ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է, ՄԱՐԶԵՐՈՒՄ` ԷԺԱՆԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: Ընդ որում` այս տարվա մայիսին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, Երեւանի տարբեր վարչական շրջաններում դրանց գինը բարձրացել է, իսկ ՀՀ մարզային քաղաքներում, հակառակը, էժանացել կամ էլ գները պահպանել են նախորդ տարվա մակարդակը:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ի միջին գինը մայիսին կազմել է 595 հազար դրամ կամ 1234 դոլար, ապրիլին` 590 հազար դրամ: Իսկ, ահա, նախորդ տարվա մայիսի համեմատ` այս տարվա նույն ժամանակահատվածում Երեւանի կենտրոնում բնակարանները վաճառվել են մեկ քմ-ն 515 հազար դրամով: Համաձայնեք, որ մտահոգիչ է մեկ տարվա ընթացքում 80 հազար դրամով թանկացումը: Ավելին, ըստ անշարժ գույքի շուկայի մասնագետների` մեկ ամսվա ընթացքում 5000 դրամով թանկացումը եւս մտահոգող է:
Մայրաքաղաքի մյուս բանուկ թաղամասում` Արաբկիր վարչական շրջանում եւս բնակարանի մեկ քմ-ն մեկ ամսվա ընթացքում թանկացել է. այստեղ եթե ապրիլին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 404 հազար 100 դրամով, ապա մայիսին այն ունեցել է 408 հազար դրամ արժեքը: Իսկ, ահա, նախորդ տարվա մայիսին այն վաճառվել է 363 հազար 500 դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի մյուս վարչական շրջաններում նույնպես բնակարանի թանկացում է արձանագրվել: Օրինակ` Աջափնյակ վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 275 հազար դրամից թանկացել է` դառնալով 278 հազար 200 դրամ, Ավանում` 268 հազար 100 դրամից դարձել է 270 հազար 100 դրամ: Իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում 296 հազար 100 դրամից բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է` դառնալով 300 հազար դրամ, Դավթաշենում` 312 հազար դրամից դարձել է 314 հազար 500 դրամ:
Ըստ մասնագետների` անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին: Իսկ, ահա, երկրորդ պատճառը բանկերի կողմից վարվող քաղաքականությունն է, ինչի արդյունքում նվազել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքը:
Չնայած թանկացմանը` նկատենք, որ բնակարանների նկատմամբ իրականացված գործարքների թիվն է զգալի պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս մայիսին ընդհանուր Հայաստանում իրականացվել է բնակարանների առուվաճառքի 1331 գործարք, մինչդեռ մեկ ամիս առաջ` ապրիլին, դրանց քանակը կազմել է 1472, այսինքն` 141-ով ավելի:
Երեւանից անցում կատարենք ՀՀ մարզային քաղաքներ, որոնց մեծ մասում բնակարանները կա՛մ թանկացել են, կա՛մ էժանացել, կա՛մ էլ պահպանել նախորդ ամսվա մակարդակը: Օրինակ` Արագածոտնի մարզի Ապարանում բնակարանների մեկ քմ-ն ե՛ւ ապրիլին, ե՛ւ մայիսին վաճառվել է 85 հազար դրամով, իսկ Թալինում, հակառակը, 72 հազար 800 դրամից թանկացել է` դառնալով 73 հազար 200 դրամ:
Գեղարքունիքի մարզի Գավառում բնակարանի մեկ քմ-ի գինը կազմել է 54 հազար 100 դրամ ե՛ւ մայիսին, ե՛ւ ապրիլին: Նույն մարզի Մարտունիում էժանացել է բնակարանի մեկ քմ-ն. ապրիլին այն կազմել է 120 հազար դրամ, մայիսին` 118 հազար 100 դրամ: Ճամբարակում բնակարանի գինը բարձրացել է 500 դրամով:
Սահմանամերձ Տավուշի Իջեւանում բնակարանները էժանացել են մեկ ամսվա ընթացքում 1950 դրամով: Դիլիջանում ե՛ւ ապրիլին, ե՛ւ մայիսին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 118 հազար դրամ: Իսկ, ահա, սահմանամերձ Նոյեմբերյանում անշարժ գույքի շուկայում թանկացում է արձանագրվել: Այս քաղաքում բնակարանի մեկ քմ-ն ապրիլին վաճառվել է 67 հազար 100 դրամով, իսկ մայիսին` 68 հազար դրամով: Սյունիքի Գորիսում բնակարանների գները բարձրացել են (ապրիլին մեկ քմ-ն`140 հազար 800 դրամ, իսկ մայիսին` 142 հազար 200 դրամ), Մեղրիում էժանացել է` 107 հազար 400 դրամից դառնալով 106 հազար դրամ: Հայաստանի հոգեւոր քաղաք համարվող Էջմիածնում բնակարանների մեկ քմ-ն ապրիլին վաճառվել է 136 հազար 800 դրամով, իսկ մայիսին` 138 հազար 200 դրամով: Իսկ, ահա, տուրիստական Ծաղկաձորում բնակարանի մեկ քմ-ն մայիսին 280 հազար դրամ է արժեցել, բայց նույն մարզի Աբովյանում 168 հազար 650 դրամ: Նկատենք, որ Ծաղկաձորի հարակից Հրազդանում բնակարանների մեկ քմ-ն մայիսին վաճառվել է 65 հազար դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից առուվաճառքի 278 գործարք է կնքվել: Ի դեպ, օտարերկրյա քաղաքացիների կողմից մայիսին ավելի շատ թվով անշարժ գույք է վաճառվել, քան գնվել է. կնքվել է վաճառքի թվով 341 գործարք, առքի`165:
Հայտնի է, որ Հայաստանի նախկին կառավարությունների ծրագրի գերակա ուղղություններից մեկը տարածքների համաչափ զարգացումն է եղել: Բայց, արի ու տես, այս ուղղությամբ որեւէ աշխատանք չի տարվել, միեւնույնն է, մարդիկ շարունակում են իրենց տներից հեռանալ:
Երեւանի համեմատ` մարզերի զարգացվածությունը շատ փոքր է: Մարզերում նախեւառաջ պետք է լուծվի աշխատատեղերի ստեղծման խնդիրը, մարդիկ աշխատանք չունեն, եւ այն գտնելու հույսով նրանցից շատերը իրենց բնակարաններն ուղղակի կողպում են կամ վաճառում, ապա բնակություն հաստատում Երեւանում: Սա է պատճառը, որ ՀՀ որոշ մարզային քաղաքների անշարժ գույքի շուկայում անգամ թեթեւ ակտիվացում չկա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՀՈՎՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել խոշորացված Դիլիջան համայնքի մաս կազմող Հովք գյուղի մի խումբ բնակիչներ, որոնք բողոքել են Հովքի վարչական ղեկավար Գրիգոր Գեւորգյանի արարքներից: Նրանց վկայությամբ` Գ. Գրիգորյանը մոտ 10 օր առաջ սարերում գտնվող խոշոր եղջերավոր անասունների խմելու համար նախատեսված խմոցը, ինչպես իրենք են ասում, նովը, տեղափոխել է Հովք գյուղի տարածք, բաժանել 2 մասի: Նա սարերից տեղափոխել է նաեւ անասուններին աղ տալու համար նախատեսված տարողությունը, որը տեղակայել է Հովքի գյուղից վերեւ գտնվող տարածքում, ուր ինքը հողամաս ունի:
Հովքի բնակիչներն ասացին, որ գյուղի վարչական ղեկավարն այդ քայլերն արել է, որ վնաս պատճառի սարերում անասուն պահող այն հովքեցիներին, որոնք 2018 թվականի նոյեմբերին Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի ժամանակ պաշտպանել են նախկինում այդ դպրոցը ղեկավարած Սամվել Սիմոնյանին, ոչ թե դպրոցի ուսմասվար, այնուհետեւ տնօրեն ընտրված Սեդա Ասիրյանին, որի թեկնածությունը պաշտպանել է Գրիգոր Գեւորգյանը:
Դժգոհող հովքեցիները Գ. Գեւորգյանի դեմ բողոքելու համար գնացել են Իջեւան` Տավուշի մարզպետարան: Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գրիգոր Գեւորգյանին: Նա ասաց, որ սարերում գտնվող անասունների խմոցը չէր օգտագործվում, ինքն այն տեղափոխել է Հովք գյուղ, բաժանել 2 մասի, որոնք ծառայում են Հովքի խոշոր եղջերավոր անասունների համար խմոցներ: Նա հայտնեց, որ ինքը դրա փոխարեն սարում անասունների նոր խմոց է տեղադրել: Իսկ ինչ վերաբերում է անասուններին աղ տալու համար նախատեսված տարողությանը, ապա նա ժխտեց, որ այդ տեղափոխությունները կապ ունեն գյուղի դպրոցի տնօրենի ընտրության հետ` ասելով, որ այդ մասին առաջին անգամ մեզանից է լսում: 2014 թվականից Հովք համայնքը ղեկավարող 2016 թվականից Հովքի վարչական ղեկավարից հետաքրքրվեցինք նրա կուսակցական պատկանելության մասին, հայտնեց, որ ՀՅԴ անդամ է, սակայն կուսակցական ակտիվ գործունեությամբ չի զբաղվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Հուլիսի 12-13-ը շրջանների զգալի մասում, 10-11-ը, 14-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 13-14-ը նույնքան կնվազի: Հուլիսի 12-13-ը Երեւանի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

 

 

 

ԺԱՅՌԵՐԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՎՏԱՆԳԸ
2019թ. մարտից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից վերեւ` Այրում քաղաքի տարածքում, մեծ ժայռեր կան, որտեղ հողի մեջ եւ հենց ժայռերի արանքում խոր ճեղքեր են գոյացել: Մեծ ճեղքը լայնակի երկար ձգվում է: Ժայռերը ցանկացած պահի կարող են պոկվել, գլորվել ներքեւ, ուր միջպետական ավտոճանապարհն է: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները գնացել են, տեսել իրավիճակը, տեղում լուսանկարներ արել:
Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այս ընթացքում ոչ մեծ ժայռաբեկոր պոկվել-ընկել է միջպետական ավտոճանապարհի վրա: Բարեբախտաբար, վնասներ չեն եղել: Այրում համայնքի ղեկավարն ասաց, որ վերջերս ՀՀ ԱԻՆ մասնագետները վերստին Այրում են գնացել, հայտնել, որ ժայռերի պայթեցումներ կատարելու դեպքում միջպետական ավտոճանապարհը որոշ ժամանակ փակվելու է: Նոյեմբերյանի ճանշին ընկերության ինժեները զանգահարել է Այրում համայնքի ղեկավարին, ասել, որ պայթեցումներից հետո այդ տարածքից մեծ քանակությամբ հող եւ քար պետք է տեղափոխվի:
Սակայն մինչ այժմ որոշակի ոչինչ չի արվել, վտանգավոր ժայռերը շարունակում են դամոկլյան սրի նման կախված լինել միջպետական ավտոճանապարհի վրա: Քննարկումներն ու տարբերակները դեռ շոշափվում են:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԳՈՐԾԵԼ
Ինչպես հայտնի է, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի եւ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինները ընթացիկ տարվա համար դեռ չունեն տարեկան պլանային ստուգումների ծրագիր, ստուգաթերթեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, ըստ որի` կհաստատվի Բնապահպանության եւ ընդերքի եւ Առողջապահության ու աշխատանքի տեսչական մարմինների կողմից անցկացվող ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը: Սրա արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կունենան իրականացնելու իրենց գործառույթները:
Նշենք, որ տեսչական մարմինները ոչ միայն չունեն տարեկան պլանային ստուգումների ծրագիր, այլեւ մարմնի վարչությունները կանոնադրություն չունեն հաստատված: Կարգապահության, գործավարության հետ կապված իրավական ակտերի նախագծերը կան կազմված, մնում է ներկայացվեն խորհրդի համաձայնությանը` հաստատվելու: Նաեւ պաշտոնի անձնագրերը պետք է փոխվեն, բայց դեռ ոչինչ արված չէ: Անգամ պաշտոնական կայքէջ չունեն, եւ իրենց գործունեության մասին հանրությունը պարբերաբար տեղեկանում է ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:

Ս. Հ.




Լրահոս