ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից վարորդական վկայական ստանալու կարգը կփոխվի: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը նոր նախագիծ է մշակել, ըստ որի` կսահմանվի վարորդական վկայական ստանալու քննությունների ընդունման եւ տրամադրման կարգը: Բացի այս, կսահմանվեն վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային եւ միջազգային վարորդական վկայականի ձեւն ու նկարագիրը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքացին վարորդական վկայական ստանալու համար պետք է ներկայացնի անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող, անձը հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական: Ի դեպ, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում անձին վարորդական վկայական չի տրամադրվում:
Իսկ, ահա, քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ներկայացնեն օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ եւ ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական, ինչպես նաեւ քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր, գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսքանով չի ավարտվում փաստաթղթերի ցանկը: Պարզվում է` անհրաժեշտ է ներկայացնել նաեւ վարորդական վկայական ստանալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ, ինչպես նաեւ բժշկական հավատարմագրման մասին տեղեկանք` բացառությամբ «A», «B» եւ «BE» կարգերի ու «AM», «A1» եւ «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ եւ բժշկական հավատարմագրման մասին տեղեկանք չի պահանջվում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ գիտելիքների ստուգման թեստերում հարցեր են լինելու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքից (յուրաքանչյուր թեստում` 2 հարց): Հարցեր կլինեն նաեւ երթեւեկության մասնակիցների կյանքի անվտանգության եւ պատահարների դեպքում առաջին օգնության եւ ինքնօգնության քայլերի վերաբերյալ (յուրաքանչյուր թեստում` 1 հարց):
Նշենք, որ տեսական քննության ընթացքը կցուցադրվի սպասասրահում տեղադրված էկրանին: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության մեջ ներառվող հոգեբանական թեստերի վերաբերյալ հարցաշարը կկազմվի առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից` ներկայացնելով ոստիկանություն: Հոգեբանական թեստը բաղկացած պետք է լինի պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 3 հարցերից, իսկ գիտելիքների ստուգման թեստը` պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 20 հարցերից: Ընդ որում, պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը:
Եւ, վերջապես, տեսական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 18-ին տվել է ճիշտ պատասխան: Ընդ որում` գիտելիքների ստուգման թեստի հարցերին կթույլատրվի պատասխանել միայն հոգեբանական թեստի բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում:
Բացի այս, որակավորման գործնական քննություն ընդունող քննական մարմինների աշխատողները պետք է անցնեն վերապատրաստում` երկու տարին մեկ անգամ չորս օր տեւողությամբ եւ հինգ տարին մեկ անգամ հինգ օր տեւողությամբ: Մինչդեռ ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված չէ գործնական վարման հմտությունների եւ վարքագծի ստուգման, քննություն անցկացնող ոստիկանության ծառայողների վերապատրաստումը, դրա կազմակերպման եւ անցկացման կարգը:
Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում քննության արդյունքներն անմիջապես կցվում են անձի` վարորդական վկայական ստանալու էլեկտրոնային գործին, եւ նրան կթույլատրվի մեկ տարվա ընթացքում մասնակցել գործնական քննությանը, ինչից հետո մեկ տարվա ընթացքում գործնական քննությունը դրական չհանձնելու դեպքում տեսական քննության արդյունքը համարվում է ուժը կորցրած, եւ անձը կրկին պետք է հանձնի տեսական քննությունը: Բացի այս, գործնական քննության անցկացման գործընթացը կտեսաձայնագրվի համապատասխան սարքավորումների միջոցով, որոնք կտեղադրվեն գործնական քննության անցկացման համար նախատեսված ավտոմեքենաներում կամ դրանց վրա:
Ավելին, գործնական քննության համար սահմանված 15 րոպե ժամանակահատվածը կավելանա. ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում 25 րոպե ժամանակ «A», «AM», «A1», «B», «B1» եւ «BE» կարգերի ու ենթակարգերի համար, իսկ 45 րոպե ժամանակ` այլ կարգերի ու ենթակարգերի համար:
Վերջին շրջանում ՀՀ-ում լայն տարածում է գտել մոպեդների շահագործումը, որի վարելու համար սակայն մինչ օրս իրավունք նախատեսված չէ: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուց հետո կսահմանվի նաեւ մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու, հաշվառման համարանիշեր հատկացնելու, ինչպես նաեւ դրանք վարելու համար վարորդական վկայական (AM) ունենալու պահանջը: Բացի այս, «C» կարգի համար գործող օրենսդրությամբ չի նախատեսվում հատուկ ուսուցում, ինչը առօրյա կյանքում վթարների եւ աղետների է հանգեցնում` վարման առանձնահատկությունների, վարորդների անշրջահայեցության եւ կոնկրետ իրադրությունում չկողմնորոշվելու պատճառով: Փոփոխություններից հետո այս կարգի համար կպահանջվի հատուկ ուսուցում:
Նկատենք, որ այսօր Հայաստանում ով ասես` մեքենա է վարում` վտանգելով մարդկանց կյանքը: Մյուս կողմից` մարդիկ իրենց վկայականները գումարով ձեռք բերելու պարագայում (ըստ օդում կախված լուրերի` այն 150 հազար դրամով կարելի է ձեռք բերել) այդպես էլ չեն սովորում երթեւեկության կանոնները: Հուսանք` այս փոփոխություններից հետո այս ոլորտը ի վերջո կվերահսկվի, եւ գնված վարորդական վկայականով անբարեխիղճ վարորդներին կուղարկեն վերապատրաստման դասընթացների:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՆՁՆԱԳԻՐ ԿՍՏԱՆԱՆ ՈՉ ԹԵ ՄԻՆՉԵՎ 18, ԱՅԼ ՄԻՆՉԵՎ 19 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ

Հայաստանում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց մեծ մասը շատ հաճախ օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ երկրի տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչեւ 18 տարին լրանալը:

Պարզվում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող, դեռեւս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար խոչընդոտների են հանդիպում` դարձյալ պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ:
Չնայած այն բանին, որ այդ վարժարանի սաները, որպես կանոն, սովորում են մինչեւ 18 տարին լրանալը եւ, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն` տվյալ երկրում օրինական ապրելու համար յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, ինչի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նույն խնդիրն ունենում են նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները:
Բացի այս, ուսանողական վիզա ստանալու համար եւս անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի դեպքում 17-ից 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար, քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս խնդիրը լուծելու եւ արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով ՀՀ ոստիկանությունը Պաշտպանության նախարարությանն առաջարկում է միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է արական սեռի քաղաքացիներին անձնագրերը, սահմանված ընդհանուր կարգի համաձայն, տրամադրել ոչ թե մինչեւ 18, այլ մինչեւ նրանց 19 տարին լրանալը:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵ՞ՐՆ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ
«Կողքաբար» ՍՊԸ-ն շուրջ 17 տարի օրինական կարգով Դեբեդ գետից ավազակոպճային խառնուրդ է հանել, պարտաճանաչ հարկեր մուծել: Արդեն մեկուկես տարի է, ինչ ընկերությանն արգելվել է այդ գործով զբաղվել: Պատճառաբանությունն այն է, որ գետից ավազակոպճային խառնուրդի արդյունահանումը խախտում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահման հանդիսացող Դեբեդ գետի հունը:
«Կողքաբար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանը հայտնեց, որ Բնապահպանության նախարարության կողմից նշանակված փորձագիտական 2 եզրակացությունների համաձայն` իրենց ընկերության կողմից Դեբեդից ավազի եւ խճի արդյունահանումը չի խախտում Դեբեդի բնական հունը: Մ. Փաշիկյանը զարմանում է, թե 70 մետր լայնություն ունեցող, 3 մետր բարձրությամբ գետի հոսքը ինչպես կարող է խախտվել իրենց կողմից արդյունահանման պատճառով: Նա Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղարշակ Սարգսյանին խնդրել է իրեն թեկուզ 10 րոպեով ընդունել, որպեսզի այդ ընթացքում ինքը ներկայացնի խնդիրը, սակայն վերջինս չի համաձայնել: Մոտ մեկուկես ամիս առաջ Մ. Փաշիկյանը հիմնահարցի վերաբերյալ նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ նամակն ուղարկվել է համապատասխան պետական գերատեսչություններ: Մ. Փաշիկյանը հայտնեց, որ Դեբեդից ավազակոպճային խառնուրդի արդյունահանման արգելքը լուրջ խնդիրներ է ստեղծել ճանապարհաշինական ձեռնարկությունների` իտալական «Սուարդի», Նոյեմբերյանի «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ների համար: «Սուարդին» ներկայումս Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման մեծ աշխատանքներ է կատարում եւ ավազի, խճի մեծ պահանջ ունի:
Դեբեդից ավազի եւ խճի արդյունահանման արգելքը վնասներ է պատճառում Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին, որոնք տներ, այլ շինություններ կառուցելու ժամանակ ստիպված օգտագործում են այլ տեղերից հանված, անորակ ավազը, ինչը այդ շենք-շինությունների ամրության տեսակետից խնդիրներ է ստեղծում:
2019թ. մայիսի 19-ին Մերուժան Փաշիկյանը Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանին առաջնորդեց Դեբեդ գետի ափ, ցույց տվեց այն տեղը, որտեղից իրենք ավազ ու խիճ են արդյունահանել, որպեսզի ապացուցի, որ գետի հունը չի փոխվել: Նոյեմբերյանում կարծիք կա, որ Դեբեդ գետից ավազի եւ խճի արդյունահանմանը արհեստականորեն խոչընդոտում են նախկին իշխանության պաշտոնյաներ, որոնք այդ նպատակով օգտագործում են ներկա իշխանության պաշտոնյաների հետ իրենց ունեցած հին կապերը: Մ. Փաշիկյանը չժխտեց այդ տեսակետը, սակայն չմանրամասնեց այդ թեմայով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս