ԸՍՏ ԲՀԿ-ԱԿԱՆԻ` ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ Է ԱՊՏԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն առաջին ապտակն ինքն է իրեն հասցրել: Ըստ պատգամավորի` ամենաբաղձալի պաշտոնն անգամ չարժի, որ պաշտոնյան իր հեղինակությունը զոհաբերի:

-Պարո՛ն Պետրոսյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն ամփոփել է իր վեցամյա աշխատանքային գործունեությունը: Ի՞նչ է պատրաստվում անել ԲՀԿ խմբակցությունը, արդյոք պատրաստվո՞ւմ եք հանրությանը ներկայացնել Ձեր ֆրակցիայի կատարած աշխատանքները:
-Մեր խմբակցության աշխատանքների ամփոփման անհրաժեշտություն չկա, որովհետեւ մենք պարբերաբար հանդիպումներ ունեցել ենք, խմբակցությունը միշտ էլ նիստեր հրավիրել է, ու այդ ժամանակ էլ որոշվել է անելիքները, մենք կատարել ենք մեր առջեւ դրված խնդիրները: Այնպես որ, հատուկ ամփոփելու անհրաժեշտություն չկա, առավել եւս, որ խմբակցության անդամների գրեթե կեսը արդեն հանգստի են մեկնել, ՀՀ-ում չեն: Մեր արվածի վերաբերյալ միշտ էլ գնահատականներ տրվել է, անելիքների մասին բարձրաձայնվել է, այնպես որ որեւէ ամփոփում չենք ունենալու: Իսկ արձակուրդի իրավունքը Սահմանադրությամբ ամրագրված է, որեւէ մեկին դրանից օգտվելու համար պետք չէ մեղադրել: Մենք էլ ինչ-որ չափով ներգրավված ենք լինելու խորհրդարանական աշխատանքներին, բայց ոչ այն տեմպով, որը աշխատել ենք ոչ արձակուրդային շրջանում:
-Տեղեկություններ կան, որ արդեն աշնանը ԱԺ խմբակցություններում վերադասավորումներ են լինելու, նշվում է նաեւ` թեժ աշուն է սպասվում այն առումով, որ խորհրդարանում պետք է քննարկվեն մի քանի աղմկահարույց նախագծեր, որոնք վերաբերելու են դատական համակարգի առողջացմանը: Որքանո՞վ են իրատեսական այս տեղեկությունները:
-Խմբակցություններում դժվար թե վերադասավորումներ լինեն, որովհետեւ ես մեր խմբակցության մասին կարող եմ ասել` որեւէ վերադասավորման առիթ, նախադրյալ չկա: Մենք միասնական մեր ղեկավարի գլխավորությամբ շարունակելու ենք մեր գործունեությունը: Իսկ եթե վերադասավորումներ կան մյուս խմբակցություններում, կամ ինչ-որ փոփոխություններ են սպասվում, դրա մասին պետք է իրենք ասեն: Ես կարող եմ խոսել մեր խմբակցության անունից, մենք շարունակելու ենք աշխատել: Եթե կա նման բան, ապա իրենք պետք է ասեն դրա պատճառը, հետեւանքը, արդյունքը եւ այլն:
-Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը քննարկումներ ունեցե՞լ է օրերս հրապարակված Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության շուրջ, որը վերաբերում էր Հայաստանում սպասվող վեթթինգի գործընթացին, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի շուրջ խոսակցություններին, ինչպես նաեւ դատարանները շրջափակելուն: Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չեն համարել Սահմանադրական դատարանի «դատավոր-անդամ» բառախաղը, մտահոգիչ են գնահատվել Վահե Գրիգորյանի հայտարարությունները: Սա ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ-ն, մի՞թե սա ապտակ չէր Վահե Գրիգորյանին:
-Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվել է նախօրեին՝ ցերեկը, որը ոչ թե հրապարակվել է, այլ տարբեր օգտատերեր շրջանառության մեջ են դրել, դրա վերաբերյալ հատուկ քննարկում չենք ունեցել, որովհետեւ մեր պատգամավորների մի զգալի մասը այստեղ չի: Իսկ ինչ վերաբերում է ապտակին, ապա հենց առաջին ապտակը Վահե Գրիգորյանին հասցրել է հենց ինքը: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, ապա սա միանգամայն սպասելի էր, այս ամեն մասին մենք շատ շուտ ենք խոսել, հենց այն պահին, երբ Վահե Գրիգորյանն անցավ ինքնագործունեության, ու ասել ենք, որ ամեն ինչ, այդ թվում նաեւ արդարադատության համակարգը բարեփոխելու նպատակը պետք է իրագործել բացառապես Սահմանադրության շրջանակներում: Ու ցանկացած նպատակ, եթե պետք է դրանց հասնենք օրենքները խախտելով, ապա մենք դա անընդունելի ենք համարում: Ու Վենետիկի հանձնաժողովն ասեց ոչ այլ ինչ, քան մենք ժամանակին հայտարարել էինք, ու Վենետիկի հանձնաժողովն ուղղակի փաստեց, որ պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել, հատկապես եթե հարցը վերաբերում է պետական կարեւորագույն օղակներից մեկի ղեկավարմանը: Վենետիկի հանձնաժողովի գնահատականը մեզ համար լիովին սպասելի էր:
-Նշեցիք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն առաջինը ինքն է իրեն ապտակել, ի՞նչ նկատի ունեիք:
-Իր հայտարարությունը սեփական անձի նկատմամբ ապտակ էր, որովհետեւ եթե մի մարդ դեռ երդում չի տվել ՍԴ դատավորի, մեկ օր դեռ դատավոր չի աշխատել ու փորձում է Սահմանադրությունը խեղաթյուրելով` ինքնահռչակ նախագահ կարգվել, երբ կա Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահ, իսկ, ըստ օրենքի, ինքը պետք է շարունակի իր լիազորությունները մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը: Դա արդեն իսկ ապտակ էր, որովհետեւ անգամ բաղձալի պաշտոնն այնքան չարժի, որ մարդն իր հեղինակությունը զոհաբերի հանուն այդ պաշտոնի:

 

 

 

 

ԼՂՀ-ՈՒՄ ԵՐԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Արցախի Հանրապետությունում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները մեծ աժիոտաժ են առաջացրել ԼՂՀ-ում: Ըստ մեր տեղեկությունների` սեպտեմեբրի 8-ին տեղի են ունենալու Արցախի ՏԻՄ ընտրությունները, իսկ արդեն ապրիլին նախատեսված են խորհրդարանական եւ նախագահի ընտրությունները, որ տեղի կունենան նույն օրը:

Մեր տեղեկություններով` սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններից թեժ կլինեն Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, քանի որ արդեն Արցախում շրջանառվում են տարբեր ուժերի մասնակցություն ընտրություններին, որոնք ունեն իրենց թեկնածուները: Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այլեւս չի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ արգելվում է նաեւ օրենքով:
Ս. Գրիգորյանն արդեն երկու անգամ ընտրվել է Ստեփանակերտի քաղաքապետ ու այդ պաշտոնին է դեռեւս 2011 թվականից: Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն` քաղաքապետի ընտրություններին հնարավոր է իրենց թեկնածուներն առաջադրեն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ու արտախորհրդարանական ուժերը: Արցախի Հանրապետության խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հետ կապված լարվածությունն ավելի է ուժեղանալու, քանի որ այս օրերին Արցախում լուրջ խմորումներ են ընթանում: Բանն այն է, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմի կողմից սկսված ստորագրահավաքը ավարտվելու է հուլիսի 18-ին, որից հետո այն կուղարկվի ԿԸՀ, ու մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է որոշում կայացվի հարցը խորհրդարան ուղարկելու վերաբերյալ: Ու թե ինչ որոշում կկայացվի խորհրդարանում, դա բոլորին անհանգստացնում է, քանի որ Արցախի իշխանություններն այդքան էլ հակված չեն, որ համապետական ընտրություններին մասնակցի Սամվել Բաբայանը: Մեր տեղեկությունների համաձայն` արդեն հստակեցում կա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի` նախագահական ընտրություններին մասնակցելու հարցով. Դ. Բաբայանը նպատակ ունի առաջադրել իր թեկնածությունը: Արցախում լավ են վերաբերվում Դ. Բաբայանին, բայց մեզ հետ մասնավոր զրույցներում ԼՂՀ պաշտոնյաները կարծիք հայտնեցին, որ իրենք անհամբեր սպասում են, որ առաջիկայում ավելի հզոր ու հարգված մարդիկ կհայտարարեն նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց որոշման մասին: Իսկ մինչ այդ ԼՂՀ-ում պատրաստվում են Ստեփանակերտի քաղաքապետ ընտրել:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազգային ժողովի աշխատակազմում առաջիկայում մեծ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, որոնց նպատակը, ըստ հեղինակների, փորձագիտական կարողությունների զարգացումն ու վերահսկողության ամրապնդումն է։ Ըստ այդմ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում բաժինների միավորումից նոր բաժիններ են ստեղծվելու, եւ դրանցից ամենախոշորը լինելու է «Փորձագիտական եւ վերլուծական վարչությունը», որը ստեղծվելու է իրավական եւ տնտեսական փորձագիտական վարչությունների միավորումից։ Վարչությունն իր մեջ ներառելու է մի քանի բաժիններ՝ պետաիրավական փորձաքննության բաժին, ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժին, սոցիալ-կրթական, առողջապահության փորձաքննության բաժին եւ օրենսդրական մոնիթորինգի բաժին։ Ընդ որում, որոշում է կայացվել, որ աշխատակազմը ժամանակ առ ժամանակ պետք է տարբեր օրենքների կիրառման վերաբերյալ փորձաքննություններ անցկացնի եւ խնդիրների դեպքում դրանք ներկայացնի համապատասխան հանձնաժողովներին։ Բացի այդ, մեր տեղեկություններով` խորհրդարանի աշխատակազմը ցանկանում է ամրապնդել քաղաքացի-խորհրդարան կապը, եւ այդ պատճառով Ընդհանուր բաժինը կմիավորվի Քաղաքացիների դիմում բողոքների բաժնի հետ, որոնք կաշխատեն ավտոմատ ռեժիմով։ Աշխատակազմի ղեկավարը կունենա երեք տեղակալ, նրա ենթակայության տակ կլինեն նաեւ բյուջետային գրասենյակը, քարտուղարությունը եւ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը։ Երեք տեղակալների միջեւ էլ բաժանվել են մյուս ոլորտները։

 

 

 

ՕՐԵՆՔՆ ԱՄՓՈՓՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Ուրբաթ օրը՝ հուլիսի 12-ին, կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկում է եղել հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բավականին ակտիվ քննարկում է եղել, մտքեր են փոխանակվել եւ ներկայացվել ինստիտուցիոնալ մոտեցումներ, որոնք կարող են արվել կոռուպցիայի դեմ պայքարում։ Ընդ որում, սա Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստն էր, որի կազմը վարչապետը վերջերս էր հաստատել։ Կազմում ընդգրկված են ինչպես խորհրդարանական իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի անդամներ եւ ներկայացուցիչներ նաեւ քաղաքացիական հասարակությունից։ Ընդ որում, վարչապետը նիստի ժամանակ ընդգծել է, որ հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում եւ տեղի չի ունենում այն ծավալներով եւ արդյունավետությամբ, որը նախատեսված է եղել։ Ընդ որում տեղեկացանք, որ այդ պայքարի շրջանակում մշակված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն վերջնական փուլում է, ստացվել են միջազգային փորձաքննության արդյունքները, որոնք ամփոփման փուլում են, եւ առաջիկայում օրենքի նախագիծը կամփոփվի եւ կներկայացվի հանրային քննարկման:




Լրահոս