպես քրեական աշխարհում, այնպես էլ իրավապահ համակարգում: Մասնավորապես, լուրեր կան, որ քրեական աշխարհում կատարվածից հետո հավաքվել են, եւ «օրենքով գողերը» փորձում են հասկանալ, թե ով կամ ինչու սպանեց Անդրանիկ Հարությունյանին: Իսկ, ահա, իրավապահ համակարգը մտավախություն ունի՝ եթե բացահայտվի, որ սպանությունը կապ ունի գողական աշխարհում առաջացած հարց ու պատասխանների հետ, ապա հետեւանքները կարող են անխուսափելի լինել: Սակայն այս պահին չի բացառվում այն վարկածը, որ միգուցե սպանությունը կենցաղային խնդրի հետեւանք է եղել:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ իրավապահ մարմինների մոտ 100 աշխատակից է ներգրավվել սպանության բացահայտման գործում:
Անիմաստ հավաքագրումները
Ինչո՞ւ այսպես եղավ: Տեղի ունեցած սպանությունը մի շարք հարցեր է առաջացրել: Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ ոստիկանությունը օպերատիվ կերպով հաղորդագրություններ է տարածում, թե լայն թափով սկսել է «օրենքով գողերին» բերման ենթարկելու, «ասֆալտին փռելու», նրանց բնակարանները խուզարկելու գործընթաց: Ու նրանց մեջ է եղել նաեւ նախօրեին գիշերը սպանված Անդրանիկ Հարությունյանը:
Թվում էր, թե իրավապահ համակարգը, քրեական աշխարհի հետ կապ ունեցող անձանց ձերբակալելով, իրացնում է իր օպերատիվ տվյալները կամ կասկածներ ունի նրանց գործունեության հետ կապված, պայքար է տանում հանցագործությունների կանխման համար՝ նրանց բերման ենթարկելով: Բայց պարզվեց՝ ամենեւին ոչ: Նախ որովհետեւ գրեթե բոլոր բերման ենթարկվածները նույնքան օպերատիվ կերպով էլ ազատության մեջ են հայտնվում, բացի այդ, եղավ հենց այդ աշխարհի ներկայացուցչի սպանություն, որից ոստիկանության օպերատիվ աշխատողները տեղյակ չէին:
Գաղտնի միջոցառումները
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ:
-Պարո՛ն Ահարոնյան, ոստիկանությունը թավշյա հեղափոխությունից հետո եւ, առհասարակ, վերջին օրերին ակտիվ ներկայացնում է հաղորդումներ, թե ինչպես են «օրենքով գողերի», քրեական աշխարհի ներկայացուցիչների բերման ենթարկում, որից հետո ազատ արձակում: Ինչո՞ւ եք բերման ենթարկում, հետո թողնում, ո՞րն է նպատակը:
-Ձեր կողմից նշված, այդպես ասած, «օրենքով գողերի»` ոստիկանությունում հայտնվելը երբեք ինքնանպատակ չի եղել: Ոստիկանությունը իր գործառույթները իրականացնելիս, այն է` հանցավորության դեմ պայքարը, հանցագործությունների կանխարգելումը, մշտապես իրականացնում է օպերատիվ աշատանքներ: Այդ աշխատանքների շրջանակներում եւ ոստիկանների տեսադաշտում հայտնվում են նաեւ, այսպես ասած, «օրենքով գողեր»:
-Մի շարք մասնագետներն այն կարծիքին են, որ «օրենքով գողերի» դեմ ոստիկանության աշխատանքը ճիշտ չէ, եւ նրանց բերման ենթարկելով, ձերբակալելով` որեւէ արդյունքի չեն կարող հասնել, քանի որ այդ աշխարհի կանոններով ապրողների հետ պրոֆիլակտիկա չեն անում: Նրանց բերման ենթարկելուց հետո պետք է այնպիսի փաստարկներ ներկայացվեն, որ անմիջապես ձերբակալվեն, կամ ուղղակի չպետք է շոու բեմադրվի:
-Ես չգիտեմ, թե Դուք որ մասնագետներին եք վկայակոչում, որովհետեւ մինչ օրս ես տեսել եմ սիրողական մակարդակի վերլուծություններ: Կարծում եմ` Դուք է՛լ, Ձեր կողմից նշված մասնագետներն է՛լ կհաստատեն, որ հանցավոր աշխարհում, այսպես կոչված, «օրենքով գողերը» ունեն որոշակի ազդեցություն եւ դիրք, եւ զարմանալի չէ, որ ոստիկանությունը, որի գերխնդիրը հանցավորության դեմ պայքարն է, ժամանակ առ ժամանակ այդ անձանց բերման է ենթարկում կամ կանչում: Դրանք օպերատիվ աշխատանքներ են, որոնք գաղտնի են, դրանց հիմնական մասը, եւ այդ աշխատանքի վերաբերյալ կարծիք հայտնելիս կարծիք հայտնողը գոնե պետք է նպատակների ու միջոցների մասին տեղեկություն ունենա: Եթե այդ միջոցառումները գաղտնի են, եւ այդ մասնագետը չգիտի` ինչի մասին է խոսքը, որ հանցագործության համար են նրան բերել, որ սպասվող հանցագործության կանխարգելման համար, բնականաբար նրա բոլոր վերլուծություններն ու կարծիքները լինելու են սուբյեկտիվ:
-Բայց ունենք իրավիճակ. ոստիկանությունը «օրենքով գեղերին» բերման է ենթարկում, ձեբակալում է, հետո բաց թողնում, ինչը անում են նաեւ այս օրերին, ու այդ ամենի արդյունքում «օրենքով գող» է սպանվում: Հիմա այս իրավիճակում ոստիկանության աշխատանքը Դուք արդյունավետ համարո՞ւմ եք. ըստ էության, անարդյունք է:
-Իհարկե, արդյունավետ եմ համարում աշխատանքները, բայց, ի տարբերություն ոստիկանության, օպերատիվ աշխատանքներ իրականացնողների, մնացած բոլորը չեն կարող այդ աշխատանքների արդյունավետության մասին խոսել, քանզի, կրկնում եմ, նրանք չգիտեն` կոնկրետ անձի ինչու բերեցին, ինչ նպատակով. դա կանխարգելիչ էր կոնկրետ հանցագործության բացահատման, թե ընդհանուր քրեական իրավիճակի վերահսկման: Մինչեւ կարծիք հայտնողը չիմանա` ինչի համար է դա արվել, նա չի կարող օբյեկտիվ կարծիք ձեւավորել: Կրկնում եմ` ոստիկանների տեսադաշտում այդ անձանց առավել հաճախ հայտնվելը պայմանավորված է հենց հանցագործությունների բացահայտման եւ ընդհանուր քրեական իրավիճակի վերահսկման աշխատանքով:
-Փաստ է, որ ոստիկանությունը չի կարողանում հանցագործություններ կանխի եւ, առհասարակ, քրեական իրավիճակը վերահսկի:
-Այս սպանությունով որեւէ մեկը, համենայնդեպս, այս պահին չի կարող գնահատական տալ, որ դա ոչ արդյունավետ կամ արդյունավետ աշխատանքի…, որովհետեւ դեռ պարզ չեն կատարվածի շարժառիթները` դրանք կապված են հանցագործ աշխարհում տեղի ունեցած ինչ-որ պրոցեսի հետ, թե կենցաղային են: Այսօր որեւէ մեկը ոչ միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհում չի կարող այդ կոնկրետ դեպքով գնահատական տալ: Ամենազարգացած երկրներում նույնպես սպանություններ կատարվում են, եւ մեկ դեպքով գնահատական տալ գլոբալ մի գործառույթի սխալ է եւ շատ սիրողական մակարդակի:
-Այսօր «օրենքով գողերը», քրեական հեղինակությունները ոստիկանությունից, իրավապահներից չեն վախենում, անլուրջ են վերաբերվում բռնել-թողելու օպերացիաներից հետո:
-Բացարձակ չեմ կիսում, քանի որ բոլորս ապրում ենք մեր երկրում, եւ բոլորիս տեսանելի է ամեն ինչ: Չկա նման բան. ոստիկանության խնդիրը հանցավորության դեմ պայքարն է, եւ այդ շրջանակներում կլինի «օրենքով գող», թե հեղինակություն, թե մեկ այլ ոլորտից, միեւնույնն է, հայտնվելու են ոստիկանների տեսադաշտում եւ համապատասխան պատժի արժանանան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

15 ԹԵԿՆԱԾՈՒ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑ

Ինչպես հայտնի է, դատական համակարգում, շունչները պահած, սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին: «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ 122 դատավորներին ծանուցումներ են ուղարկել, որպեսզի հուլիսի 11-ին` ժամը 14:00-ին, ներկայանան Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշենի նստավայր` մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի իրենց կազմից ընտրեն ԲԴԽ 3 անդամներ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` 122-ից զտվել են դատավորները, եւ մոտ 76 դատավորի ծանուցվել է, որ իրենք ընդգրկվել են ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում եւ մինչեւ հուլիսի 6-ը` ժամը 18:00-ն, ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից:
Նշենք, որ 76 հոգուց ընդամենը 3-ը կարող են դառնալ ԲԴԽ անդամ:
Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ երեկվա դրությամբ մոտ 15 դատավոր դիմում են ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտ եւ հայտնել են, որ իրենց անուն-ազգանունը հանեն ԲԴԽ անդամ դառնալու ցանկից: Ասել է թե` երեկվա դրությամբ 15 դատավոր ցանկություն չունի ԲԴԽ անդամ դառնալու: Իսկ ովքե՞ր են այդ դատավորները:
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեցինք, թե ովքեր են այդ դատավորները, որոնք այս օրերին նամակ են ուղարկել դատական դեպարտամենտ եւ հայտնել են, որ իրենց անունները հանեն ԲԴԽ անդամ դառնալու ցուցակից: Ի պատասխան` վերջինս հայտնեց. «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գագիկ Պողոսյան, Մնացական Մարտիրոսյան, Կարեն Ֆարխոյան, Վահագն Մելիքյան, Վարդան Գրիգորյան, Արտուշ Գաբրիելյան, Ռուբեն Ափինյան, Ալեքսեյ Սուքոյան, Կարինե Պետրոսյան, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Ստեփանյան, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արթուր Ադամյան, Մանվել Սիմոնյան, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մուշեղ Հարությունյան, Աղասի Մկոյան, Սուրեն Բաղդասարյան»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս