ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կարծիքով` անհնարին է իրագործել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հորդորը, թե պետք է չեղարկել բոլոր վարորդական իրավունքները եւ բոլորից կրկին շատ խիստ քննություն վերցնել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ այս հարցի հետ կապված պետք է շատ գործ անել ու քիչ խոսել:
-Պարո՛ն Հակոբյան, որպես իշխանական պատգամավոր` Ձեր կարծիքով` ովքե՞ր պետք է պատժվեն այն վթարի համար, որը տեղի է ունեցել Արարատի մարզի Զոդի կամրջի վրա: Վարկած կա, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենան անսարք է եղել, տեխզննում չի անցել ու չի համապատասխանել այն չափանիշներին, որը թույլ կտա ուղեւոր տեղափոխել: Ո՞վ է այս ամենի պատասխանատուն, ինչո՞ւ իշխանությունները չեն լուծում այդ խնդիրները:
-Իրականում այստեղ իսկապես խնդիր կա, ու մեքենաների տեխզննման հետ կապված՝ իսկապես լիովին չի ապահովվում իրավիճակի օբյեկտիվությունը անվտանգության առումով: Եւ այստեղ պատկան մարմինների գործն է, որ պետք է անեն, ես կարծում եմ, որ գաղտնիք չէ` մեքենա վարողները բոլորն էլ գիտեն, որ տեխզննման ինստիտուտը տառացիորեն չի գործում, ու տեխզննումը ուղղակի ֆինանսական որոշակի մուծումների հետ է ասոցացվում, ինչը բավականաչափ սխալ երեւույթ է: Ես ինքս որոշակի ուսումնասիրություն եմ իրականացրել` որոշ երկրների փորձի հետ կապված, որովհետեւ այն հետաքրքրել է ինձ, եւ այնտեղ հիմքերը բավականին խիստ են դրված տեխզննում ապահովելու համար: Դու պետք է նախ ունենաս համապատասխան ինֆաստրուկտուրա, այսինքն` մեքենաները, որպեսզի բերվեն պատշաճ մակարդակի, նոր թույլատվություն ստանան վարելու համար, առավել եւս հասարակական տրանսպորտը, դրանք իսկապես ՀՀ-ում լավ չեն գործում, եւ մենք սրա մասին պետք է խոսենք բաց տեքստով, քննադատենք պատկան մարմիններին եւ ավելի զգոնության կոչ անենք: Ես կարծում եմ, որ որոշակի ժամանակահատված պետք է հատկացվի տվյալ կառույցի պատասխանատուներին, եւ եթե այդ իրավիճակը չշտկվի, շատ ավելի կոշտ քայլերի պետք է գնա իշխանությունը, կառավարությունը:
-Խնդրում եմ, կոնկրետ նշեք, թե այս դեպքում ո՞վ է մեղավորը, ո՞ր գերատեսչությունն է կրում ամբողջ պատասխանատվությունը:
-Գիտե՞ք, ես ասեմ` այդ իրավիճակը ժառանգություն է հասել նախորդ կառավարությունից, եւ սա իրողություն է. ես այս պահին կոնկրետ չգիտեմ` ինչ աշխատանքներ են կատարվում, բայց այն, որ խնդիրները բազմազան են, եւ դրանց պետք է լուծում տրվի, դա միանշանակ է: Մենք մեղավոր իրավունք կվերապահենք համարել այն դեպքում, երբ որ համապատասխան ցուցումները տրվի, համապատասխան փոփոխությունները կատարվի, եւ դրանից հետո նույն կերպ չգործի:
-Իսկ եթե տեղյակ եք այդ խնդիրներից, գիտեք, որ նախորդ իշխանություններից վատ ժառանգություն եք ստացել, ինչո՞ւ մինչեւ այժմ որեւէ քայլ չեք ձեռնարկել, թեկուզ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որտեղ օրենքի բաց կա: Պետք է լինեն նման ողբերգական դեպքե՞ր, որպեսզի իշխանությունը տեղից շարժվի:
-Իրականում այնպես չի, որ պրոցես չի սկսվել, ուղղակի այս ցավալի դեպքերը որոշակիորեն արագացրեցին այդ պրոցեսները:
-Խնդրում եմ, կոնկրետ ասեք` ինչ պրոցեսներ են իրականացվում:
-Կոնկրետ քայլերի հետ կապված` ճիշտ կլինի հարցնեք պատկան մարմիններին, բայց, իմ ունեցած ինֆորմացիայով, որոշակի պրոցես նախաձեռնվել է` այդ շտկումների հետ կապված: Բայց սա ոչ միայն տեխնիկական բնույթի հարց է, սա նաեւ քաղաքական հարց է, այստեղ քաղաքականության մշակման խնդիր կա: Մենք պետք է վերջիվերջո այդ ոլորտը կարգավորենք, որովհետեւ անհայտ ծագմամբ, անհայտ իրավիճակում գտնվող մեքենաները վտանգում են մեր քաղաքացիների կյանքը. սա անթույլատրելի է: Օրենսդրական բաց կա, բայց դու ոչ թե պարտավոր ես միայն օրենքը գրել ներկայացնել, այլ պարտավոր ես այնպիսի օրենք շրջանառության մեջ դնես, որի կիրարկումը հնարավոր կլինի: Կան նախադեպեր, երբ օրենք են ընդունում, ու այդ օրենքը չի լինում կիրառել: Սա շատ սպեցիֆիկ եւ բարդ ոլորտ է, ու կարգավորումները պետք է այնպես իրականացվի, որ այդտեղ էֆեկտիվություն նկատվի. եթե ոչ, ապա դա կդառնա անիմաստ: Այս թեմայով պետք է շատ քիչ խոսել, բայց շատ գործել:
-ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է արել իր ֆեյսբուքյան էջում չեղարկել բոլոր վարորդական իրավունքները եւ բոլորից կրկին շատ խիստ քննություն վերցնել: Դուք կո՞ղմ եք նախարարի մոտեցմանը:
-Ես կարծում եմ, որ առողջապահության նախարարի առաջարկը կիրարկման տեսանկյունից չեմ կարող ասել` ինչ էֆեկտիվություն կդրսեւորի, բայց դա անհնար է ամբողջապես իրականացնել, որովհետեւ դրանք հարյուր հազարավոր մարդիկ են: Ես կարծում եմ, որ պետք է այնպիսի եզրահանգման գանք, որ կիրառելի լինի: Գաղափարը, կարող ենք ենթադրել, որ վատը չէ, բայց դա կիրառելը այդքան էլ հնարավոր չէ: Ես կարծում եմ, որ այստեղ ոչ թե վարորդական իրավունքների մեջ է, այլ այստեղ խնդիրը տեխնիկական, շատ պարզ դասակարգման մեջ է, ու որ այդ ամենը ձեւական բնույթ չկրի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԵՐՋՈՒՄ ԿԿԱՆՉԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ խորհրդարանում կրկին տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ: Ըստ մեր տեղեկությունների` նիստերը տեղի են ունենում խորհրդարանում նախատեսված հատուկ «առանց ժուչոկների» սենյակում, որը ստեղծվել է քննիչ հանձնաժողովի նիստերն անցկացնելու համար: Նույնիսկ նիստից առաջ հավաքում են բոլոր այն պատգամավորների հեռախոսները, որոնք մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին:
Մեր տեղեկությունների համաձայն` հանձնաժողովն արդեն ՀՀ պաշտպանության նախարարություն է ուղարկել այն մարդկանց անունների ցանկը, որոնք առաջիկայում պետք է ներկայանան ԱԺ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` նախատեսված է, որ վերջում հանձնաժողովի նիստին հրավիրեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Այժմ նիստին քննվող հարցերի շարքը հիմնականում վերաբերում է նրան, թե ինչպես է սկսվել Ապրիլյան քառօրյա պատերազմը: Բանն այն է, որ հանձնաժողովի համար անհասկանալի է այն հարցը, թե ինչպես են նախորդ իշխանությունները հայտարարում, որ պատերազմում հայկական կողմն է հաղթանակ տարել, երբ նույն իշխանությունները 800 հեկտար հող են հանձնել ադրբեջանական կողմին:
Հանձնաժողովը փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե հակառակորդի հարձակման ժամանակ ով է հրահանգ տվել, ինչ հրահանգ է եղել` հարձակվեն, պաշտանվեն, թե այլ որոշում է կայացվել: Ըստ մեր տեղեկությունների` այս պահին հանձնաժողովի համար բաց հարց է մնում նաեւ այն, թե իշխանությունները երբ են սկսել քայլեր ձեռնարկել հակառակորդի քայլերը կանխելու համար ու թե որքանով է իրատեսական այն տեղեկությունները, որ ադրբեջանական կողմը մեծ թվով զոհ է տվել:
ԱԺ քննիչ հանձնաժողովը նպատակ ունի նաեւ Արցախի ԳՇ-ից պատկան մարմինների ներկայացուցիչներ հրավիրել հանձնաժողովի նիստերին` ավելի հասկանալի եւ պարզ տեղեկատվություն ունենալու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հանձնաժողովը սպասում է խորհրդարանի արտահերթ նիստերի ավարտին, որից հետո ավելի ինտենսիվ կսկսի աշխատանքները, որպեսզի ավելի արագ կարողանա պարզել այն հարցերը, որոնք հայտնի են եղել շատ փոքր շրջանակների:
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՆՀԱՅՏ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Սպասվում է, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն երեկ քննարկված նախագծերը, որից հետո տեղի կունենան քվեարկություններ, եւ արտահերթ նիստի օրակարգը կսպառվի: Սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հակված է այսօր եւս մեկ արտահերթ նիստ գումարել` քննարկելու համար Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության հարցը: Ինչպես հայտնի է, նախորդ անգամ «Իմ քայլը» խմբակցության անկազմակերպվածության հետեւանքով թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց որպես ԲԴԽ անդամ եւ այժմ կրկին պետք է ներկայացվի ԲԴԽ անդամի թեկնածու, որպեսզի լրացվի այն տեղը, որն առկա է ԲԴԽ անդամների հրաժարականներից հետո: Սակայն հետաքրքիր է, որ երեկվա դրությամբ դեռեւս իշխող ուժի պատգամավորների մեծամասնությունը չգիտեր, թե ում թեկնածությունն է ներկայացնելու խմբակցությունը խորհրդարանին վաղը: Այդ հարցերով զբաղվում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր, թե օրվա ընթացքում կունենան հստակ թեկնածու, եւ այլ մանրամասներ չէր ներկայացրել: Եվ հենց այդ անորոշությունն է պատճառը, որ պատգամավորները մինչեւ օրվա ավարտն այդպես էլ տեղյակ չէին` վաղը կանցկացվի արդյոք ԲԴԽ անդամի ընտրություն, եւ, առհասարակ, ով է թեկնածուն: Ինչպես հայտնի է, մինչ այդ հարցը լիագումար նիստում քննարկելը, թեկնածուն նախ հանդիպումներ պետք է ունենա խմբակցությունների հետ, եւ եթե այսօր որեւէ մեկի թեկնածությունը հաստատվի, ապա վաղը առավոտից կսկսվեն հանդիպումները խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Իսկ թեկնածուին գաղտնի են պահում, որ նրա վրա ճնշում չգործադրեն «մութ ուժերը»:
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 12-ին նախատեսում է արտահերթ նիստ անցկացնել` «Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի քննարկում» թեմայով: Հանձնաժողովը ծրագրում է հրավիրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը հանդիսանում է ճանապարհային քարտեզի հետ կապված աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունիսի 13-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որի ժամանակ վերահաստատվել է Հայաստանի եւ Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ ճանապարհային քարտեզը: Թերեւս նիստի ժամանակ Մհեր Գրիգորյանը կներկայացնի ճանապարհային քարտեզի մանրամասները, քանի որ, ի վերջո, ակնկալվող փոփոխությունները պարունակող նախագծերը պետք է ընդունվեն հենց խորհրդարանի կողմից, ընդ որում` կան նախագծեր եւ փոփոխություններ, որոնք պետք է արվեն արդեն աշնանը` յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանը սկսելու հետ մեկտեղ: