Դեռեւս սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխարինելու հարցը: Նշել էինք, որ հունիսի 24-ին Իգիթյանը Վեհաժողովում չէր մասնակցել Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությանը, եւ լուրեր էին տարածվել, թե նա ուկրաինացի պատգամավորների հետ է քվեարկությանը չմասնակցելու պայմանավորվածություն ունեցել;
Ըստ նույն տեղեկությունների` ՌԴ կողմը հստակ պահանջել է, որ Հովհաննես Իգիթյանը պետք է հեռանա պատվիրակությունից: Իսկ մեր տեղեկություններով` խմբակցությունում երկար քննարկումներից հետո եկել էին այն եզրահանգման, որ պետք է Հ. Իգիթյանին փոխարինող գտնեն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ժամանակահատվածում Հովհաննես Իգիթյանը այդ հարցի շուրջ հանդիպումներ ու զրույցներ է ունեցել իր թիմի ներկայացուցիչների հետ` հայտարարելով, որ իրեն պատվիրակությունից հեռացնելով` սեւ բիծ են քաշում իր կարիերայի վրա: Նշվում է, որ Հ. Իգիթյանը շատ վատ է զգում, որ ինքը, այնքան հետաքրքրված լինելով արտաքին քաղաքաքականությամբ, կարող է նման իրավիճակում հայտնվել:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունները քննարկում են այն հարցը, որ հնարավոր է Հ. Իգիթյանին պատվիրակությունից հանեն տարվա սկզբին, երբ արդեն օրենքով սահմանված կարգով կլինի ռոտացիոն կարգով պատվիրակության անդամների փոփոխությունը: Այդպես ե՛ւ չեն նեղացնի Հ. Իգիթյանին, ե՛ւ ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի հետ:
-Տիկի՛ն Հայրապետյան, արդեն երկար ժամանակ է` քննարկվում է Ձեր խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանին նշված պատվիրակությունից հեռացնելու հարցը: Ի՞նչ է որոշել խմբակցությունը այդ հարցով:
-Նման քննարկում ֆրակցիայում չկա, բայց սովորաբար պատվիրակության կազմը ամեն տարվա սկիզբ թարմացվում է, այսինքն` ամեն տարի հունվարին մենք ներկայացնում ենք պատվիրակության կազմը, անունները տրվում են այդ ժամանակ, այդ պրակտիկան կա:
-Այսինքն` հնարավո՞ր է` հունվարին արդեն Հ. Իգիթյանին փոխարինող լինի ԵԽԽՎ-ում:
-Չգիտեմ, որեւէ քննարկում չկա, 50/50, ինչպես ասում են, կա՛մ հնարավոր է, կա՛մ հնարավոր չէ, ես չեմ կարող որեւէ բան ասել:
-Դուք տեղյա՞կ, եք թե ինչու է ռուսական կողմը պահանջ դրել, որ Իգիթյանը պատվիրակությունում չլինի: Այդպիսի տեղեկություններ ունե՞ք, արդյոք զրուցե՞լ եք Ձեր ռուս գործընկերների հետ այդ հարցի շուրջ:
-Անկեղծ ասած, չգիտեմ, թե այդ տեղեկությունները, այդ բամբասանքները որտեղից են գալիս, բայց դրանք անհեթեթության ժանրից են: Որեւէ մեկը մեզ չի կարող պարտադրել, մեր պատվիրակության կազմը որոշել: Մենք սուվերեն, ինքնիշխան պետություն ենք, ժողովրդավար ընտրություններով ընտրված ԱԺ, ու մենք ենք որոշում, մեր պատվիրակներին այս կամ այն միջազգային հարթակներում թե ով է ներկայացնելու: Ես կարծում եմ, որ պարոն Իգիթյանը մանրամասն անդրադարձել է այդ քվերակության հետ կապված դրվագին ու հստակ տեղեկացրել է, թե ինչ է եղել: Ինչ վերաբերում է պարոն Իգիթյանի դիրքորոշումներին, ապա ես կարծում եմ, որ պարոն Իգիթյանը բացառապես հայամետ է ու իր բոլոր գործունեությունը կառուցում է բացառապես ի շահ Հայաստանի:
-Տիկի՛ն Հայրապետյան, Ձեր պատվիրակությունը լուրջ քննադատության արժանացավ այն բանից հետո, երբ կիսատ թողնելով ԵԽԽՎ պատվիրակության աշխատանքները` իմքայլականներով վերադարձաք Հայաստան, որպեսզի մասնակցեք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին: Ձեր այդ քայլը անլուրջ համարվեց, երբ թողնելով միջազգային հարթակը` վերադարձել եք ՀՀ: Ինչո՞ւ նման քայլի դիմեցիք:
-Մենք տվյալ պահին նպատակահարմար ենք համարել այդպես վարվել, որովհետեւ մեկուկես օր էր մնացել ու խնդիրները, որոնք քննարկվելու էին… այսինքն այնպիսին չէին, որ մեր չներկայանալը, այսպես ասած, կարող էր ճակատագրական նշանակություն ունենալ: Ու այնպես չէր, որ ամբողջ պատվիրակությունն է վերադարձել, վերադարձել են «Իմ քայլ»-ի պատգամավորները, ընդ որում` «Իմ քայլ»-ից երկու պատգամավոր են, որոնք մշտական ներկայացուցիչներ, այսինքն` երկու մշտականները մնացել էին` տիկին Զոհրաբյանը եւ պարոն Մարուքյանը, իսկ միջազգային հարթակներում մենք հանդես ենք գալիս ոչ թե ընդդիմադիր կամ իշխանական պատգամավորներ, այլ մեկ միասնական ֆրոնտ:
Հ. Գ. Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ: Պատգամավորը, լսելով հարցը, ասաց, որ ինքն այդ պահին զբաղված է, իսկ հարցին, թե խմբակցությունում որոշում կա, որ ինքը պետք է լքի ԵԽԽՎ պատվիրակությունը, ասաց. «Այդ թեմայով մենք կխոսենք, դա «այո» կամ «ոչ»-ով քննարկման հարց չէ»:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ