Խոտի հոկեյը մեծ մասսայականություն չի վայելում Հայաստանում եւ չի տարածվում մարզերում, որովհետեւ պետության ֆինանսավորումը նույնիսկ չի բավարարում մասնակցելու միջազգային մրցաշարերի: Այս եւ Խոտի հոկեյին վերաբերող մյուս թեմաների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Խոտի հոկեյի հայկական ֆեդերացիայի» նախագահ Խաչատուր Գիլոյանի հետ:
-Պարո՛ն Գիլոյան, Հայաստանում այս սպորտաձեւով զբաղվողները շա՞տ են:
-Մարզաձեւով զբաղվում են 300-ից 400 երեխաներ:
-Ինչպիսի՞ պայմաններում են մարզվում նրանք:
-Կարելի է ասել` երեխաները մարզվում են առանց պայմանների, որովհետեւ պետության տրամադրած գումարը չի բավարարում լավ պայմաններ ստեղծելու համար: Այն նույնիսկ չի բավարարում միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:
-Որքա՞ն է կազմում պետության կողմից ֆինանսավորումը:
-Պետության կողմից ֆինանսավորումը կազմում է 9 մլն դրամ, նախկինում այն կազմում էր 6 մլն դրամ, սակայն, ինչպես տեսնում եք, ներկայում աճել է 3 մլն դրամով: Բայց միջազգային մեկ մրցաշարի մասնակցելու համար ամենաքիչը հարկավոր է 20.000 եվրո: Ամեն դեպքում, 9մլն դրամը եւս բավարար չէ սպորտաձեւը հանրապետության տարածքով տարածելու համար:
-Ինչպես գիտենք, արդեն չկա առանձին Սպորտի նախարարություն եւ այն մեկ ընդհանուր նախարարություն է կազմում կրթության, գիտության եւ մշակույթի հետ: Ի՞նչ կասեք սրա մասին, դրակա՞ն է այս փոփոխությունը:
-Ոչինչ ասել չեմ կարող, մենք դեռեւս ոչ մի փոփոխություն չենք նկատում: Պետությանը մենք դիմել ենք առաջարկներով եւ հուսանք, որ կլինեն փոփոխություններ: Արդեն նշել եմ, որ նախկինի համեմատ` ֆինանսավորումը բարձրացվել է 3 մլն դրամով:
-Վերջերս ի՞նչ մրցաշարերի են մասնակցել մեր հավաքականները եւ ի՞նչ արդյունքներ են գրանցել:
-Վերջերս կայացավ մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ, ցավոք, պարտություն կրեցինք եւ լքեցինք պայքարը: Այժմ ընթանում է Ուսանողական խաղեր 2019-ը, որտեղ Հայաստանը ներկայացնում է կրկին մինչեւ 16 տարեկանների հավաքականը:
-Հիմնականում որտե՞ղ են անցկացվում մարզումները:
-Հիմնականում անցկացվում են Երեւանում, Եղվարդում, Հրազդանում: Լայն տարածում չունի, ինչը կրկին կապված է ֆինանսի հետ: Ինչի՞ հաշվին պետք է ստանա տարածում, եթե չկա նորմալ ֆինանսավորում:
-Ուսումնամարզական հավաքներ անցկացնո՞ւմ եք:
-Իհարկե: Ուսումնամարզական հավաքներ անցկացնում ենք ե՛ւ Հայաստանի Հանրապետության տարածքում, ե՛ւ երկրի սահմաններից դուրս, բայց այդ ամենը անում ենք մեր միջոցներով: Շատ ժամանակ ես եմ հոգում այդ ծախսերը եւ լավագույն 10-20 խաղացողներին ուղարկում ուսումնամարզական հավաքների:
Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԱՎԵԼԱՑԵԼ Է
2019թ. հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը Երեւանի Շտապօգնության ծառայությունը կատարել է 130 հազար 545 կանչ: Այս մասին ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Սա եթե համեմատում ենք 2018թ. հետ, ապա ավելին է 7 հազար 761 կանչով»,-նշել է նա: Վերջինիս խոսքով՝ առավելագույն կանչերի թիվը գրանցվել է հունվար ամսին. «Շտապօգնության հիմնական կանչերը սիրտ-անոթային հիվանդությունների հետ պայմանավորված կանչերն են, սուր-շնչառական հիվանդությունների եւ վնասվածքների հետ կապված»,-նկատել է նա: