ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է եւս երկու տարով երկարաձգել ֆրանսիական ընկերության հետ կնքած պայմանագիրը: Խոսքը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության մասին է, որը դեռեւս 2015 թվականին «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղի մատակարարման 5-ամյա պայմանագիր է կնքել ՀՀ կառավարության հետ: Այսինքն` 2020 թվականի սկզբին պայմանագրի ժամկետն ավարտվում է, իսկ շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ է ապահովել վերը նշված դեղամիջոցով:
Պարզվում է` այս տարվա դրությամբ հանրապետությունում գրանցված են եւ գնման գործընթացին, բացի ֆրանսիական ընկերությունից, կարող են մասնակցել եւս երկու դեղարտադրող` հնդկական «Պերդաման Ֆարմասյուտիկալս Պվտ» ՍՊԸ-ն եւ ռուսական «Կանոնֆարմա պրոդակշն» ՓԲԸ-ն: Ի դեպ, տեղեկացնենք, որ հնդկական արտադրության ԴիաԶոն-ՄՌ 60մգ դեղը 2013-2015 թվականներին գնված եւ դժգոհություն առաջացրած դեղն է:
Հիշեցնենք, որ մարդիկ հրաժարվում էին այդ դեղը ստանալ. խնդիրը պայմանավորված էր այն հանգամանքով, որ երկար տարիներ պացիենտները ստացել էին օրիգինալ դեղը, իսկ տրամադրվողը հնդկական արտադրության գեներիկ` վերարտադրվածն էր: Պացիենտներն անգամ պնդում էին, որ այդ դեղն ընդունելիս իրենց առողջական վիճակը ավելի էր վատանում:
Բայց, մյուս կողմից, այդ տարիներին Առողջապահության նախարարության կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում դեղի անվտանգության, արդյունավետության եւ որակին առնչվող խնդիրներ չէին բացահայտվել: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի արտադրության «Գլիկլազիդ Կանոն» 60մգ դեղին, այն գրանցվել է 2017 թվականին եւ դեռեւս լայնորեն չի կիրառվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս դեղը առեւտրային նպատակներով ներմուծվել է ընդամենը 3564 տուփ:
Սյունէ Համբարձումյան