Օրեր առաջ` սեպտեմբերի 26-ին, Թայլանդի Պատտայա քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում 109կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց հայազգի Սիմոն Մարտիրոսյանը: Պոկելով 199կգ` մեր Սիմոնը կարողացավ սահմանել աշխարհի ռեկորդ, իսկ երկրորդ` հրում վարժությունում նա գլխավերեւում պահեց 230կգ-ը` ամրագրելով Պատտայայի ոսկե մեդալը:
1997 թվականի փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում է ծնվել ապագա չեմպիոն եւ ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը:
Հայ հսկան սկսել է ծանրամարտով զբաղվել 12 տարեկանից եւ ամենասկզբում մարզվել է Հայկաշենի հարակից Ջրառատ գյուղի մարզադպրոցում: Հայրը` Գեւորգ Մարտիրոսյանը, որը նույնպես նախկինում ծանրամարտիկ է եղել, չի ցանկացել,որ տղան զբաղվի այդ սպորտաձեւով, բայցեւ չի խանգարել, հետ չի պահել Սիմոնին ընտրած ուղուց: Ինչպես երեւաց հետագայում, Սիմոնը չէր սխալվել, եւ նրա ընտրած ճանապարհը սպորտային փառքի ճանապարհն էր:
Սիմոն Մարտիրոսյանը հենց առաջին օրվանից է սկսել տպավորել ու զարմացած թողնել բոլորին, այդ մասին փաստեց նաեւ հայ դյուցազնի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանը.
«Սիմոն Մարտիրոսյանը 12 տարեկան էր, երբ եկավ մարզադպրոց: Եկավ եւ հենց այդ օրվանից էլ սկսվեց ամեն ինչ:Պատկերացնում եք, նա կարողացավ 12 տարեկան հասակում իրեն ենթարկել 70կգ ծանրաձողը: Սիմոնին Աստված էր մեզ ուղարկել, նա աստվածատուր շնորհ ունի: Վստահ էի,որ ապագա չեմպիոն է լինելու»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Սիմոն Մարտիրոսյանի անհատական մարզիչ Աշոտ Փիլոսյանը:
Երիտասարդների մրցաշարերում գրանցելով մի շարք ֆանտաստիկ արդյունքներ` Սիմոնը սկսեց «տակնուվրա» անել նաեւ Եվրոպան եւ աշխարհը: 2016 թկանանին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում բրոնզե մեդալ նվաճելուց հետո Սիմոնըթերեւս ոգեշնչվեց եւ սկսեց մեկը մյուսի հետեւից նվաճել ավելի բարձր մեդալներ:Նախ 2016 թվականին մեր մարզիկը կարողացավ դառնալ Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2017-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը, որից հետո 2018 թվականին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Սիմոնը դարձավ Աշխարհի չեմպիոն` սահմանելով համաշխարհային ռեկորդ հրում վարժությունում (240կգ) եւ երկամարտում (435կգ):
Առանց տքնաջան աշխատանքի եւ բնատուր տաղանդի նման հաջողություններ գրանցել անհնար է:Իսկ եթե տաղանդի բացը կարող ես լրացնել աշխատասիրությամբ, ապա վերջինը աչքաթող անելու դեպքում կարող ես մոռանալ բարձր տեղերի մասին:
Այս առումով Սիմոնն առանձնահատուկ է. նա ուներ ե՛ւ բնատուր տաղանդ, ե՛ւ չափազանց աշխատասեր էր: «Սիմոնը յուրահատուկ էր: Նա շատ տաղանդավոր էր,որը երեւում էր ամենասկզբից, բայց դրա հետ մեկտեղ նա անչափ շատ էր մարզվում, որն էլ նրա հաջողությունների գաղտնիքն է: Նա մարզվում էր շաբաթը 5 անգամ եւ մարզվում էր մեծ սիրով»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Փիլոսյանը:
Մեկական անգամ Եվրոպայում եւ աշխարհում լավագույնը ճանաչվելուց հետո Սիմոնը չսահմանափակվեց եւ կարողացավ պաշտպանել նվաճած դափնիները:
2019 թվականի ապրիլին Սիմոն Մարտիրոսյանը կարողացավ Վրաստանի Բաթումի քաղաքում դառնալ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսկ ամիսներ անց` 2019 թվականի սեպտեմբերին, անհաղթ Սիմոնը կրկնեց Աշխաբադի հաջողությունը․ Թայլանդի Պատտայա քաղաքում Մարտիրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը` պոկում վարժությունում սահմանելով աշխարհի ռեկորդ(199կգ):
Ապագա լեգենդար մարզիկը մանկուց էլ զորեղ բազուկներ ուներ եւ զգալիորեն տարբերվում էր իր հասկակակիցներից:
Սիմոնի մանկությունից մի դրվագ է պատմում նրա անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանը.«Տարիներ առաջ տեսա Սիմոնին, ով խաղում էր փոքր երեխաների հետ: Մոտեցա նրան եւ ասացի, որ ինքը տարիքով շատ մեծ է այդ երեխաներից, ու ավելի լավ է` շփվի իր հասակակիցների հետ: Սիմոնն ինձ ասաց, որ այդ երեխաներն իր համադասարանցիներն են: Նա դպրոցական հասակում իր դասարանցիներից մի քանի անգամ ավելի մեծ էր երեւում»,- ասաց Փիլոսյանը։
Հայաստանի «Սեւան» մարզական կազմակերպության սան Սիմոն Մարտիրոյանը արդեն իր անունը դաջել է հայկական սպորտի պատմության մեջ եւ ապացուցել` եթե ունես երազանքներ, պետք է պայքարես դրանց համար մինչեւ վերջ:Մարզվելով շատ վատ պայմաններում` Սիմոնը կարողացավ դառնալ հայկական սպորտի հզորագույն ներկայացուցիչներից մեկը. Սիմոնը ընդամենը 22 տարեկան է եւ, չնայած այդքան երիտասարդ տարիքին, կարողացել է նվաճել ամբողջ աշխարհը: Հայ դյուցազնը արդեն աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, իսկ հաջորդ եւ ամենահեղինակավոր բարձունքը, որը պետք է մեր ծանրամարտիկը նվաճի,«աստվածային Օլիմպոսն» է:
2016 թվականին Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերում դեռ 19 տարեկան Սիմոնը կարողացավ նվաճել արծաթե մեդալ եւ այդ ժամանակ ուրվագծվեց` հաջորդ Օլիմպիական խաղերը պետք է լինեն ծանրամարտի Հերակլեսինը:
Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին դեռեւս տեւական ժամանակ կա, բայց կարելի է ենթադրել, որ իր քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը պետք էոր հավասարը չունենա:
Սիմոնի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանը վստահ է, որ չեմպիոնը կրկին կլինի իր սանը.«Կասկածներ լինել չեն կարող: Հիմա էլ կասեմ` չեմպիոնը Սիմոնն է լինելու, Տոկիոյի Օլիմպիական խաղերը նրանն են լինելու, ես վստահ եմ»:
Էդմոն Մարտիրոսյան