Պետբյուջեից 299 մլն դրամ՝ խոցելի ճանապարհի վերափոխմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղի տարածքում` Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի սկզբնամասում, պետական բյուջեի 299 միլիոն դրամ ֆինանսավորմամբ ճանապարհի 2 հատված` 838 եւ 116 մ երկարությամբ, կառուցապատվում են: Նորոգ այս ճանապարհահատվածները հիմա վերափոխվում են: Շրջանցիկ ավտոճանապարհի սկզբնամասի 838 մետրը փորվում, խորացվում է, որպեսզի այն տեսանելի չլինի դեմ-դիմաց, Օդնդաղ սարում տեղակայված ադրբեջանական հենակետերից:

Հիմնական ավտոճանապարհի 116 մետր հատվածում նույնպես ճանապարհի մակարդակն իջեցվելու է, որպեսզի այն լինի շրջանցիկ ավտոճանապարհի իջեցված հատվածի հետ նույն բարձրությամբ, սահուն միանա Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի սկզբին:

Նախագծանախահաշվային փաստաթղթերով վերափոխվող ավտոճանապարհի արժեքը կազմել է 399 միլիոն դրամ, այս տարվա ամռանը ավտոճանապարհի շինարարության մրցույթը 299 միլիոն դրամ առաջարկով շահել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն: Այդ ընկերության ղեկավարը Լինսի հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի ղեկավար Էդուարդ Բեզոյանն է: Նրա ընկերությունն է շահագործում Դիլիջանի ավտոմոբիլային թունելը: Պետական բյուջեից 299 միլիոն դրամ է ծախսվում գրեթե 1 կմ ճանապարհ վերափոխելու համար, Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի սկզբնամասի անվտանգության ապահովման նպատակով, սակայն հայ-ադրբեջանական սահմանը շրջանցող այդ ավտոճանապարհի մյուս ծայրին` Բաղանիս գյուղի տարածքում` Հարսնաքար սարի լանջերին, այդ ավտոճանապարհը խոցելի է ադրբեջանական հենակետերից կատարվող գնդակոծություններից:

Մի քանի տարի առաջ շրջանցիկ ավտոճանապարհի այդ հատվածը գնդակոծվել է Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերերից: Վերոհիշյալ 299 միլիոն դրամին կարելի էր որոշ գումար հավելել եւ կառուցել Ոսկեպար-Կիրանց նոր, ավելի կարճ, անվտանգ, հողի պատնեշով եզրափակվող ավտոճանապարհ: Խորհրդային տարիներին Ոսկեպար-Կիրանց հիմնական ավտոճանապարհը 4 կմ երկարությամբ էր: 2001թ. Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհ: Այն կառուցվեց շատ ոլորաններով, հնարավորինս երկար, որպեսզի Լինսի հիմնադրամից այդ ճանապարհի շինարարությանմ համար մեծ գումար տրվի: Այդ ճանապարհը խոցելի է, տեսանելի Օնդաղ սարի ադրբեջանական դիրքերից, շրջանցիկ այդ ճանապարհը 2015թ. սեպտեմբերի 24-ին գնդակոծվեց ադրբեջանական հենակետերից:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս