ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա մեր քաղաքական որոշման մոդելը չէ. պատգամավորը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` օրերս հանդիպում է տեղի ունեցել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջեւ: Ըստ նույն տեղեկությունների` հանդիպման պատճառը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճանապարհային քարտեզի քննարկումն է եղել: Բանն այն է, որ, ուզած, թե չուզած, իշխանությունները առաջիկայում պետք է անցնեն հստակ քայլերի` հանքի շահագործման հետ կապված, քանի որ արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք իրավական հիմքեր չունեն արգելելու հանքի շահագործումը, ուստի իշխանական օրենսդիր ու գործադիր հատվածը պետք է հստակեցնի իր քայլերը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ, ով, ըստ մեր տեղեկությունների, հանդիպմանը մասնակցած պատգամավորներից է:

-Տիկի՛ն Կարապետյան, ըստ մեր տեղեկությունների` Դուք Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված հանդիպում եք ունեցել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ: Ի՞նչ որոշում եք կայացրել այս հարցի հետ կապված:

-Այս հարցի հետ կապված որոշումը այս ամբողջ ընթացքում նույն է եղել, երկու տարբերակով պետք է պետությունը հանդես գա: Տարբերակ առաջին՝ եթե կազմակերպությունը գտել է հանքի անվտանգ շահագործման մոդել: Ես հասկանում եմ, որ սա շատ շատերի համար ֆանտաստիկայի ժանրից է. կարծում են, որ չի գտել նման մոդել, բայց այնուամենայնիվ, եթե-ով պետք է վերաբերվենք հարցին, եթե գտել է մոդել, ապա այս հանքը այս կառավարության բացվելիք կամ փակվելիք հանքը չէ, պետությունը ընդամենը պետք է իր շարունակականությունը ապահովի, սեփական ստորագրության պատիվը ապահովի, եթե չի կարողանում ապացուցել, որ այդ ստորագրությունը որեւէ կոռուպցիոն գործարքի հետեւանք է եղել: Բայց, այնուամենայնիվ, դրա հետ պետք է համակերպվենք: Եթե գտել է անվտանգ շահագործման մոդել, սա մեր քաղաքական որոշման արդյունքը չէ, մենք ընդամենը պետք է ապահովենք այդ իրավական գործընթացը:

Հիմա եթե չի գտել, միանշանակ կազմակերպությունը սեփական խոստումներից, սեփական նախագծից շեղվի իր չափանիշներին աղտոտման, եւ որքան վաղ հնարավոր լինի սա ֆիքսել, այնքան ամուր կլինեն այն իրավական հիմքերը, որով պետությունը իր ստորագրությունը հետ կկարողանա վերցնել: Այս երկու ճանապարհն է. հիմա իրավական պետության շահից է բխում, որ այս երկու տարբերակն էլ հավասարաչափ դիտարկվեն: Պետք է շեշտել նաեւ, որ թե՛ քննչական աշխատանքներն են շարունակվում, եւ թե՛ տեսչական մարմնի աշխատանքները` հանձնարարականի շնորհիվ, այսինքն` այս երկու գործընթացները շարունակվում են:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս