ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք տալու առիթով հարուցված քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, թե որ դատավորի վարույթում գտնվող գործով են փորձել միջամտություն իրականացնել, որը խափանել է ԱԱԾ-ն:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել եւ կանխել էր ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերեւույթ կոռուպցիոն բնույթի դեպք: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին տվել է կաշառք գումար: Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել եւ բերման են ենթարկվել: Կաշառքի առարկա գումարը հայտնաբերվել է:
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով. 2 անձ ձերբակալվել է:
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` վերոնշյալ անձանց մասնակցությամբ հնարավոր այլ կոռուպցիոն դեպքերի բացահայտման ուղղությամբ:
ԱԱԾ-ի այս բացահայտումից հետո կարծես թե լռություն է, այդպես էլ պաշտոնապես հայտնի չդարձավ, թե, ի վերջո, ով է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձը, որին գումար են առաջարկել, եւ որ դատավորի վարույթում քննվող գործով են փորձել կլորիկ գումարի դիմաց ցանկալի վճռի հասնել:
Նշենք, որ խոսքը վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանի մասին է, իսկ նրա հետ մյուս ձերբակալվածը նախկին փաստաբան է: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք է տվել:
Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` չնայած Արմեն Հարությունյանը Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավարն է, սակայն նա քաղաքացիական պալատում իրեն հարազատ մարդիկ ունի, եւ, մեզ հասած լուրերի համաձայն, կաշառք վերցնելը կապված է եղել ոչ թե մեկ քաղաքացիական գործին միջամտելու, այլ երկու քաղաքացիական գործով միջամտություն անելու հետ:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` քաղաքացիական գործերից մեկը, որով ցանկացել են միջամտություն իրականացնել, կապված է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ: Ուշագրավն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներից շատերը չգիտեն, թե կոնկրետ որ քաղաքացիական գործերի մասին է խոսքը, քանի որ, ըստ նրանց շրջանում տարածված խոսակցությունների, գրեթե բոլոր գործերով իրենք ներգրավված են լինում, բայց իրենց էլ է անհասկանալի իրավապահների այս բացահայտումը որ գործին է վերաբերում:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե կոնկրետ որ քաղաքացիական գործով են փորձել ելք գտնել. «Ես միայն մեկ բան կարող եմ ասել` որեւէ մեկնաբանություն, որեւէ դիրքորոշում չեմ կարող հայտնել. ինչ վերաբերում է քաղաքացիական գործով հնարավոր միջամտությանը, ապա հայտնեմ, որ դա անհնար է, բացառվում է, իսկ ես նման ինֆորմացիաներ, թե ինչ գործով է, տեղեկություններ չունեմ, դրա համար կրկնում եմ` բացառվում է ցանկացած տեսակի միջամտություն: Եթե որեւէ մեկը ինձ որեւէ տեղ ասի, ես կասեմ պարզապես, որ այդ ասողը լուրջ չէ, մանավանդ կոնկրետ գործերի վերաբերյալ որեւէ բան չեմ կարող ասել: Մեզ մոտ նման բան չի կարող լինել, որ մի հատ էլ փորձեմ հետաքրքրվեմ, թե որ գործով են փորձել, չեն էլ կարող փորձել, եթե ինչ-որ մարդիկ մտամարզանքներով են զբաղվում, դա իրենց խնդիրն է»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԻՐԱՎԻՃԱԿ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային եւ նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում հուլիսի 17-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ, իսկ 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւանում հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմում արտերկրից ժամանող բժիշկների անհրաժեշտ ծախսը կհոգա հրավիրողը` պաշտպանական կողմը: Այս մասին ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: Նա նշել է, որ հանձնաժողովից մեծ ակնկալիքներ չունեն, նախորդի դեպքում ճնշումներ են եղել: «Դառը փորձ ենք ունեցել, երբ փորձաքննությունն իրականացվում է ոչ նորմալ պայմաններում, ոչ պատշաճ անձի կողմից, ճնշումների ներքո: Չգիտեմ` այս անգամ ինչ կերպ կլինի, սակայն փաստը մնում է փաստ, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է»,-ասել է Ա. Մկրտչյանը` չմանրամասնելով կոնկրետ, որ անձանց վրա է ճնշում գործադրվել: Պաշտպանի խոսքով` Մ. Գրիգորյանի նկատմամբ խիստ հսկողություն է սահմանված հիվանդանոցում, անգամ հոգեբանը աշխատանքը կատարում է 3-րդ անձի ներկայությամբ:
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել արդյունագործական, գյուղատնտեսական եւ սոցիալական նպատակներով ձկնորսության, մասնավորապես «Սիգ» ձկնատեսակի օգտագործման ոլորտում: Այդ նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից պահանջվել եւ ստացվել են նշված ձկնատեսակի որսին, չափաքանակներին, ներմուծմանը, արտահանմանն ու արտադրությանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր ու անհրաժեշտ տեղեկատվություն, որոնք ուսումնասիրվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի լույսի ներքո: ՀՀ գլխավոր դատախազությունում առանձնապես խոշոր չափերով ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու, 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ արդյունահանելու, խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
ԱՐԱԳԱՉԱՓ Է ՏԵՂԱԴՐՎԵԼ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հ-8` Երեւան-Արտաշատ-Այգեվան-Մ2 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք: Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019թ. հուլիսի 22-ից:
ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ԲԴԽ-Ի
Դատավորների թեկնածուները շարունակում են դիմել դատարան եւ վիճարկել ԲԴԽ նախկին անդամների որոշումները: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյուզաննա Պողոսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ԲԴԽ-ի: Վերջինս դատարանից պահանջում է, որ 2019թ. մայիսի 23-ի կայացված քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի /բանավոր/ փուլում իր անունը ՀՀ արդարադատության ակադեմիա ուղարկվող քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ներառվի: Նկատենք, որ Սյուզաննա Պողոսյանը միակ դատավորի թեկնածուն չէ, որ նախկին ԲԴԽ անդամների դեմ հայց է ներկայացրել դատարան, իսկ թե ինչ որոշում կկայացնեն դատարանները նախկին ԲԴԽ անդամների որոշումների մասով, դժվար է ասել. սպասենք զարգացումներին:
ՆՈՐ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով օրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին: Վերջինիս դեմ ցուցմունք է տվել ոստիկանության զորքերի ենթասպաներից մեկը, որի անունը նախաքննական մարմինը գաղտնիք է պահում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձը եղել է ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, ով ընդամենը 2 տարի է աշխատել ոստիկանության զորքերում, որից հետո տեղափոխվել է ոստիկանության այլ ստորաբաժանում, իսկ ներկայումս, ըստ լուրերի, համակարգում չի աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթը Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանից հետաքրքրվեց, թե գործով այլ ինչ անձինք են հարցաքննվել, պաշտպանը հայտնեց, որ տեղյակ չէ, ինչպես նաեւ նշեց, որ դա նախաքննական գաղտնիք է: Միաժամանակ նշեց, որ առաջիկայում պատրաստվում է միջնորդություն ներկայացնել Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի, ինչպես հայտնել էր Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված սպան, նախաքննական մարմինը նաեւ այդ օրը դեպքի վայրում գտնվող մյուս սպաներին հարցաքննի, եթե մինչ այս չի հարցաքննել:
ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ
Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են քաղաքացու վրա եւ քարերով հարվածել. դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 եւ 41-ամյա երկու տղամարդու. գետնանցումում հայտնաբերվել է ծալովի դանակ: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: