Օրերս հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որն իր մեջ հետաքրքիր նկատառումներ է պարունակում նաեւ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Խոսքը Հայաստանում սպասվող վեթթինգի գործընթացի, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի շուրջ խոսակցությունների, ինչպես նաեւ դատարանները շրջափակելու մասին է: Եվ առանձնացնելով Վենետիկի հանձնաժողովի կողմից արված դիտարկումները` կարող ենք արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր-անդամ» բառախաղը, մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ծափերով ողջունելը։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներից եւ հատկապես այն պատգամավորներից, որոնք ջանասիրաբար եւ ամեն առիթն օգտագործելով` պաշտպանում էին Վահե Գրիգորյանին: Որեւէ մեկին, սակայն, չգտանք, որ խոսի. հետաքրքիր է, որ անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, որն ամեն կերպ փորձում էր արդարացնել Վահե Գրիգորյանի հայտարարությունները եւ նույնիսկ Հրայր Թովմասյանին խորհուրդ տալիս առհասարակ Սահմանադրական դատարան չմտնել, երեկ խուսափեց պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին։ Ստացվում է` որքան էլ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները փորձում են ապացուցել Սահմանադրական դատարանում ճգնաժամի առկայության փաստը եւ ընտրված գործիքակազմի կարեւորությունը, միջազգային հանրությունը, ամեն դեպքում, քննադատաբար է վերաբերվում արված հայտարարություններին եւ փաստացի կերպով դատապարտում Ազգային ժողովի կողմից Վահե Գրիգորյանի հայտարարությունները սատարելը: Հավելենք, որ առաջիկայում Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանն անդրադարձ կկատարի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դեռեւս 2019 թվականի ապրիլի 18-ից շարունակվում են կասեցված մնալ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները։ Ինքը` Սանասարյանը եւս աշխատանքից ազատման դիմում չի գրում, ու հարցը առկախված է մնացել: Արդյոք պատճառն ա՞յն է, որ իր այդ քայլով Սանասարյանը հնարավորություն չի տալիս որեւէ մեկին նշանակվելու ՊՎԾ պետի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Դավիթ Սանասարյանը նշեց. «Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ. կոռուպցիան արմատախիլ անելու խոստումս ուժի մեջ է, որը կարող եմ անել այլ կարգավիճակներով եւս, բայց լինելով ՊՎԾ ղեկավար` այն ավելի արագ կստացվի, քանի որ օրենսդիրը լայն լիազորություններ է սահմանել ինչպես կոռուպցիայի դեմ պայքարելու, այնպես էլ պետական մարմինների գործունեության օրինականության եւ արդյունավետության բարձրացման գործում»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը յոթ օր Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում հանգստանալուց հետո մեկնել է Հունաստան: Նշենք, որ Բադեն-Բադենում Սերժ Սարգսյանը միայնակ է եղել, իսկ արդեն Հունաստանում Ս. Սարգսյանը հանգստանալու է թոռնիկների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջանորդ Սերժ Սարգսյանը շատ բարձր տրամադրություն է ունեցել: Վերջինս, ըստ ականատեսների, հիմնականում մենակ է շրջել քաղաքում, ընտանիքի անդամներից ոչ ոք չի եղել նրա հետ, ու տպավորություն է ստեղծվել, որ նա արդեն հարմարվել է այն իրավիճակի հետ, որը կա իր պաշտոնանկությունից հետո, ու արդեն քիչ-քիչ վերադառնում է իր առօրյային: Հավելենք, որ նա 7 օր Հունաստանում մնալուց հետո կվերադառնա Հայաստան, այնուհետեւ մի որոշ ժամանակով կմեկնի Արցախ:
Երեկ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում նիստ է հրավիրվել, եւ ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը բարձրացրել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հարցը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գիտնական անդամները ասել են, որ 2018 թվականի նոյեմբերին Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ իրենք պատրաստվում են քննել այդ դիմումը եւ ԲԴԽ-ի հուլիսի 15-ի օրակարգում ներառել են Նախշուն Տավարացյանի հարցը: Ի պատասխան` Նախշուն Տավարացյանն առարկել է` ասելով. «Ես, դատական օրենսգրքի համաձայն, իմ պաշտոնը ստանձնել եմ 2019 թվականի հուլիսի 11-ին, դարձել եմ լիարժեք ԲԴԽ անդամ եւ երդում տալուց հետո Ձեզ հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, ուստի հետաքրքիր է` Դուք ինչ դիմում եք ուզում քննարկել»:
ՆՈՒՅՆԱՏԻՊ ԻՐԱՎԻՃԱԿ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը երեկ հայտարարել է. «Եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաեւ ընտրելու իրավունք: Հետեւաբար ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են արցախյան ընտրություններին քվեարկելու իրավունք ունենալ: Դժվար թե հանդուրժելի լինի այս իրավիճակը, երբ ԱՀ բնակչությանը թվով գերազանցող ՀՀ քաղաքացիները որոշեն, թե ինչ իշխանություն պիտի լինի ԱՀ-ում… Հստակ կասեմ, որ պետք չէ Արցախում նման փորձ անել, որովհետեւ ՀՀ-ում մինչեւ հեղափոխությունը իրավիճակը լիովին այլ էր, եւ չպետք է մոռանանք, որ հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր կարող են իրականացվել միայն որոշակի չափանիշների պահպանման պարագայում»,- ասել է Վ. Վարդանյանը:
Իհարկե, գուցե Վլադիմիր Վարդանյանի շատ պնդումներ օբյեկտիվ են, ընկալելի, տրամաբանական ու անհրաժեշտ կիրառելի, բայց մտահոգիչ բան, այնուամենայնիվ, կա իշխանական պատգամավորի, ԱԺ բարձրաստիճան պաշտոնյայի ասած խոսքերում: Բանն այն է, որ մասնագիտությամբ իրավաբան պատգամավորը Արցախում խոսում է այդ երկրի ներքին հարցերի մասին, ինչի իրավունքը որեւէ դեպքում չունի: Արցախի ներքին խնդիրները բացառապես այդ երկրի ներսում որոշվելիք հարցեր են, որոնց մասին ՀՀ պաշտոնյան ուղղակի իրավունք չունի խոսել:
Հիշեցնենք, երբ Արցախի որեւէ գործիչ ՀՀ ներքին քաղաքական, պաշտոնական կամ որեւէ վերադասավորման մասին խոսում է, անմիջապես ՀՀ շատ գործիչներ իրենց պարտքն են համարում նրանց հիշեցնելու, որ իրավունք չունեն խառնվելու մեր ներքին գործերին: Բանն այնտեղ հասավ նույնիսկ, որ Արցախի նախկին ու ներկա նախագահների միջնորդությունները` մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, համարվեցին Արցախի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին: Հետաքրքիր է` այս բոլոր իրողությունները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱրդանյանը չի նկատել, թե նկատել է, բայց համարում է, երբ ինքն է խոսում Արցախում ներքին քաղաքական հարցերից ու իմպերատիվ կարծիք հայտնում, դա ներքին գործերին միջամտություն չէ, իսկ արցախցիների ցանկացած ասած, որը իշխանությունների սրտով չէ, միջամտություն է Հայաստանի ներքին գործերին: