ՔԱՂԱՔԱՑՈՒՆ «ՊԱՍԼԱՏ ԱՆԵԼՈՒ» ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքային հարաբերությունները, տեւական ժամանակ է, շարունակում են լարված մնալ:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ հունիսի 1-ին կայացած առողջապահական խորհրդի նիստին նախարար Արսեն Թորոսյանը բանավիճել է տեսչական մարմնի ղեկավար էդգար Խուրշուդյանի հետ: Բանն այն է, որ Թորոսյանը վրդովվել է այն բանից, թե ինչու է տեսչական մարմնի ղեկավարը տուգանել իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին: Ըստ «Հրապարակ» օրաթերթի` երբ էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել, քանի որ կար քաղաքացու ահազանգ, նախարարը բղավել էր` «պասլատ անեիր» այդ քաղաքացուն: Հիշեցնենք` Վահե Տեր-Մինասյանը գարդասիլի պատվաստանյութի գովազդ էր արել եթերում, ինչը անթույլատրելի է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստին ներկա է գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը, ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը, տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը եւ այլք: Նկատենք, որ նիստից բացակայել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
Այս նիստից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն դրա վերաբերյալ արձանագրությունը դեռեւս տեղադրված չէ տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում: Սովորաբար այն տեղադրվում է նիստից մի քանի օր անց, որտեղ մանրամասն գրված է լինում, թե նիստին մասնակից անդամներից ով ինչ է ասել, ում ինչ են արձագանքել եւ ինչ խնդիրներ են քննարկել կամ ինչ որոշում են կայացրել: Սակայն տեսչական մարմնի վերջին նիստի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա: Բոլորը լռում են: Նկատենք, որ տեսչության պետ Խուրշուդյանի եւ նախարար Թորոսյանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ տեսչական մարմինը դուրս եկավ նախարարության կազմից (այս տարվա հունվարի 1-ից դուրս է եկել): Ասել է թե` տեսչական մարմինը դարձավ ոչ թե նախարարությանը ենթակա, այլ վերահսկող: Այժմ տեսչական մարմինն անկախ է, մինչդեռ նախկինում, երբ տեսչական մարմինը ենթարկվում էր Առողջապահության նախարարությանը, նախարարը «դոստուպ» ուներ, կարողանում էր վերահսկել, հրահանգավորել յուրաքանչյուր քայլ: Այսինքն՝ ինքն իր վերահսկողն էր: Հիմա պատկերն այլ է: Տեսչական անկախ մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը միայնակ «պայքարում է» նախարարի դեմ: Եւ պարզվում է` նախարարին դուր չի գալիս, երբ տեսչական մարմնի ղեկավարը ընթացք է տալիս նաեւ այն բողոքներին, որոնք դեմ են նախարարին, իր թիմին կամ իր վարած քաղաքականությանը: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի հետ:
-Պարո՛ն Խուրշուդյան, հունիսի 1-ին` նիստի ժամանակ, երբ նախարարը, Ձեզ դիմելով, ասել էր` «պասլատ անեիր քաղաքացուն», Դուք ինչպե՞ս վարվեցիք այդ քաղաքացու հետ:
-Այդ հարցն արդեն ակտուալ չէ, դրա մասին շատ են հարցուփորձ արել, մենք պետք է արձանագրություն տեղադրենք, որի մեջ այդ հարցի պատասխանը կլինի:
-Այսինքն` այդ արձանագրության մեջ կլինի նաեւ Ձեր եւ նախարարի ընդհարո՞ւմը:
-Արձանագրության մեջ լինելու է այն, ինչի մասին խոսվել է խորհրդի նիստի ժամանակ:
-Բայց, այնուամենայնիվ, նախարարը նման բան Ձեզ ասե՞լ է, թե՞ ոչ…
-Այդ հարցին ես արդեն պատասխանել եմ… Մնացածն էլ արձանագրության մեջ արտացոլված է:
-Իսկ արձանագրությունը, ե՞րբ եք տեղադրելու:
-Արձանագրությունը, սպասում ենք, մինչեւ առողջապահության նախարարը ստորագրի: Ուղարկել ենք իրեն` ստորագրման, երբ կստորագրի, այդ ժամանակ էլ կկախենք:
-Ե՞րբ եք ուղարկել:
-Արդեն երեւի տասն օր կլինի:
-Բայց սովորաբար ընթացակարգը ինչպե՞ս է:
-Ընթացակարգն ավելի արագ է նախատեսում, բայց ինչ-որ տեխնիկական խնդիրներ կան, շտկումներ են արվում, որ վերջնական համաձայնեցվի բոլոր անդամների հետ, նոր ստորագրվի:
-Հնարավո՞ր է, որ նախարարը հրահանգի` «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը հանվի:
-Նախարարը չի կարող հրահանգել, որ ինչ-որ բան… ինքը կարա դիտողություն տա, նկատառում անի, որը հաշվի առնվում է, եթե այդպիսի բան եղել է, կարող է ասի` ինչ-որ բան ասել եմ, մոռացել եք, եւ դա ներառենք արձանագրության մեջ:
-Դուք վստահեցնո՞ւմ եք, որ այն, ինչ որ եղել է նիստին, արձանագրության մեջ կլինի տառ առ տառ, բառ առ բառ:
-Տառ առ տառ, բառ առ բառ չեմ կարող վստահ ասել, որովհետեւ դա նստում են ու ձեռքով գրում են: Տեղում կազմվում է:
-Տեղում չի՞ ձայնագարվում:
-Ձայնագրելու պարտադիր պայման չունենք, դեպքեր լինում է, ձայնագրում ենք, բայց դեպքեր էլ լինում է, որ ուղղակի ձեռագիր սղագրումներ ենք անում:
-Իսկ նախորդ նիստերի արձանագրությունները, որ ուղարկել եք նախարարին, քանի՞ օր անց է ստորագրել:
-Չեմ կարող հիշել:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի հետ:
-Պարո՛ն Ասոյան, Դուք ներկա եք գտնվել նիստին, նախարարը, նիստի ժամանակ դիմելով տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին, ասե՞լ է` «պասլատ անեիր քաղաքացուն», թե՞ ոչ:
-Չեմ լսել նման արտահայտություն:
-Ի՞նչ էիք անում այդ ժամանակ, որ չեք լսել: Ուշադիր չե՞ք եղել նիստի ժամանակ:
-Ես պատասխանեցի Ձեր հարցին:
-Ինչո՞վ էիք զբաղված, որ չեք լսել:
-Մասնակցում էի նիստին: Դուք քննություն եք վերցնում ինձանից: Մասնակցում էի նիստին, նման արտահայտություն չեմ լսել:
Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ Առողջապահության նախարարությունը այս ընթացքում չի արձագանքել «քաղաքացուն պասլատ անելու» մասին լուրերին: Այդ պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց` արդյոք նախարարը նման արտահայտություն արել է, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան` մամուլի խոսնակը չմեկնաբանեց` առաջարկելով գրավոր հարցում անել: Իսկ նիստին մասնակից անդամները, պարզվում է, հիշողության կորուստ ունեն: Ովքեր էլ հիշում են, նախարարից վախենալով` գերադասում են հրապարակայնորեն լռել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղի բնակիչները խմելու ջրի սուր խնդիր ունեն: Այս տարվա ձմռանը ձյուն ընդամենը մի անգամ է տեղացել, գարնանային անձրեւներն էլ ջրային պաշարների ավելացման առումով մեծ օգուտ չտվեցին, եւ հիմա տեւական ժամանակ երաշտ է:
Նախ նշենք, որ շուրջ 1300 բնակիչ ունեցող Արճիսը սնուցող գյուղից վերեւ գտնվող աղբյուրները գրեթե չորացել են: Ստեփանավանի սարերից ձգվող, մինչեւ Վրաստանի սահման, Դեբեդավան գյուղ ձգվող խմելու ջրագիծը ձգվում է Արճիսի ներքեւի հատվածով, սակայն այդ գյուղը չի օգտվում ջրագծից: Եւ այս իրավիճակը անասելի զայրացրել է բնակիչներին: Նրանք հուլիսի 1-ի առավոտյան ավելի քան մեկ ժամ գյուղի ներքեւում փակել էին միջպետական ավտոճանապարհը՝ այդկերպ իրենց բողոքն արտահայտելով գյուղում խմելու ջրի խնդրի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրել էինք, նույն օրը հիմնախնդրին ծանոթանալու համար Իջեւան քաղաքից Արճիս է ժամանել Տավուշի մարզպետի օգնական Մերուժան Հարությունյանը եւ զրուցել բնակիչների հետ: Քանի որ Արճիս գյուղը ընդգրկված է Այրում համայնքի կազմի մեջ, խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ հուլիսի 3-ին Արճիս են ժամանել նախագծողներ, որոնք կազմելու են Ստեփանավանի ջրագծից սնուցվելիք խմելու ջրագծի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Աշխատանքները իրականացվելու են հրատապ ծրագրի շրջանակներում: Ա. Պարանյանը հայտնեց, որ ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Կկառուցվի պոմպակայան, որը Ստեփանավանի ջրագծի ջուրը 120 մետր կմղի վերեւ` Արճիսի օրվա կարգավորիչ ջրամբար:
Թե ինչքան գումարի մասին է խոսքը, որը անհրաժեշտ կլինի ծախսել ծրագիրը կյանքի կոչելու համար, դեռ պարզ չէ. ծրագրի արժեքը առայժմ չի որոշվել, քանզի Արճիսի խմելու ջրի ներքին ցանցը նորոգելու աշխատանքները ծրագրում ներառելու դեպքում ծրագրի արժեքն ավելի մեծ կլինի:
Նշենք, որ Արճիս գյուղի վերին հատվածը քարքարոտ է, խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգումը դժվար կլինի լեռնային տեղանքի պատճառով: Առաջիկայում կհայտարարվի Արճիսի խմելու ջրագծի կառուցման մրցույթ: Այրում համայնքի ղեկավարը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այս տարի ծրագիրը կիրականացվի, եւ գյուղի խմելու ջրի հիմնախնդրը կլուծվի:
Հավելենք, որ խմելու ջրի հիմնահարցը սուր է նաեւ Արճիսի հարեւան Լճկաձոր գյուղում: Մոտ 400 բնակիչ ունեցող Լճկաձորի բնակիչները օգտվում են իրենց գյուղի հարակից աղբյուրներից, որոնք այժմ գրեթե ցամաքել են: Լճկաձորի բնակիչներից ոմանք մտածում են, որպես բողոքի գործողություն, Արճիսի բնակիչների նման միջպետական ավտոճանապարհը փակելու մասին, որպեսզի կառավարությունը իրենց խնդիրն էլ լուծի: Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս