Երեկ խորհրդարանում քննարկվեց քառօրյայի թերեւս ամենասպասված հարցը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը, որը ներկայացվել է իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից։ Նախ շեշտենք, որ Հրայր Թովմասյանը հայտարարություն տարածեց եւ ի սկզբանե հրաժարվեց մասնակցել քննարկումներին՝ այն քաղաքական համարելով, սակայն ամբողջ նիստն անցավ հետաքրքիր շեշտադրումներով։
Նախ նշենք, որ նախօրեին Հրայր Թովմասյանը հարցազրույց էր տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը եւ կրկին իր հանդեպ տեղի ունեցող գործընթացները քաղաքական համարել, եւ հենց դա պատճառ դարձավ, որպեսզի երեկ իշխող խմբակցության պատգամավորների մեծ մասը, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իրենց ելույթներում խոսեն հենց այդ հայտարարության մասին։ Այնպիսի տպավորություն էր՝ եթե Հրայր Թովմասյանն այդ հարցազրույցը չտար, իմքայլականները խոսելիք չէին ունենա։
Իսկ Թովմասյանը իր հարցազրույցում նշել էր․ «Այս պրոցեսը, իմ կարծիքով, քաղաքական է եւ մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը` որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, որպես մարմին, որ մի պահի կարող է քաղաքական որոշումներին ասել ստոպ, որովհետեւ դրանք հակասում են Սահմանադրությանը: Բուն նպատակը դա է: Ինչպե՞ս կլինի, ի՞նչ ընթացք կստանա,ցույց կտա»:
Իսկ, ահա, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Հրայր Թովմասյանի այսօրվա հայտարարությունը քաղաքական համարեց։ «Եվ կարող եմ ասել, որ իր հայտարարության մեջ նա եւս մեկ անգամ ապացուցեց այն, ինչի մասին այսօր խոսում են բոլորը: Առ այն, որ ինքը Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է մնացել, խորհրդի անդամ է մնացել, եւ տարանջատելով ինստիտուտի, Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը այլ կուսակցություններից, Ազգային ժողովից՝ դա քաղաքական հերթական հայտարարությունն է եւ անհարգալից վերաբերմունք Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտի նկատմամբ»:
Բացի Հրայր Թովմասյանի հարցազրույցի վրա կենտրոնանալուց եւ նրան քաղաքական հայտարարություն անելու մեջ մեղադրելուց իմքայլականները հենց իրենք էին քաղաքական ելույթներ ունենում եւ, ըստ էության, նախապես հայտարարված իրավական հարթությունից հարցը տեղափոխում էին դեպի քաղաքական։
Եվ որքան էլ նրանք հայտարարում են, թե խմբակցությունում միասնական են, եւ այս հարցում անհանգստություն չկա, սակայն երեկ խորհրդարանում նրանց պահվածքը հակառակի մասին էր վկայում։ Բանն այն է, որ նրանք ամեն ինչ արեցին, գրանցվեցին մեծ թվով ելույթների եւ հարցերի, որպեսզի քվեարկությունը չկազմակերպվերերեկ, քանի որ բացականեր կային, եւ մտավախություն կար, որ կարող է հարցի քվեարկությունը տապալվել։ Իսկ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները, որոնց հրահանգված է նիստերը կիսատ թողնել եւ վերադառնալ Հայաստան, ժամանելու էին երեկ երեկոյան, եւ այնպես արեցին, որ քվեարկությունն այսօր լինի։ Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բոլոր իմքայլականներին հրահանգված է վաղը ներկայանալ եւ անպայման մասնակցել քվեարկությանը։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցով հարակից զեկուցող, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանից պարզել, թե ինչու հարցի քննարկումը ստացավ քաղաքական երանգ, եւ կենտրոնացան միայն հարցազրույցի վրա։ «Պատգամավորները կաշկանդվածություն չունեն, եւ ես այնքան էլ համաձայն չեմ, որ դա է եղել։ Միգուցե ամենասուր ելույթներն էին առնչվում իր հարցազրույցներից մեջբերումներով, բայց, օրինակ, ԱԺ նախագահը չխոսեց այդ հարցազրույցից», – նկատեց նա։
Մեր դիտարկմանը՝ Թովմասյանին մեղադրում են քաղաքական հայտարարություններ անելու մեջ, բայց հենց պատգամավորներն իրենց այդպես դրսեւորեցին, Գաբրիելյանը ընդգծեց․ «Ես կարծում եմ՝ ովքեր դիտել են հարցազրույցը, մեծամասնության մոտ կա այն տպավորությունը, որ միգուցե դա լավ քաղաքական գործչի ելույթ էր, բայց Սահմանադրական դատարանի վատ նախագահի ելույթ, որովհետեւ, ըստ էության, այն հայտարարությունները, որ ինքն է անում, մի քիչ մեզ համար է խորթ, որովհետեւ նախկինում ՍԴ նախագահը քիչ էր խոսում։ Ես կարծում եմ՝ իր այդ հարցազրույցը, ըստ էության, նաեւ լրացուցիչ շատ լավ առիթ էր իր պաշտոնի հետ անհամատեղելիությունը ցույց տալու համար»։
Մեր մյուս հարցին՝ այդ պարագայում Վահե Գրիգորյանի դեպքում այդ չեզոքությունն առկա է․ ի վերջո, նա երբեք չի թաքցրել, որ համակրել է ՀԱԿ-ին եւ ընկերներ ունի իշխող ուժի կազմում, Գաբրիելյանը նշեց. «Ես չեմ տեսել՝ նա հայտարարություն արել է, թե ոչ։ Ես հրապարակային չեմ տեղել, որ նա գնա հարցազրույցներ տա եւ խոսի Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից, իր կապի մասին իշխանությունների հետ եւ այլն։ Մինչեւ այդ իր ելույթում նա ասել է, որ այստեղ ընկերներ ունի, որոնց հետ ճանապարհ է անցել։ Իմ տպավորությամբ նա ՔՊ-ի համակիրը չի եղել, այլ ուժի հետ է ասոցացվել»։
Հավելենք, որ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախաձեռնության պատճառն, ըստ նախագծի, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ժամանակ Թովմասյանի թույլ տված էական խախտումներն են: «Իմ քայլը» խմբակցության հեղինակած շուրջ 100-էջանոց փաստաթղթում ներկայացված է չորս հիմք: Այդ հիմքերից մեկը ՍԴ նախագահի եւ Հանրապետական կուսակցության փոխկապակցվածությունն է, Թովմասյանի անդամակցությունը ՀՀԿ-ին, իսկ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շահերն, ըստ օրինագծի, համընկնում են «Մարտի 1»-ի գործով: Նախագիծը ընդունվելու դեպքում կուղարկվի Սահմանադրական դատարան, որն էլ որոշելու է՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք կա, թե ոչ: Որոշման ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի ձայն:
Նաիրա Հովհաննիսյան