Դեռեւս հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի եւ հարակից օրենքների փաթեթի վերաբերյալ կարծիքը:
Դատավորների տարիքի շեմ սահմանելու առումով հանձնաժողովը նշել է, որ չի կարող աբստրակտ ձեւով քննադատել իշխանությունների այս առաջարկությունը՝ առանց հաշվի առնելու կրթական համակարգն ու ժողովրդագրական հանգամանքները։ Ինչ վերաբերում է դատավորների նշանակման պայմանների վերաբերյալ ԵԽ ստանդարտին, ապա դրանցում չի նշվում կոնկրետ տարիք, ուստի այս հարցն իշխանությունների ընտրությունն է։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի վերաբերյալ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, փաստորեն դատավորների թոշակի գնալու տարիքի շեմի հետ կապված` Վենետիկի հանձնաժողովը եւս խնդրահարույց է համարում: Արդյոք Դուք համամի՞տ եք, որ այդտեղ իսկապես խնդիր կա:
-Տեսեք, երբ գրվեց Դատական օրենսգիրքը, բոլոր փորձագետները հայտարարում էին, որ սա դատական իշխանության կործանում է, դատական իշխանությանը ենթարկելու տարբերակ է եւ այլն։
Հիմա Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ վաղ կենսաթոշակի ինստիտուտը, չնայած մենք գնահատում ենք նախկինում բացասական, բայց հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության առաջարկը ընդամենը, ըստ էության, առաջարկ է ու ենթադրում է դատավորների համաձայնություն, այսինքն` պարտադիր բնույթ չի կրում, (իսկ նախկինում Վենետիկի հանձնաժողովի կողմից պարտադիր բնույթ կրելու հատվածն է ամենաշատը քննադատվել), ուստի մենք սրա մեջ որեւէ քննադատելի բան չենք տեսնում:
Այսինքն` ընդհակառակը` Վենետիկի հանձնաժողովի կարծիքով` ըստ էության, պարզ դարձավ, եւ առնվազն մեկ արգումենտ ավելացավ պնդելու, որ իրականում այն մարդիկ, ովքեր ներկայանում են որպես փորձագետներ ու այս ոլորտի կարկառուն մասնագետներ ու ասում են, թե այս ինչ աղետ է այս դատական օրենսգիրքը՝ իր փոփոխություններով, պետք է գոնե այս պարագայում լռեն:
Մեր իշխանությունների կողմից մշակված Դատական օրենսգիրքը շատ բարձր գնահատականի է արժանացել. դրան կարելի է ծանոթանալ Վենետիկի հանձնաժողովի ներկայացված որոշումում:
Ու սա վերաբերում է ամբողջ Դատական օրենսգրքին, որտեղ ամբողջ դատական փոփոխությունները որակվում են որպես դրական գործընթաց, բնականաբար կան նկատառումներ: Բոլոր ապոկալիպտիկ հայտարարությունները` Դատական օրենսգրքի վերաբերյալ, հօդս են ցնդում Վենետիկի հանձնաժողովի որոշման հրապարակումից հետո:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ