«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մասով: Մասնավորապես, մեր տեղեկություններով` մինչեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգին վերաբերող հայտարարություն տարածելը իշխանությունները մտադրություն են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել այնպես, ինչպես Բարձրագույն դատական խորհրդի պարագայում, եւ հաշվարկն այն էր, որ Սահմանադրական դատարանի անդամները ԲԴԽ անդամների պես հերթով հրաժարական կտան, կգնան: Սակայն, ինչպես ասում են, իշխանությունների ծրագիրը չհաջողվեց, եւ ՍԴ անդամներն ամենեւին էլ հրաժարական տալու մտադրություն չունեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քանի որ իշխանությունների` ՍԴ անդամների հրաժարականի ծրագիրը չստացվեց, վերջիններս որոշել են այլ ձեւով հարցը լուծել եւ նախաձեռնել նաեւ սահմանադրական փոփոխություններ: Եվ նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարավոր է նաեւ սահմանադրական փոփոխությունների իրականացումը»: Ընդ որում, նա ակնարկել էր, թե դա պետք է արվի ժողովրդի պահանջով: Եվ, ահա, Սահմանադրությունն էլ դա թույլ է տալիս անել, ու անհրաժեշտ է 150 հազար քաղաքացու նախաձեռնություն: Բայց իրավապահ ոլորտում կարծիք կա, որ իրականում հնարավոր փոփոխություններն արվելու են ոչ թե ճգնաժամը հանգուցալուծելու, այլ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար:
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները սպանության մեկ վարկած են քննում այժմ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով` այս տարի Նոր Նորքի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ իր հերթին խառնվելով երկու խմբի բաժանված երխտասարդների կռվին` «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»: Ըստ մեզ հասած լուրերի` իրավապահներն այս օրերին այս վարկածն են քննում, թե ով ինչպես կարող էր պատվիրել Անդիկի սպանությունը: Իսկ թե ինչ կպարզվի քննության ընթացքում, դժվար է ասել: Բայց այս պահին փաստ է մեկ բան, որ երկու շաբաթից ավելի է, ինչ Անդրանիկ Հարությունյանը սպանված է, սակայն նախաքննական մարմինը լռում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վեթթինգի մասին հայտարարությունը, կարծես թե, երկընտրանքի առաջ է կանգրեցրել նրանց, որոնք պնդում էին, թե դատական համակարգը կբուժի միայն վեթթինգը: Այդ կարծիքը պնդող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը հիմա էլ կարծում է, որ վեթթինգ կարող է անել ապագայում ստեղծվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովը: Եվ հետաքրքիր է, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը, որը Պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ է եւ պետք է ամենալավը գլուխ հանի ընդունված օրենքներից, դրանց ձեւակերպումներից, ուշագրավ հայտարարություն արեց` ասելով, թե վեթթինգի նախագիծը ընդունվել է: Ապա իրեն ուղղեց` ասելով, թե նկատի ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: «Դե արդեն օրենքն ընդունել ենք, չեմ հիշում երկրորդ ընթերցում եղել է, թե ոչ, կարծեմ երկրորդ ընթերցմամբ էլ ընդունեցինք արդեն: Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը կանի ամեն ինչ»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին արդեն տեղեկացրել են, որ նա օգոստոսի 1-ից ազատված է աշխատանքից: Ըստ ծանուցման` Խուրշուդյանն աշխատանքից ազատվում է` իր՝ աշխատանքին անհամապատասխանության հիմքով: Ըստ մեր տեղեկությունների` Թորոսյանը Խուրշուդյանի հարցը բարձրացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, որից հետո վարչապետը փաստեր է պահանջել առողջապահության նախարարից: Վերջինիս ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, ներկայացրել է, որից հետո էլ նման որոշում է կայացվել: Հիշեցնենք, որ սա նույն Խուրշուդյանն էր, որին հենց Արսեն Թորոսյանն էր առաջադրել եւ կողմ քվեարկել, ինչի մասին նույնիսկ պաշտոնական արձանագրություններում է նշված: Բայց երբ 2019թ. հունվարից Առողջապահական տեսչությունը առանձնացավ նախարարության կազմից, Թորոսյանը սկսեց Խուրշուդյանից ազատվելու օպերացիան ու, պարզվում է, հաջողեց: Նշենք, որ այս օրերին փորձում ենք կապ հաստատել Խուրշուդյանի հետ, սակայն չի ստացվում:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Նախօրեին մի խումբ իջեւանցիների եռօրյա բողոքի պիկն էր. նրանք փակել էին ավտոճանապարհը եւ պահանջում էին թույլատրել ապօրինի ծառահատումներ անել ու «տուն պահել»: Համաձայնե՛ք, որ ամենեւին իրավաչափ պահանջ չէ գողության լեգալացումը, առավել եւս իրավական չէ նման հիմնավորմամբ փողոց փակելը: Ընդհանրապես, ճանապարհ փակելը նախահեղափոխական Հայաստանում անհրաժեշտություն էր, քանի որ քաղաքացու ձայնը իշխանություններին հասանելի եւ լսելի չէր, դրա համար ընտրվել էր այդպիսի մարտավարություն, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց բողոքի ձայնը տեղ հասցնել ու փոխանցել միմյանց:
Հիմա նոր Հայաստանում լսելի դառնալու խնդիր ամենեւին չկա: Նախ` լրատվամիջոցներն են շատ ակտիվ աշխատում, ինչպես նախկինում, ու իշխանություններն էլ հետեւում են լրատվամիջոցներին, ինչպես նախկինում: Պարզապես տարբերությունն այն է, որ նախկինում այն, ինչ ցանկալի չէր, անտեսվում էր, ինչը անհրաժեշտ էր նկատել, նկատվում էր: Հիմա նկատվում է ամեն ինչ, ու չի կարող մի քաղաքացի դժգոհություն հայտնել, եւ դա հասանելի չդառնա բարձրագույն իշխանությանը: Ու այս պայմաններում իրապես տարակուսելի է, թե ինչու է քաղաքացին ընտրում այդ ծայրահեղ՝ ավտոճանապարհը փակելու քայլը: Իհարկե, դրան հետեւած զարգացումներն ամենեւին ցանկալի եւ օրինակելի չէին, քանի որ ցանկացած բռնություն չի կարող բացատրելի լինել, եւ ուժային կառույցները ուշ թե շուտ պետք է իրենց ուժը ցույց տան: Յուրաքանչյուրը, սակայն, պետք է հասկանա, որ իր հակաիրավական որեւէ արարք արժանանալու է կոշտ հակահարվածի օրինական դաշտում, եւ մարդկանց բերման ենթարկելն ու կալանավորելը ավտոճանապարհի փակման համար միանգամայն տեղավորվում է օրինականության, տրամաբանության անհրաժեշտության տիրույթում: Պարզապես պետք է հետեւել, որ հանկարծ ուժայինների գործողությունները չվերածվեն կլանային ինքնապաշտպանության:
Հիշո՞ւմ եք՝ երեք օր առաջ էլ սեւանցիներն էին փակել ավտոմայրուղին ու կրկին պահանջ էին առաջ քաշում, որը, նախ, իրավազուրկ էր, քանի որ Առողջապահության նախարարության հայտարարությունը չէր վերաբերում ողջ Սեւանա լճի տարածքին, այլ կոնկրետ հատվածների, բացի այդ, չէր կարող եւս մեկ հայտարարություն տուրիստների հոսք ապահովել դեպի Սեւանա լիճ: Կարճ ասած, ավտոճանապարհ փակելու ինստիտուտը չպետք է արժեզրկել, այն պետք է մնա իրապես ծայրահեղ քայլ, որին դիմելուց հետո կոնկրետ լուծումներ կհետեւեն: