Այսօր ՀՀ Սահմանադրության ընդունման օրն է. տոն, որ յուրաքանչյուր իրավատեր, իրավագիտակից քաղաքացու համար պետք է կարեւոր լինի: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սակայն, քիչ են եղել դեպքեր, երբ հուլիսի 5-ի մասին խոսելիս ինչ-որ վերապահումներ չնշվեն: Այսօր եւս, ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ջանքերով, կրկին արդիական է դարձել հարցը, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում խոսելով սահմանադրական ճգնաժամի գոյության մասին, ասաց, որ չկա նման բան. «Ճգնաժամը Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունների դաշտում է, ինչը, ցավոք, իջեցվել է տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի»:
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Իրավագիտությունը` որպես գիտություն, իր հասկացությունները, կանոնները եւ օրենքներն ունի: Երբ ընդհուպ իրավաբանի մասնագիտություն ստացած մարդիկ հայտարարում են, որ գործադիր ու օրենսդիր իշխանությունների նախաձեռնությամբ դատարաննրի շենքերը շրջափակելը ժողովրդավարության դրսեւորում է, կներեք, այդտեղ իրավունքի գերակայությունը եւ իրավագիտությունը կնքում են իրենց մահկանացուն»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի պաշտոնից, վեթթինգի ենթարկվելու վախից արդյոք, Գ. Հարությունյանը պատասխանեց. «Իմ հրաժարականի պատճառները հստակ շարադրված են հրաժարականի տեքստում, իսկ վախենալու մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Գտնում եմ, որ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող ցանկացած մեկն ինձ պես կվարվեր»:
Դեռեւս հունիսին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես հայտնի է, այս մարմինը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, որի լիազորությունները 2018 թվականի ապրիլից, կարելի է ասել, դադարեցված են: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները նպատակ ունեն օրինագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել սեպտեմբերին, որպեսզի արդեն հոկտեմբերին հանձնաժողովը ձեւավորվի ու գործի: Պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանից «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչու երկարաձգվեց գործընթացը. «Մենք հերթականությամբ անում ենք այն պրոցեսները, որոնք պետք են նախագծի ընդունման համար: Չեմ կարծում, որ որեւէ ուշացում կա»:
Հունիսի 1-ին տեղի ունեցած առողջապահական խորհրդի հայտնի նիստի արձանագրությունը մինչ օրս չկա. քար լռություն է: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, այդ նիստի ժամանակ է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բարկացել տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի վրա, որն իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին տուգանել էր: Երբ Խուրշուդյանն ասել է` ի՞նչ անեի. քաղաքացու դիմում կար, նախարարը բղավել է` «պասլատ անեիր էդ քաղաքացուն»: Հասկանալու համար, թե ինչու մինչ այժմ հայտնի նիստի արձանագրությունը տեղադրված չէ կայքէջում, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին, որը մեզ հետ զրույցում նշեց. «Սպասում ենք, մինչեւ առողջապահության նախարարը ստորագրի: Ուղարկել ենք իրեն՝ ստորագրման. երբ կստորագրի, այդ ժամանակ էլ կկախենք»: Մեզ մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ չափով կխմբագրվի այդ արձանագրությունը, եւ արդյոք քաղաքացուն «պասլատ անելու» տողերը դուրս կթռչեն տեքստից:
Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման շուրջ կրքերը շարունակում են շիկանալ մեր երկրում, ու դրան նպաստեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությունն այն մասին, որ օրակարգում են այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը նա ոգեւորիչ համարեց: Նախ նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին, կետեր կան, որոնք վերաբերում են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելիության խնդիրներին, ԼԳԲՏ իրավունքներին եւ այլն: ԵԽԽՎ պատվիրակները կոչ են արել ՀՀ իշխանությանը ձեռնարկել միջոցներ ԼԳԲՏԻ հանրույթի անվտանգությունը եւ խտրականությունից ազատությունն ապահովելու համար: Ու մինչ գործող իշխանության ընդդիմախոսները պնդում են, թե սա խայտառակություն է, իրականությունն այն է, որ հակասահմանադրական եւ հայերին ոչ հարիր այդ կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2018 թվականի հունվարի 18-ին, այսինքն՝ ՀՀԿ-ի օրոք: Եվ ներկայիս իշխանությունների համար այն վավերացնելը ժառանգված միջազգային պարտավորություն է ընդամենը:
Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ
Եթե տարիներ առաջ որեւէ մեկը ասեր, որ կգա մի օր, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կլինի կալանքի տակ, ու նրա կողմնակիցներն էլ ՀՀ կառավարության առջեւ բողոքի ակցիաներ կիրականացնեն, նրան կհամարեին առնվազն հիվանդ երեւակայություն ունեցող մեկը, որին շտապ բուժօգնություն է հարկավոր: Ինչո՞ւ. որովհետեւ երկրում անվերապահ տեր ու տիրական հռչակած Քոչարյան-Սարգսյան ռեժիմը իր գործունեությամբ անմահ իշխանության պատկերացում էր ստեղծել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մոտ:
Բայց իրադարձությունները տարիների ընթացքում այնպես զարգացան, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո Արտաշես Գեղամյանի կողմից բազմիցս հիշատակված Քոչարյան-Սարգսյան հանցավոր զույգը կորցրեց իշխանությունը, ավելին՝ Քոչարյանը հայտնվեց ճաղերի հետեւում: Եւ հիմա, ով զարմանք, դատական կամայականությունների դեմ պայքարի են դուրս եկել մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց գոյությամբ ու գործունեությամբ ուղղակի բռնաբարել են այդ համակարգը. հիմնադրել են զանգովի արդարադատության ինստիտուտը եւ ոչնչացրել մարդկանց հավատը դատական իշխանության նկատմամբ:
Ռոբերտ Քոչարյանին եւ իր կողմնակիցներին, թերեւս, արժե հիշեցնել Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2008 թվականի տարեկան զեկույցում առկա որոշ ձեւակերպումներ Հայաստանում գործադիրի կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշման մասին։ «Պահպանվում են այն մտահոգությունները, որ գործադիր իշխանությունը դեռեւս ազդեցություն ունի դատական իշխանության վրա»,-գրված էր զեկույցում։
Խոսքը վերաբերում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանին, որի լիազորությունները 2007թ. հոկտեմբերի 16-ին դադարեցվել էին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ Օհանյանի կողմից քրեական եւ քաղաքացիական գործերում թույլ տված խախտումների պատրվակով։ Սակայն Օհանյանի լիազորությունների դադարեցումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս դատարանի դահլիճից ազատ արձակեց Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գրեթե երկու տարի անցկացրած «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին` Գագիկ Հակոբյանին ու Արամ Ղազարյանին։ Ըստ մամուլի` այս գործարարների նկատմամբ հետապնդում էր սկսվել, երբ 2004-ին նրանք հրապարակավ հայտարարել էին, որ Մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունն իրենցից կաշառք է պահանջում, որն իրենք հրաժարվում են տալ:
Այսպիսի իշխանություն ունեցած Ռոբերտ Քոչարյանը, հետաքրքիր է, ի՞նչ բարոյական իրավունքով է այսօր խոսում, բողոքում անարդար դատարանների գործողություններից: Անցյալը հիշել միշտ պետք է, բայց վերադարձ՝ երբեք: