ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԵՆ ԱՌԱՋ ՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մշտապես քննադատվել են այն չինովնիկները, որոնք օգտագործել են իրենց անձնական կապերը եւ պետական բյուջեն ծառայեցրել անձնական կապերի ընդլայնման կամ ընկերական հարաբերությունների ջերմացման համար: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը վերջերս բացահայտեց մի այդպիսի դեպք, որը Նոր Հայաստանում այնքան էլ օրինաչափ երեւույթ չէ: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը Արուսիկ Մկրտչյանի՝ Dj Վակցինայի հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդաքշն» ընկերության հետ պայմանագիր է կնքել եւ մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրան:

Նշենք, որ Dj Վակցինան հաճախ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին գովերգում: Հենց պայմանագրի կնքման օրն էլ կիսվել էր մի քաղաքացու գրառումով, որը նշել էր, թե շատ է ցանկանում, որ Թորոսյանը ՀՀ վարչապետ դառնա: Եւ այս իրավիճակում հարց է ծագում` արդյոք նախարարը պետական միջոցները դիջեյին հատկացրել է իր փիառն անելու համա՞ր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, հարցին ի պատասխան, Արուսիկ Մկրտչյանն արձագանքեց. «Ոչ, իհարկե: Բացարձակ… ինչի՞ մասին է խոսքը: Իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական տիրույթն է, որտեղ ես իրավունք ունեմ յուրաքանչյուր ինֆորմացիա տեղադրելու, ինչպես եւ Դուք: Եթե հարցեր ունեք` ծրագրի հետ կապված, թե ինչ է նկարահանվելու, ինչի համար է ուղղված այդ գումարը, գրավոր ուղարկե՛ք, կպատասխանեմ»: Այսպիսով, արձանագրենք, որ DJ Վակցինան, լինելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերը (համենայնդեպս, իրենց համատեղ լուսանկարներն այդ մասին են վկայում), օգտվում է ՀՀ պետական բյուջեից: Իսկ թե այս երեւույթը ով ինչպես կմեկնաբանի, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը:

 

 

 

Ինչպես հայտնի է, նախօրեին Հայաստանի որոշ մարզերում ու Երեւանում հոսանքազրկումներ եւ հոսանքի տատանումներ եղան, եւ երեկվանից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պետք է պարզեն դրա պատճառները: Այս պահին քննվում է վթարի արտաքին, այլ ոչ թե ներքին գործոնի փաստը: Եվ չնայած այդ հանգամանքին` օրինակ, էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զարմանք հայտնեց մետրոպոլիտենի հետ կապված: «Զարմանալի է, թե ինչու սնուցման ռեզերվային համակարգերը չգործեցին: Պետք է դադարը շատ կարճատեւ լիներ, մետրոն առաջին դասի սպառիչ է, եւ նա պետք է այդպես չընկներ անջատումների տակ: Սա մտածելու տեղիք է տալիս», – հավելեց նա: Եվ հետաքրքիր է, որ նախօրեի մասշտաբային վթարի հետեւանքով վնասներ կրած քաղաքացիների փոխհատուցման համար, որպես այդպիսին, կարգ չկա: Վերջիններս պետք է դիմումներ ներկայացնեն ՀԷՑ, սակայն դրանք կբավարարվեն, թե ոչ, դժվար է ասել: Համաձայնե՛ք, տարօրինակ է` քաղաքացիները վնաս են կրում այլոց սխալների համար, սակայն փոխհատուցում չեն ստանում:

 

 

 

Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում երեկ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, թեժ է անցել: Նախ` «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում հայտնել էր, որ դատավորներից ոմանք ցանկանում են նիստը դռնբաց անցկացնել, սակայն երեկ զգալի մասը դեմ է եղել, եւ նիստը դռնփակ է անցկացվել, եւ այդ հանգամանքը դժգոհությունների առիթ է դարձել. վերջիններս միմյանց հետ զրուցելիս դժգոհում էին, թե իրենց վեթթինգի ենթարկողները պետք է հենց իրենք վեթթինգի ենթարկվեն: Ինչեւէ, առաջինը հայտնի դարձավ Նախշուն Տավարացյանի անունը, եւ նրա երդման ելույթի ժամանակ դատավոր Զարուհի Նախշքարյանը դուրս եկավ սենյակից, դուռը շրխկացրեց` նետելով՝ «կՐՈՑՌՉվՏ»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, թե ինչու, ինչից է դժգոհ, սակայն հրաժարվեց մեկնաբանել իր պահվածքի պատճառները: Հավելենք, որ բացի Տավարացյանից, ԲԴԽ անդամներ դարձան Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին գրել է, որ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ: Եւ այդ օպերացիան հասցրել է դժգոհություններ հարուցել, քանի որ տեղի-անտեղի ՀՀ ոստիկանները թակում են մարդկանց դռները, բերման ենթարկում երբեմն այնպիսի մարդկանց, որոնք չեն կարող կապված լինել նման արարքների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ոստիկանությունում քրեական հեղինակություններից հետաքրքրվել են` ինչ վարկած ունեն, ինչին ի պատասխան` շատերը հայտնել են, թե չգիտեն՝ ինչը կարող է պատճառ դառնալ, որ Անդիկին սպանեին, եւ գուցե կատարվածը 10-15 տարի առաջվա վրեժխնդրության, հիշաչարության դրսեւորում է: Ամեն դեպքում, քրեական տարրերից մի քանիսն էլ հետաքրքրվել են՝ արդյոք սպանությունն արդեն բացահայտված է, թե ոչ, բայց լռում են, որպեսզի «օրենքով գողերը» հաշվեհարդար չտեսնեն մարդասպանի կամ պատվիրատուի հետ:

 

 

 

 

ԴԱՆԴԱՂԿՈՏ
Օպերատիվ աշխատանքը, հատկապես` այն ոլորտներում, որտեղ գործ ունենք մարդու առողջության, անվտանգության հետ, ուղղակի հրամայական է: Այս առումով զարմանալի դանդաղկոտություն ցուցաբերեց ՀՀ առողջապահության նախարարությունը Սեւանա լճի գունափոխման հարցում:
Գարնանից մասնագիտական շրջանակները, ԱԺ պատգամավորները խոսում են Սեւանա լճի հնարավոր ծաղկման եւ դրանից բխող վտանգների մասին, սակայն մասնագիտական շրջանակները, տվյալ դեպքում` ՀՀ առողջապահության նախարարությունն ու Սննդի տեսչությունը, քար լռություն էին պահպանում, կարծես իրենք չպետք է զբաղվեին մարդկանց առողջության վտանգների չեզոքացման հարցերով: Երբ կովերը սատկեցին Սեւանա լճի ափին, նոր աղմուկ բարձրացավ, եւ միայն երեկ՝ գրեթե ամռան կեսին, ՀՀ առողջապահության նախարարությունը թմբիրից դուրս եկավ ու մասնագիտական հայտարարություն տարածեց. «Նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սեւանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում, խուսափել լողալ այդ հատվածներում: Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների եւ մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետեւանքով։ Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետեւյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես` բերանի եւ քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային եւ հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ»: Նկատենք, որ այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ հասցրել են լողալ Սեւանա լճում, թրջել ոտքերը, շատ երեխաներ են լճափում զվարճացել, ու չի բացառվում նաեւ` ջուր կուլ տված լինեն: Նախարարությունը, սակայն, ուշացած հայտարարում է, «Արգելել երեխաներին լողալ չթույլատրված վայրերում»:
Ինչպե՞ս կարելի է ամիսներ շարունակ անտարբերության մատնել այսքան կարեւոր հարցը ու մասնագիտական խորհուրդներ չտալ հայ հասարակությանը: Նախորդ տարի նախարար Արսեն Թորոսյանը վարտիքով ջուրը մտավ՝ ապացուցելու, որ թունավոր չէ, այս տարի ինչո՞ւ նույնքան օպերատիվ կերպով չհայտարարեց. «ժողովո՛ւրդ, Սեւանա լիճ մի՛ մտեք. վտանգավոր է»: Կարծում ենք՝ բարեխղճության հարց է:
Իսկ ինչ վերաբերում է Սննդի տեսչությանը, ապա նրանք եւս պետք է օր առաջ փորձաքննության ենթարկեն ձկնատեսակները եւ հայտարարեն՝ Սեւանի ձուկը թունավոր է, թե ոչ: Սպասելու ժամանակ չունենք:




Լրահոս