Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում վերջերս ուշագրավ դեպք է գրանցվել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել այդ տարածաշրջանի բնակիչներից, որի դժգոհությունը կապված է Վարդենիսի դիահերձարանի հետ: Քաղաքացու պատմելով` օրեր առաջ Վարդենիսում իր հարազատի դիակին դիահերձել են, իսկ ներքին օրգանները լցրել են տոպրակի մեջ ու տվել մահացածի հարազատին` ասելով` «տարե՛ք հետը, կգցեք փոսի մեջ»։ Այս ահազանգի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը խոսեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի դատական բժիշկ Արտաշես Խաչատրյանի հետ, որը հայտարարեց, որ դիահերձման ժամանակ մահացածի ներքին օրգաններն իր կողմից մշակվում եւ փակվում են մահացածի որովայնում: «Տոպրակով ում են տվել, ինչ են արել, ես չհասկացա… Նման բան չի եղել իմ հետ, հաստատ չի եղել, դատաբժիշկը ես եմ Վարդենիսում, դիահերձողը սանիտարն է: Ինքն իր գործն անում է, վերջում օրգանները լցվում են որովայնում, կարվում»,- բացատրեց դատական բժիշկը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ախտաբան Գարիկ Աղաբեկյանի հետ։ «Շատ շուտ նման բան եղել է, հետո արգելվեց: Համապատասխան մշակում պետք է արվի ու նորից դրվի դիակի մեջ, ապա պետք է հուղարկավորեն: Նման դեպքերում պետք է տարվի դիակի հետ թաղվի, որովհետեւ հնարավոր է նորից բողոք լինի, եւ արտաշիրման հարց բացվի»,- նշեց նա։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Լիլիթ Հունանյանի հետ, քանի որ, ինչպես հայտնի է, տեսչական մարմնի գործառույթների մեջ է մտնում նաեւ դիահերձարաններում ստուգումներ իրականացնելը: «Մենք վերջերս ունեինք դիմում-բողոք` ախտաբանաանատոմիական բաժանմունքի դիահերձարանի վերաբերյալ. հարուցվել է վարչական վարույթ եւ այն ընթացքում է: Կան սանիտարական նորմեր, կանոններ, որոնց նկատմամբ իրականացնում ենք հսկողություն»,- տեղեկացրեց մասնագետը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սեպտեմբերի 8-ին տեղի են ունենալու Արցախի ՏԻՄ ընտրությունները. թեժ են լինելու Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, քանի որ արդեն Արցախում շրջանառվում է տարբեր ուժերի մասնակցությունը այդ ընտրությանը։ Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այլեւս չի առաջադրելու իր թեկնածությունը, իսկ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն` քաղաքապետի ընտրություններին, հնարավոր է, իրենց թեկնածուներն առաջադրեն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ու արտախորհրդարանական ուժերը: Առաջիկա օրերին այլ զարգացումներ կլինեն. հուլիսի 18-ին ավարտվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմի կողմից սկսված ստորագրահավաքը, որից հետո այն կուղարկվի ԿԸՀ, ու մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է որոշում կայացվի հարցը խորհրդարան ուղարկելու վերաբերյալ: Ու թե ինչ որոշում կկայացվի խորհրդարանում, դա բոլորին անհանգստացնում է, քանի որ Արցախի իշխանություններն այդքան էլ հակված չեն, որ համապետական ընտրություններին մասնակցի Սամվել Բաբայանը:
«Ժողովուրդ» օրաթերթին Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք տալու քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, թե որ դատավորի վարույթում գտնվող գործով են փորձել միջամտություն իրականացնել: Մեր տեղեկություններով` խոսքը Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանի մասին է, իսկ նրա հետ մյուս ձերբակալվածը նախկին փաստաբան է։ Արմեն Հարությունյանը Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավարն է, եւ, մեր տեղեկություններով, կաշառք վերցնելը կապված է եղել ոչ թե մեկ քաղաքացիական գործին միջամտելու, այլ երկու քաղաքացիական գործով միջամտություն անելու հետ: Ի դեպ, քաղաքացիական գործերից մեկը, որով ցանկացել են միջամտություն իրականացնել, կապված է եղել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ:
Մեկ տարվա ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պետք է խորհրդին ներկայացնի ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը։ Այդպես է ամրագրված վարչապետի հանձնարարականում, որի կատարման համար երեկ ստեղծվել է նաեւ միջգերատեսչական հանձնախումբ։ Այդ հանձնախումբը պետք է մեկ տարվա ընթացքում մշակի ռազմավարությունը։ Ինչպես հայտնի է, ՀՀ ազգային ռազմավարությունը չի փոխվել 2007 թվականից, սակայն այն պետք է հանդիսանա ամենակարեւոր եւ հիմնարար փաստաթուղթը։ Այդ 12 տարիների ընթացքում աշխարհում եւ տարածաշրջանում բազում իրադարձություններ են տեղի ունեցել, Ապրիլյան պատերազմ, թավշյա հեղափոխություն, սահմանադրական փոփոխություններ, եւ այսօր արդիական են փոփոխությունները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջգերատեսչական խմբում ներառված են լինելու բոլոր գերատեսչությունների ղեկավարները, ներկայացուցիչներ խորհրդարանից, իսկ խումբն էլ կղեկավարի հենց Արմեն Գրիգորյանը։ Իսկ, ահա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնախմբում ներառված չէ։
ԿԱՐԾԻՔՆ ԱՅԼ Է
Նախօրեին հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկը տարածել էր մի փաստաթուղթ, ըստ որի` Վենետիկի հանձնաժողովը դաժանագույնս քննադատել է ՀՀ գործող իշխանությունների իրավապահ համակարգի ներկայացուցիչներին` դատարանների դռները փակելու, վեթթինգի, սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանի ինքնագործունեության եւ այլ վիճահարույց իրավիճակների մասով: Բայց պարզվում է, որ այդ փատաթուղթը իրականում այնքան էլ փաստաթուղթ չէ, այլ Վենետիկի հանձնաժողովում քննարկված մի նիստի արձանագրություն, որտեղ հնչել են կոշտ գնահատականներ: Իսկ ինչ վերաբերում է հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշմանը, ապա այն, պարզվում է, միանգամայն այլ է: Մասնավորապես, հանձնաժողովը բեղմնավոր է գնահատել Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը եւ դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները: «Հայաստանի իշխանությունների հետ արգասաբեր համագործակցության շրջանակում, մասնավորապես դատական բարեփոխումների հետ կապված, 2019թ. հուլիսի 2-ին` ՀՀ արդարադատության նախարարի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպումից հետո, նախարարը հայտարարել է, որ կակնկալի հանձնաժողովի կարծիքը Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի առնչությամբ, որոնք ներկայում նախապատրաստվում են Եվրոպայի խորհրդի հետ կոնսուլտացիաներով, երբ փոփոխությունները պատրաստ կլինեն»,- նշված է Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ:
Պարզվում է` այս ամսվա սկզբին ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է Ստրասբուրգ հուլիսի 1-2-ը, հանդիպումներ ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի եւ ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է նաեւ դատաիրավական ոլորտում կառավարության մոտեցումները, կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաջնահերթությունները, լուծման հնարավոր ուղիները, որոնք հավանության են արժանացել բոլոր գործընկերների կողմից:
Ասել է թե` ամեն ինչ դեռ կորած չէ: Վենետիկի հանձնաժողովը դեռ սպասում է փաստաթղթերի լայն փաթեթին, որը դրվելու է լայն քննարկման եւ ներառում է ոլորտի առավել ընդգրկուն բարեփոխումներ: