Այսօր` հուլիսի 11-ին նախատեսված դատավորների ընդհանուր ժողովը թեժ է լինելու: Մինչ դատական համակարգը սպասում է ժողովին եւ քվեարկությանը, դատավորներից ոմանք նոր նախագիծ են պատրաստվում ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովին:
Ինչպես հայտնի է, 76 դատավորի ծանուցում ուղարկվեց ԲԴԽ անդամ դառնալու, որից, սակայն, 11-ն են ցանկություն հայտնել դառնալ այդ միության անդամ, մինչդեռ ԲԴԽ անդամի համար նախատեսված տեղը 3-ն է: Իսկ ո՞ր թեկնածուներն են ցանկություն հայտնել դառնալ ԲԴԽ անդամ: Այսպիսով, նրանք են ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, նույն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին` Դավիթ Բալայանը, Սիմիզար Հովսեփյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը:
Ու մինչ դատական համակարգը, շունչը պահած, սպասում է դատավորների ժողովին, համակարգում այլ գործընթաց է սկսվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել մի նախագիծ, որը դատավորները պատրաստվում են այսօր ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովին:
Մասնավորապես, նախագծում նշվում է, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի թիվ 02 Լ որոշմամբ հաստատված դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 49-րդ կետի առաջին պարբերությունում լրացնել է պետք հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Ժողովի որոշմամբ կարող է սահմանվել քվերակությանը նախորդող ելույթներին ներկայացվող հատուկ պահանջներ:
2. Սահմանել 2019 թվականի հուլիսի 11-ին հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում անցկացվող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների քվեարկությունից առաջ թեկնածուների ելույթների հետեւյալ պահանջները.
ա) Ելույթը պետք է բովանդակի
-թեկնածուի իրականացրած դատական գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկություն, այդ թվում` հանրային հնչեղություն ունեցող գործերի քննության վերաբերյալ, եթե այդպիսիք եղել են,
-թեկնածուի ծրագիրը դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ,
-թեկնածուի մոտեցումները դատավորների վեթթինգի անցկացման հիմքերի եւ կարգի վերաբերյալ,
-թեկնածուի գույքի եւ եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն` բացահայտելով դրանց աղբյուրները,
-թեկնածուի քաղաքական կապերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն,
-ելույթը կարող է տեղի ունենալ միայն դատավորների ընդհանուր ժողովի դռնբաց նիստում, որին իրավունք ունեն մասնակցելու հանրության ներկայացուցիչները, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցները,
-ելույթի վերաբերյալ թեկնածուին կարող են հարցեր տալ դատավորները, դատավորների ընդհանուր ժողովի նիստի այլ մասնակիցներ»:
Ստացվում է, որ դատական համակարգը Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներին առաջարկում է հրապարակային վեթթինգ անցնեն, որը պետք է անցկացվի զանգվածային լրատվության միջոցների ներկայությամբ՝ թափանցիկ: Այնուհետեւ նրանք իրավունք կունենան վեթթինգի ենթարկել դատավորներին:
Արդյոք Բարձրագույն դատական խորհրդի անդամները կընդունեն դատավորների կողմից ընդհանուր ժողովի ներկայացված այս նախագիծը` պարզ կլինի այսօր, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ թեկնածուներից շատերը, ներքին կարգով տեղյակ լինելով, որ նման նախագիծ է շրջանառվում, կարծիք են հայտնել, որ իրենք դեմ չեն լինի:
Մեզ մնում է սպասել մինչեւ վաղը՝ հասկանալու համար՝ այս նախագիծը վաղը կհաստատվի դատավորների կողմից, թե կմերժվի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆՆ ՈՒ ԿԵՂԾ ԴԻՄՈՒՄԸ
Ինչպես հայտնի է, ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, սակայն քրեական գործով տեւական ժամանակ է, ինչ լռություն է:
Ըստ ԱԱԾ-ի` քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերեւույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Ու մինչ ԱԱԾ-ն քննում է այս քրեական գործը, ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործունեության հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
Մասնավորապես, նախաքննական մարմինը Էդվարդ Բալաբեկյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա Ա. Արզումանյանի հետ միասին դիմում է ներկայացրել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ հայտնել, որ Չարենցավան քաղաքի «Ա. Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-Ի տնօրեն Գ. Մովսիսյանը կատարել է մի շարք ապօրինություններ. յուրացրել է մարզադպրոցի գույքը, այդ թվում` սպորտային կոշիկիներ, գնդակներ, հագուստներ, նոր մասնաշենքի շինարարությունից կատարել է շինարարական նյութերի գողություն, մարզադպրոցի խոտածածկ հատվածից հանվել է մոտ 600 մ ջրի խողովակ, ստացել է վառելափայտ գնելու համար գումարներ, սակայն վառելափայտ չի գնվել: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել միջին ծանրության հանցագործություն կատարելու համար:
Ըստ էության, ՊՎԾ-ն այս դիմումը ուղարկել է իրավապահներին, որոնք էլ քննել են ու հասկացել, որ քաղաքացիներ Էդվարդ Բալաբեկյանի եւ Ա. Արզումանյանի կողմից ներկայացված դիմումը կեղծ է: Ասել է թե` քաղաքացիները մարզադպրոցի տնօրենին անհիմն մեղադրել են ապօրինությունների համար, մինչդեռ նման բան չի եղել, ինչի պատճառով էլ սուտ մատնության համար հայտնվել են մեղադրյալի աթոռին:
Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, դժվար է ասել:
Հավելենք, որ այս գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երեկ բողոքի ակցիա են իրականացրել: Մասնակիցների ու ոստիկանության միջեւ միջադեպ է տեղի ունեցել. բերման է ենթարկվել 6 քաղաքացի: Ոստիկանությունից փոխանցել են, որ ակցիայի մասնակիցները ոստիկանություն են տարվել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար: Ռ. Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Երեւանում: Նրանք փորձել են փակել Թումանյան փողոցը, որտեղով պետք է անցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրել են փողոցից:
ԿՔՆՆԻ
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով բողոքը քննում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը: Սույն գործով բողոք է ներկայացրել դատախազ Պետրոսյանը. վերջինս բողոքարկել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանի հունիսի 3-ի որոշումը, որով մերժվել է Հարությունյանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
ԿԱՆԽՎԵԼ Է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտել եւ կանխել է ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերեւույթ կոռուպցիոն բնույթի դեպք: Հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին տվել է կաշառք: Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել եւ բերման են ենթարկվել: Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 2 անձ ձերբակալվել է:
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 10-ին արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է գործող օրենքների մի շարք լրացումներ: Օրենսդիրները միաձայն ընդունել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, կողմ են քվեարկել 101 պատգամավոր: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը եւս ընդունվել է միաձայն` 103 կողմ: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» եւ հարակից օրենքների մասին օրինագծերի փաթեթն ընդունվեց ձայների 72 կողմ, 21 դեմ եւ 7 ձեռնպահ հարաբերակցությամբ: Այսպիսով, ավարտվեցին արտահերթ նիստի աշխատանքները: