ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանին զայրացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը, որով պատգամավորը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել էր «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։ «Ժողովուրդ» օրաթերթը Սամվել Գրիգորյանի հետ զրուցել է նրա մտահոգությունների մասին:

-Պարո՛ն Գրիգորյան, մասնավորապես ի՞նչն է Ձեզ վրդովել պատգամավորի գրառման մեջ:
-Նախ՝ ի՞նչ է նշանակում «այսպես կոչված շոու-բիզնեսի ներկայացուցիչներ», ինչպե՞ս կարելի է մարդկանց դիմել նման կերպ կամ ինչպե՞ս կարելի է ասել` «առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք»: Որքանո՞վ է այս բառապաշարը հարիր երիտասարդ տղային, այն էլ՝ ԱԺ պատգամավորին: Ինչպե՞ս կարելի է շոու-բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին հավասարեցնել եւ դիտարկել մեկ հարթության վրա, ո՞վ է նրան թույլ տվել նման կերպ խոսել մարդկանց հետ: Դիմում եմ պատգամավորին՝ Դուք պետք է հրապարակավ ներողություն խնդրեք բոլոր շոուբիզնեսցիներից: Իմ պահանջը դա է: Եվ չփորձեք հետագայում այդկերպ որեւէ մեկի հետ խոսել: Այդպես խոսում են «բեսեդկաներում» եւ «գողական» աշխարհում: Գուցե պատգամավորն իր խոսքը պետք է ուղղեր կոնկրետ մարդկանց եւ չընդհանրացներ թեման:
-Հետաքրքիր է, որ Ձեր գործընկերները նույն ակտիվությամբ չարձագանքեցին պատգամավորի հայտարարությանը, ինչու՞:
-Դա զարմանալի է, կարծես հարմարվեցին այդ որակումների հետ: Պատգամավորն ասում է, թե շոուբիզնեսցիներին «ընտրությունից ընտրություն կանգնեցրել են Սերժի պաստառի տակ ու ասել` բացականչե՛ք «անվտանգություն ու առաջընթաց»»։ Բայց, օրինակ հանդիսավարությունը մարդու մասնագիտությունն է, նրա աշխատանքը: Դա նույնն է, թե ասենք՝ ամոթ է, որ նախորդ իշխանությունների օրոք աշխատած բենզալցակայանները իշխանություններին մատակարարել են բենզին: Օրինակ` ես չեմ ուզում թաթախվել քաղաքականության մեջ, ես ծառայել եմ իմ ժողովրդին եւ ոչ մի կուսակցության դուռ մինչեւ օրս չեմ թակել: Շարունակելու եմ այդպես ապրել: Չի կարելի մասնագիտությունը քաղաքականացնել, այն մասնագիտությունը, որով ընտանիք ենք պահում: Ինքս ժամանակին վարել եմ Հանրապետական կուսակցության քարոզարշավների միջոցառումները, բայց դա արել եմ իմ մասնագիտությունից ելնելով, ոչ թե որովհետեւ համակրել եմ տվյալ կուսակցության լոզունգները: Եթե վաղը լինեն ընտրություններ, քարոզարշավի համար մեզ են դիմելու, մենք էլ միանշանակ պետք է աշխատենք: Մեզ որպես «չուզողի» մի՛ վերաբերվեք: Մենք ոչ թե ուզում ենք, որ այս կամ այն մարդը լինի երկրի ղեկին, այլ որ երկրում կարգուկանոն տիրի, որ մեր երեխաները լավ ապագա ունենան, իսկ մենք ունենք այդ շանսերը: Խնդրում եմ՝ շոու-բիզնեսը ձեր աչքի գրողը մի՛ դարձրեք:
-Դուք ինքներդ հարկեր վճարու՞մ եք: Տեղյակ եմ, որ բավական մեծ թիմով եք աշխատում:
-Այո, ինքս վճարում եմ հարկեր, եւ իմ դժգոհությունը հարկեր վճարելուն չէ ուղղված, այլ պատգամավորի ձեւակերպումներին: Մինչեւ 2018-ը, այո, հարկային դաշտում չենք եղել, բայց ասեմ, որ ես է՛լ, գործընկերներս է՛լ բանակի, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների կողքին ենք եղել, շատ մարդկանց ենք օգտակար եղել:
-Պատգամավորը շոուբիզնեսցիների մասին նաեւ նշել էր. «Իրենք բյուջե ծամած որոշների հարեւանի ծանոթի չայ դնողի, թան սարքողի ծնունդին 20.000 դոլարով 4 երգ են երգել ու բյուջե 1 լումա չեն վճարել»: Այս մասով ի՞նչ կասեք:
-Վա՞տ է, որ մենք ունենք «20.000 դոլարանոց» երգիչներ, «35.000 դոլարանոց» էլ ունենք: Դա երջանկություն է նաեւ երկրի համար, հենց թեկուզ այն բանի համար, որ հարկերն էլ են բարձր լինում:
-Ամբողջ խնդիրը հենց այն է, որ բարձր եկամուտ ունեցող շոուբիզնեսցիները հաճախ խուսափում են հարկերից:
-Ուրեմն, էլի եմ ասում, թող անվանական նշեն, թե ովքեր են խուսափողները: Եթե ես ինձ թույլ տամ ու ասեմ` «այսպես կոչված պատգամավորներ, մի՛ թպրտացեք եւ աշխատե՛ք», կոռեկտ չի լինի: Ուրեմն թող իրենք էլ կոռեկտ լինեն: Շոու-բիզնեսում կան մարդիկ, որոնք մշակույթ են ներկայացնում, տասնամյակներ շարունակ ապրել են այս երկրում, չեն թողել ու փախել, ապրել են՝ դժվարություններ քաշելով, աշխատել են տարբեր իշխանությունների օրոք: Կոնկրետ ես իմ գործունեությունը սկսել եմ դեռեւս Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներից եւ վստահ եմ, որ դեռ շատ ղեկավարների օրոք կաշխատեմ եւ շատ քաղաքական գործիչների կհանդիպեմ իմ ճանապարհին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ




Լրահոս